ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՍՈՎ Է. ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆ ԻՐԵՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանական համակարգը վաղուց արդեն փակ խմբակ է հիշեցնում, որտեղ նոր մարդկանց մուտքը խստիվ արգելվում է, կամ էլ նորեկների համար այնպիսի նվաստացուցիչ պայմաններ են, որ մարդկային որակներ ունեցող երիտասարդներն իրենք են խուսափում իշխանությունների հետ գործ ունենալուց:

Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եկող տարվա փետրվարից զբաղեցնելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կոլեգիայի նախագահի պաշտոնը: Իսկ դրանից մոտ տասը օր անց էլ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն առաջիկայում զբաղեցնելու է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը: Այս լուրը Վաղարշակ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի հերքել:
Այսինքն՝ երկու կարեւոր պաշտոններում, որոնք ռոտացիայի սկզբունքով պետք է անցնեն Հայաստանին, նախկին պաշտոնյաներ են նշանակվելու: Խնդիրն այն չէ, որ Տիգրան Սարգսյանը կամ Վաղարշակ Հարությունյանը մասնագիտական առումով վատ պաշտոնյաներ են եղել, պարզապես ստեղծված իրավիճակում համոզվում ենք՝ իշխանությունների կադրային բազան դատարկ է:
Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելն արդեն իսկ աբսուրդ էր: Սովորաբար անձը պետական պաշտոնի նշանակվելիս պետք է պետական կառավարման համակարգով վեր բարձրանալու հնարավորություն ունենա: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը Հայաստանի կառավարման համակարգում առանցքային երեք պաշտոններից մեկն է: Եւ եթե նախկին վարչապետը ԱԺ նախագահ կամ հանրապետության նախագահ դառնար, միանգամայն իրավաչափ կլիներ: Բայց նախկին վարչապետին դիվանագիտական պաշտոնի նշանակելն արդեն ինչ-որ տեղ նաեւ վարչապետի ինստիտուտը ծաղրելու էր նմանվում:
Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի քարոզիչները պնդում են, որ նոր, երիտասարդ կադրերին երեւան բերելու, գործունեություն ծավալելու հնարավորություն տալու ժամանակն է, սակայն այդպես էլ չի հաջողվում քարոզչությունն իրականություն դարձնել: Ինչպես հայտնի է` արդեն մեկուկես տարի Սերժ Սարգսյանը չի կարողանում անվտանգության խորհրդի քարտուղար նշանակել: Մարդ չկա: Նույնիսկ իշխանական ջահելներն են վաղուց արդեն ծերացել: Օրինակ՝ Անդրանիկ Մարգարյանի կադրերից Կարեն Ավագյանն արդեն 41 տարեկան է, բայց միեւնույն է՝ ՀՀԿ-ի երիտթեւի ղեկավարն է: Այսինքն՝ հավերժ «ջահելի» կարգավիճակում:
Իհարկե, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը փորձեց մի քանի «ջահելներով» համալրել խորհրդարանը` որպես նոր շունչ, բայց դա էլ չստացվեց: Նրա բերած կադրերից նախկին ՕԵԿ-ական, Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, ՄԻԱԿ-ի նախկին քարտուղար Սամվել Ֆարմանյանը դարձավ ՀՀԿ-ական ու այնքան է վարկաբեկվել, որ դժվար է ասել՝ լա՞վ էր, որ նա մտավ ԱԺ, թե՞ խայտառակություն էր: Բացառապես հրահանգավորված գործունեություն է նա ծավալում` թիրախ ընտրելով նրանց, ովքեր այդ պահին դուր չեն գալիս իր «տերերին»:
Անհաջող կադր ստացվեց նաեւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայր, չստացված քաղաքական շոումեն Լեւոն Մարտիրոսյանը, որը վերջերս հայտարարեց, թե «…չեմ ժխտում, որ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կհանձնվեն Ադրբեջանին»: Իհարկե, զարմանալի չէ, որ Լեւոն Մարտիրոսյանը հանգիստ է խոսել ազատագրված տարածքների վերադարձի մասին` դրանք որակելով որպես «հանձնում», քանի որ օսլայած մազերով երիտասարդների համար հայրենիք չկա. նրանց համար գլխավորը տերերի հրահանգն է ,ու ամենեւին էլ կարեւոր չէ` տերը հայ է, թե օտարազգի: Լեւոն Մարտիրոսյանն ու նրա տեսակը երբեւէ չեն կարողանա գիտակցել ու արժեվորել այն, ինչ այսօր մենք ունենք` ազատագրված հայրենիք եւ դրա համար թափված արյունն ու զոհված հայորդիներին:
