ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ` ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԽԱԲԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը սոցիալական վիճակը բարելավելու կամ քաղաքացիների շահերին վնասող գործընթացը կասեցնելու խոստում է տալիս, անմիջապես կասկածներ են հնչում, որ նա հերթական անգամ որոշել է հանրությանը խաբել ժամանակ շահելու նպատակով: Սերժ Սարգսյանի հայտարարությունների նկատմամբ նման կասկածամտությունն ամենեւին էլ պատահական չէ եւ պայմանավորված է վերջինիս գործունեությամբ: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն իշխանական բուրգի առաջին դեմքը դառնալուց հետո անցած ութ տարիների ընթացքում Հայաստանի բնակչության սոցիալական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնք բոլորն էլ հետագայում սուտ են դուրս եկել: Ուստի, երբ այս տարվա հունիսի երկրորդ կեսին էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի արդյունքում Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը խոստացավ փոխհատուցել թանկացումը, ակնհայտ էր, որ այս մի խոստումը եւս կեղծ է դուրս գալու: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ խաբեցին Հայաստանի հանրությանը: Սակայն այդ փաստն առավել ակնհայտ կդառնա դեկտեմբերի կեսերին, երբ մարդիկ կստանան կոմունալ ծառայությունների եւ մասնավորապես՝ էլէներգիայի վարձավճարների նոյեմբերի հաշիվները: Ինչպես հայտնի է՝ կառավարությունը փոխհատուցելու է մինչեւ 250 ԿՎտ էլէներգիա սպառող բնակչության էլէներգիայի սակագնի բարձրացումը: Եվ ստացվում է, որ նոյեմբերի սկզբից ջերմաստիճանի կտրուկ անկման արդյունքում մարդիկ պետք է սառեն, որպեսզի կառավարության փոխհատուցումից օգտվեն: Մի խոսքով` Սերժ Սարգսյանի սին խոստումների շարանում կարող ենք ավելացնել եւս մեկը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների համար Երեւանի պատասխանատուներին արդեն իսկ ասվել է, որ նրանցից պահանջվում է ապահովել միայն 2013 թվականի նախագահական ընտրությունների «արդյունքները»: Հիշեցնենք, որ Երեւանում Սերժ Սարգսյանի օգտին գրվել էր 208 հազար ձայն, որը ընդհանուրի 46 տոկոսն էր, սակայն մայրաքաղաքի տեղամասերի մեծ մասում իշխանության թեկնածուի «ձայները» կազմել էին քվեների մոտ 20-ից 25 տոկոսը: Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի ձայները իշխանությունները ծրագրում են ապահովել մոտ 500 գյուղերի հաշվին: Դրանք հիմնականում կլինեն այն համայնքները, որտեղ ընդդիմությունը չի կարողացել ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել եւ հաստատ վստահված անձ եւս չի ունենա: Իսկ մեծ քաղաքներում կձգտեն արդյունքներն «անաղմուկ» կեղծել, որպեսզի ավելորդ ուշադրություն չհրավիրեն իրենց վրա:

 

 

 
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր տնօրինոթյունը սկսել է վերանայել ընկերության աշխատավարձային ֆոնդը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ 30 տոկոսով կրճատվել են ընկերության, այսպես կոչված, «թոփ մենեջմենթի» աշխատավարձերը: Տվյալ դեպքում խոսքը ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի մասին է: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե այս ճանապարհով ՀԷՑ-ը կոնկրետ որքան գումար է խնայել, բայց ակնհայտ է, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դրամների, իսկ տարվա կտրվածքով մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը՝ Եվգենի Բիբինը, այդպես էլ չգաղտնազերծեց, թե որքան աշխատավարձ է ստանում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա ամսական աշխատավարձը կազմում էր տասը միլիոն դրամ: Եթե ՀԷՑ-ի նոր տնօրինությունն այսպես շարունակի, ապա մի քանի ամսից կարող է կտրուկ ավելացնել ընկերության եկամտաբերությունը:

 

 

