“Ժողովուրդ” օրաթերթն օրեր առաջ մի խումբ քաղաքացիներից ահազանգ է ստացել Երեւանի պոլիկլինիկաներում կոլխիցին դեղամիջոցի բացակայության կապակցությամբ: Քաղաքացիների տեղեկացմամբ` արդեն մի քանի ամիս է` բժիշկները հիվանդներին առաջարկում են դեղամիջոցը գնել դեղատներից, մինչդեռ պարտավոր էին այն անվճար տրամադրել: Նշենք, որ կոլխիցինն օգտագործվում է պարբերական հիվանդությունը (երեւանյան հիվանդություն) թեթեւացնելու` նոպաների հաճախականությունն ու ուժգնությունը նվազեցնելու համար:
Պարբերական հիվանդությունն (ՊՀ) անբուժելի, ժառանգական հիվանդություն է: Այն դրսեւորվում է պարբերաբար կրկնվող կարճատեւ նոպաներով, որոնք ուղեկցվում են սաստիկ ցավով ու տենդով: Հիվանդությունն ունի արտահայտման չորս ձեւ. որովայնային, կրծքային, հոդային եւ խառը: Այս հիվանդությամբ տառապողների 95%-ի մոտ նոպաները դրսեւորվում են որովայնացավով, որը կարող է ուղեկցվել փորկապությամբ, իսկ նոպայից հետո անցնում է փորլուծության: Հիվանդությունը հաճախ դրսեւորվում է վաղ մանկական հասակում` սկսած կյանքի առաջին տարիներից:
ՊՀ-ն էթնիկական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է, որով հիմնականում հիվանդանում են հայերը, սեֆարդ եւ աշքենազի հրեաները: Հիվանդությունը հանգեցնում է հաշմանդամության եւ աշխատունակության կորստի բավական երիտասարդ տարիքում, հետեւաբար այն նաեւ կարեւոր սոցիալական խնդիր է եւ շարունակում է մնալ հայ բժշկագիտության արդիական եւ հրատապ խնդիրներից մեկը:
ՊՀ-ի ընթացքը թեթեւացնող միջոցներից է կոլխիցինը: Այն կիրառվում է 1972թ.-ից. կասեցնում է նոպաների հաճախականությունն ու ուժգնությունը, ինչպես նաեւ՝ ամիլոիդոզի զարգացումը: Դեղամիջոցը կանոնավոր օգտագործող հիվանդների 65%-ի մոտ դիտվում է կայուն ախտադադար, 20-30%-ի մոտ` նոպաների հաճախականության եւ ծանրության զգալի նվազում, եւ միայն 10%-ի մոտ բուժումն անարդյունավետ է:
Կոլխիցինը 1972թ.-ից մինչ օրս համարվում է ՊՀ նոպաների բուժման եւ ամիլոիդոզի կանխարգելման հիմնական դեղամիջոցը: Եվ ահա այսքան կարեւոր դեղամիջոցը բացակայում է պոլիկլինիկաներում: “Չգիտենք, թե ինչ անենք, էս մեկ ամիս է՝ պոլիկլինիկայից ասում են, որ այդ դեղը դեռ չկա: Ախր այդքան ֆինանսական միջոց չունենք, որ դեղատներից գնենք, իսկ որդիս ամեն օր պետք է օգտագործի: Հարցնում ենք, թե երբ կլինի, հստակ չեն պատասխանում: Չգիտենք, թե ինչ անենք, վատ դրության մեջ ենք հայտնվել”,-դժգոհեց “Ժողովուրդ”-ին դիմած 57-ամյա քաղաքացի Գոհար Կարապետյանը, ում 23-ամյա որդին երկար տարիներ այս հիվանդությամբ է տառապում:
Մեր կողմից արված փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ “Արփիմեդ” դեղագործական ընկերությունը, որը գրանցված է ՀՀ դեղերի ռեգիստրում, նույնպես արտադրում է կոլխիցին: Սակայն թե ինչու այն չի բավականացնում, հայտնի չէ: Երեւանի շատ պոլիկլինիկաներում է այս պատկերը: Օրինակ՝ “Նոր Արաբկիր” պոլիկլինիկայի աշխատակիցը մեզ հետ զրույցում հակիրճ պատասխանեց. “Երկու ամիս է, ինչ կոլխիցին չունենք: Իսկ պատճառների մասին զրուցե՛ք թերապեւտի հետ”:
“Ժողովուրդ”-ը փորձեց ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվել, թե ինչու տեւական ժամանակ տվյալ դեղամիջոցը Երեւանի պոլիկլինիկաներում չկա: “Կոլխիցինը ՀՀ ԱՆ կողմից հատկացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններին` եռամսյակային կտրվածքով: 2013թ. հունվարին ՀՀ ԱՆ առկա է եղել կոլխիցին դեղի պահեստավորված խմբաքանակ դեղի մատակարարման ընդհատումներն ապահովելու նպատակով: Նշված խմբաքանակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է փետրվարի 12-ին: Նույն ժամանակահատվածում բաշխվել է նաեւ մատակարար կազմակերպության կողմից տրամադրված խմբաքանակը”,-պատասխանեցին ԱՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից:
“Այն, որ կոլխիցինը նվազեցնում է նոպաների հաճախականությունը, փաստ է: Հայաստան ներմուծված ֆրանսիական, ամերիկյան կոլխիցին դեղամիջոցն ունի բարձր որակ, բայց գինը թանկ է, հետեւաբար ոչ բոլոր հիվանդները կարող են այն ձեռք բերել: Այդ պատճառով էլ պետությունն իրականացնում է նման հիվանդների կոլխիցինի անվճար ապահովում, բայց հայկական արտադրության: Շատերից եմ լսել, որ հայկական արտադրության դեղը որակյալ չէ, բայց մի մասն էլ պնդում է, որ հումքը ներմուծվում է արտերկրից”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց քաղաքացի 53-ամյա Անուշ Հովհաննիսյանը, որը նույնպես ունի պարբերական հիվանդություն:
Այսպիսով` ստացվում է, որ ինչպես եւ շաքարային դիաբետով տառապողների դեպքում է պետությունը նախապատվությունը տալիս էժան, սակայն ոչ որակյալ ինսուլինին` տնտեսելով ՀՀ քաղաքացիների առողջության հաշվին, այնպես էլ, ըստ երեւույթին, պարբերական հիվանդության դեպքում է քաղաքացիներին ապահովում միայն տեղական արտադրության դեղամիջոցով, այն էլ, փաստորեն, ընդհատումներով: Անցած սեպտեմբերին ,ատկատներիե մասին կառավարության հայտնի նիստում, դեղերի շուկայում տիրող իրավիճակի հետ կապված, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի` Դերոյի հասցեին ուղղված Սերժ Սարգսյանի կշտամբանքը, փաստորեն, որեւէ արդյունք չի ունեցել: Ինչեւէ, առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ 2013-ին ձեռք է բերվել Ռումինիայի արտադրության կոլխիցին:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ “Ժողովուրդ”-ն ապրիլի 8-ին էր հետաքրքրվել կոլխիցինի մասով: Ուշագրավ է, որ ԱՆ-ի կողմից հենց հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին, ուղարկված պատասխանի մեջ նշված է, որ ապրիլի 8-ին բժշկական հաստատություններին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կրկին հատկացվել է կոլխիցինի բավարար խմբաքանակ, որը կբավականացնի եռամսյակային կտրվածքով, մինչեւ մատակարարի կողմից հաջորդ խմբաքանակի մատակարարումը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” թերթի 517 համար