Չստացվեց նաեւ Նաիրա Կարապետյանի քաղաքական գործունեությունը. նա եւս հանդես է գալիս բացառապես կատարողի դերում` գրեթե որեւէ հարցում չցուցաբերելով նախաձեռնություն: Դե, իսկ վերջին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված խայտառակ հակահայկական զեկույցը հենց նույն Նաիրա Կարապետյանի ձախողումն էր: Ինչպես հայտնի է` նա եւ Հերմինե Նաղդալյանը պետք է կարողանային աշխատել ԵԽԽՎ-ում ու տապալեին զեկույցի ընդունումը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մուտքը նախարարություն եւս սարսափելի աղմուկով եղավ. նա հարվածներ ստացավ «գոտկատեղից ներքեւ», ու դժվար է ասել, թե ինչ արդյունքներ կկարողանա արձանագրել: Համենայնդեպս, առայժմ հաջողությունների մասին խոսելն անիմաստ է: Իսկ ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին, Հովհաննես Սահակյանին ու Էդուարդ Շարմազանովին, նրանք երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կադրերն են, եւ նրանց դժվար է այսօրվա պրոեկտ համարել:
Այսպիսով՝ իշխանության կողմից «սարքովի» կադրերն այնքան էլ պիտանի չեն: Բայց մյուս կողմից էլ, երբ խնդրին հակառակ տեսանկյունից ենք մոտենում, թե երիտասարդ կադրերն ինչու չեն ձգտում պետական կառավարման համակարգում կարիերա անել, ստանում ենք նույն պատասխանը՝ որ իշխանական համակարգում առանջընթացի սկզբունքներն ամենեւին էլ կադրերի մասնագիտական որակների հետ կապ չունեն: Այսինքն` մասնագետ լինելը դեռ չի նշանակում առաջընթացի երաշխիք: Իշխանական համակարգում «առաջ գնալու» համար տվյալ անձը պետք է կարողանա ընտրությունների ժամանակ «ձայներ ապահովել»: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ընտրողներին համոզելու, այլ պարզապես «ձայն բերելու» մասին է: Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգի առանցքային անդամներից յուրաքանչյուրը պետք է ընտրակեղծարարության սեփական համակարգն ունենա:
Մյուս կողմից իշխանական համակարգում կան, այսպես կոչված, սեւագործ պաշտոնյաներ: Մարդիկ, որոնք համակարգում առանձնապես կարեւորություն չունեն, բայց նրանց պահում են, որովհետեւ անհրաժեշտ են հատկապես արտաքին աշխարհի հետ շփումների համար: Նրանք կարող են տարբեր պաշտոնների նշանակվել, նույնիսկ վարչապետ դառնալ, բայց միեւնույն է՝ դրանից նրանց դիրքը կառավարման համակարգում չի փոխվում՝ նրանք հավերժ ենթականեր են մնում:
Հենց վերը բերված հանգամանքն է պատճառը, որ մարդկային որակներ ունեցող երիտասարդ մասնագետները միայն այլ աշխատանք չգտնելու դեպքում են պետական համակարգում գործի ընդունվում` հիմնականում ձգտելով գործ ունենալ մասնավոր ընկերություններում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե նա ինչպես է մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Ս. Մարգարյանն ասաց, թե ինչ հայտարարել է, դա մնում է ուժի մեջ: Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք մասնակցելու է ոչ-ի քարոզչությանը, քանի որ իրենք դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, ԲՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց.«Ես ավելացնելու որեւէ բան չունեմ, մեր ասածն ուժի մեջ է»,- այդպես էլ, փաստորեն, չպարզաբանելով, թե ինչն է ուժի մեջ: Ինքը՝ Ստեփան Մարգարյանը, այդպես էլ չմասնակցեց խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը: Ըստ տարածված տեղեկությունների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Էլինար Վարդանյանը կիսում են Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը, որն, ինչպես հայտնի է, «դեմ» է սահմանադրական փոփոխություններին: Սակայն մինչ օրս անհայտ է մնում, թե նշված պատգամավորներն ինչպես են իրենց ոչ-ը քարոզելու:

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԿԱՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԺԱՄ-ն առաջիկայում պատրաստվում է համագումար հրավիրել: Իշխանական համակարգի արբանյակ-մարդ կուսակցության համարում ունեցող այս ուժը վաղուց իր մասին հիշեցնել չէր տվել: Այժմ, սակայն, համագումար հրավիրելուց բացի՝ ՀԺԱՄ-ը պատրաստվում է հայտարարել ակտիվ քաղաքականություն «վերադառնալու» մասին: Մեր տեղեկություններով՝ համագումարի ժամանակ կուսակցության նոր առաջնորդ են ընտրելու, որի հավանական թեկնածուն Արթուր Լեւոնյանն է: Հիշեցնենք, որ այս կուսակցության հիմնադիրը ՀՀ վերահսկիչ պալատի անդամ Սեյրան Ավագյանն է: 2009-ից մինչեւ 2011 թվականը այս կուսակցության նախագահը եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի «հովանավորյալ» Վահրամ Մկրտչյանը: Իսկ ներկայումս կուսակցության կնիքը կրկին գտնվում է Սեյրան Ավագյանի մոտ, որը ՀԺԱՄ նախագահի պաշտոնը վերադարձրել է իրեն:

 

ՓՈՂ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ՏՈՒՆ Է ԳՆԵԼ
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը նախորդ տարվա ընթացքում շուրջ 37 մլն դրամով գնել է անհատական բնակելի տուն: Սա այն դեպքում, երբ դատավորի դրամական միջոցները 2014 թվականի սկզբին եղել են 200 հազար դրամ, իսկ տարեվերջին դարձել 400 հազար դրամ: Նշենք, որ սույն դատավորի ամսական աշխատավարձը մոտ 400 հազար դրամ է: Դատավորի ամուսինը՝ Գեւորգ Գրիգորյանը, ավելի «համեստ» ունեցվածքի տեր է, նա դրամական միջոցներ չի ունեցել, իսկ տարեկան եկամուտը կազմել է 168 հազար դրամ:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՆՁԱՄԲ ԵՆ ՑԱՎԱԿՑԵԼ
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Երեկ Ֆրանսիայի դեսպանատուն է այցելել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ գրառում կատարել սգո մատյանում:

 

ԲԱՆԱՁԵՎ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
Եվրոպայի «Կանաչների կուսակցությունը» նոյեմբերի 15-ին Լիոնում կայացած 23-րդ համաժողովին ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, համաձայն որի` Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի հանդեպ: Բանաձեւը կոչ է անում Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ աշխատել Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ հաշտեցում հաստատելու ուղղությամբ: Նշենք, որ Եվրոպայի «Կանաչների կուսակցությունը» համաեվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է շուրջ 45 «Կանաչների կուսակցություն» Եվրոպայում եւ ներկայացված է արեւելյան Եվրոպայի գործընկերության երկրներում:

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ
Նոյեմբերի 14-ին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle) հեռուստառադիոընկերությանը, որի ընթացքում իր տեսակետներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլի, սահմանադրական փոփոխությունների եւ այլ թեմաների վերաբերյալ:




Լրահոս