 
ՀՀ ֆինանսների նախարարության՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունը դարձել է պետական միջոցների վատնման «դասագրքային» օրինակ: Միայն հոկտեմբերին այդ կառույցի շինարարության վրա պետբյուջեից ծախսվել է շուրջ 400 մլն դրամ: Օրինակ՝ հոկտեմբերի 19-ին կնքված պայմանագրով կենտրոնի շինարարությունն ընդլայնելու համար բյուջեից ծախսվել է 94 մլն 300 հազար դրամ՝ 1,2 հեկտար մակերեսով հող եւ 900 ք/մ մակերեսով շինություն գնելու համար: Իսկ «Վի ընդ բի սթայլ» ՓԲԸ-ից նախարարությունը գնել է խոհանոցային ապրանքներ՝ 56 մլն դրամով: Այդ պարագաների մեջ են մտնում նաեւ սիգարի ապակյա ամաններ, կոկտեյլի, մարգարիտայի, տեկիլայի բաժակներ եւ այսպես շարունակ: Հոկտեմբերի 21-ին ֆինանսների նախարարության եւ «Սահակյանշին» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով 215 մլն 545 հազար դրամ է հատկացվել նույն կենտրոնում ֆուտբոլի, վոլեյբոլի եւ բասկետբոլի դաշտեր, թենիսի երկու կորտեր կառուցելու, դրանց պարագաները եւ հիմնահատակի նախապատրաստական շերտը ավազից պատրաստելու համար:

 

 

 
ԱՆԳԻՏԵԼԻՔ

Գիտելիքահեն, մարդակենտրոն, ՏՏ ոլորտը տարիներ ի վեր տնտեսության գերակա ճյուղ հռչակած եւ այլ նման թիթիզ ու ամբիցիոզ հայտարարություններ անող հայրենի կառավարությունը, պարզվում է, միջոցներ չունի՝ իր երիտասարդ գիտնականներին հատկացվող չնչին հավելավճարները տալու համար: Պարզվում է` դեռ անցած հոկտեմբերից ոչ լրիվ դրույքով աշխատող գիտնականները կառավարության որոշմամբ զրկվել են գիտությունների թեկնածուների դեպքում 25 հազար, իսկ դոկտորների դեպքում՝ 50 հազար դրամ կազմող հավելավճարներից: Կառավարությունն իր այս քայլը բացատրում է իրական եւ կեղծ գիտնականներին ֆիլտրելու անհրաժեշտությամբ` պնդելով, թե հավելավճարներից զրկված գիտնականներն ունեն այլ եկամտի աղբյուր. քանի որ նրանց մեծ մասը զբաղվում է դասախոսական աշխատանքով:
Այդպես է դա, թե ոչ, ըստ էության, կարեւոր չէ: Խնդիրն այն է, որ խոսքը գիտնականների մասին է, որոնց մի մասը, եթե անգամ նաեւ զուգահեռ դասախոսական գործունեությամբ է զբաղվում, էլի այդ խղճուկ 25 հազար դրամների կարիքն ունի, քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե մեր երկրում որքան քիչ են վճարվում դասախոսները: Թեեւ միգուցե կան բացառություններ, օրինակ` երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, որը, հիշեցնենք, իր հայտնի հարցազրույցներից մեկի ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանում մարդկանց խնդրում են, որ նրանք աշխատեն 150 հազար դրամ աշխատավարձով, բայց նրանք, չգիտես ինչու, չեն համաձայնում եւ արտագաղթում են: Երկրի ղեկավարի կողմից արված նման հայտարարությունն, իհարկե, շատ դառը զավեշտ է, որը, սակայն, եզակի դրսեւորում չէ: Օրինակ` վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ տարեսկզբին հպարտությամբ հայտարարեց, թե կառավարությունը, հավատարիմ գիտելիքահեն հասարակության արժեւորման իր սկզբունքին, որոշել է ավելացնել գիտնականների հավելավճարները` թեկնածուների համար 10, իսկ դոկտորների` 25-հազարական դրամները դարձնելով համապատասխանաբար 25 եւ 50 հազար դրամ: Հիմա պարզվում է՝ կառավարությունում որոշել են, որ անտեղի «շռայլություն» են իրենց թույլ տվել, եւ այդ գումարի մի մասը հետ են ցանկանում ստանալ ոչ ամբողջական դրույքով աշխատող երիտասարդ գիտնականների հաշվից:
Արդյոք Հայաստանում այդքան շատ են գիտնականները, որ պետությունը գնում է այդպիսի քայլերի: Ի վերջո, գիտելիքահեն հասարակության ձգտող պետության համար պետք է որ առանձնապես ծանր բեռ չլիներ այդ 25-հազարական դրամների վճարումը: Այն դեպքում, երբ տարատեսակ անհասկանալի, անիմաստ ծրագրերի համար շռայլվում են միլիարդավոր դրամներ: Եվ, ի վերջո, թող երկրի վարչապետը մի քանի չարտերային չվերթ պակաս անի, նախարարներն ու վարչության պետերն էլ գործուղումների մեկնեն ոչ թե բիզնես, այլ էկոնոմ կլասով:




Լրահոս