ՍԱՄԲԻՍՏ ԿԱՐԵՆԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՎՈՍԻԿԻ ԿԱՊԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 12-ին գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի հետ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված, իսկ ավելի ուշ կալանավորված Կարեն Բագրատունյանը՝ Սամբիստ Կարենը, դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Սամբիստ Կարենը քրեական հեղինակություն Թեւոսիկի հետ միասին հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Պարզվում է, որ նա առաջին անգամ չէ` «ճաշակում է» անազատությունը: Այն, որ հունիսի 19-ին Կարեն Բագրատունյանը՝ նույն Սամբիստ Կարենը, պատահական չէր հայտնվել քրեական հեղինակություն Թեւոսիկի հետ նույն մեքենայի մեջ, անհերքելի է: Պարզվում է՝ վերջիններս վաղուցվա ծանոթներ են եւ տարիներ առաջ իրար հետ հանցավոր գործարքի են գնացել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2008 թվականին Թեւոս Սաֆարյանը եւ Կարեն Բագրատունյանը մարդու առեւանգման գործով հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Տեղեկացանք, որ Սամբիստ Կարենը Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի հրահանգով մայրաքաղաքում հայտնի սուպերմարկերտներից մեկից պետք է առեւանգվեր Ռուբեն Ղազարյանին եւ տեղափոխեր Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող սրճարան: Խնդիրը կապված է եղել խանութի գանձապահներ ոմն Արմինե Սուքիասյանին եւ Գայանե Սարգսյանին ապօրինի ազատությունից զրկելու եւ նրանց կողմից խանութից հափշտակված գումարների վերադարձման հետ կապված հարցերը պարզաբանելու հետ:
Սամբիստ Կարենը իրականացնելով իր հանցավոր մտադրությունը` 2008թ. ապրիլի 22-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող խանութի բակից ատրճանակի բռնակով հարվածելով՝ առեւանգել է Ռուբեն Ղազարյանին եւ նստեցնելով «Համմեր» մակնիշի սեւ գույնի 99UL555 պետհամարանիշի ավտոմեքենան՝ տեղափոխել է Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող բացօթյա սրճարան, որտեղ իրեն է սպասել Թեւոսիկը: Նշված վայրում Կարեն Բագրատունյանը, Թեւոս Սաֆարյանը եւ քննությամբ չպարզված այլ անձինք Ռուբեն Ղազարյանին ծեծել են: Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել:
Վերջիններս Ռուբեն Ղազարյանին մինչեւ ժամը 22.00-ի սահմանները պահել են նշված սրճարանի զուգարանում, ապա Կարեն Բագրատունյանի հանձնարարությամբ քննությամբ չպարզված անձինք «Նիվա» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայով Ռուբեն Ղազարյանին տեղափոխել են Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամաս եւ հաջորդ օրը միայն նոր բաց թողել:
Նկատենք, որ այս պատմությունից հետո Թեւոս Սաֆարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Սամբիստ Կարենը դատապարտվել էր 4 տարվա ազատարզրկման: Այսինքն` քրեական հեղինակությունը «թռել» էր, իսկ ընկերը` հայտնվել ճաղերի հետեւում: Դատելով անցյալ իրավիճակից՝ հերթական անգամ քրեական հեղինակությունը դարձյալ իր վաղեմի հանցակցին «կրակն է քցել ու թռել»: Մինչ Սամբիստ Կարենը ապօրինի զենքի համար այս օրերին իր պատիժն է կրում, Թեւոս Սաֆարյանը հանրապետությունում չէ: Ու թերեւս պատասխանատվությունից խուսափելու համար գտնվում է Մոսկվա քաղաքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
«Ժողովուրդ»-ը սեպտեմբերին անդրադարձել էր Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում բուժում ստացած Ռոլանդ Զոհրաբյանի մահվան դեպքին: Գրել էինք, որ խմբագրություն ահազանգած Երեւան քաղաքի բնակիչ Մերի Զոհրաբյանը պատմել էր, թե ինչպես իր հայրիկին, 15 օր պահելով հիվանդանոցում, բժիշկները դուրս են գրել` հայտնելով, թե վիճակը նորմալ է: Սակայն մի քանի օր անց նրա հայրը առաջին համալսարանական հիվանդանոցում մահացել էր:
Մահացածի դուստրը հայտնել է, որ բարձրաձայնելով իր հոր հետ տեղի ունեցած դժբախտությունը՝ ունի մեկ նպատակ, որ մարդիկ իմանան՝ հիվանդանոցում հայտնվելուց բժիշկներից պետք է զգուշանան.«Հայրս մի քանի օր ջերմություն ուներ, մտածեցինք, որ ինչ-որ վիրուս է, բայց տեսնելով, որ վիճակը գնալով ավելի վատանում է, տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կոնտրոն: Ցերեկը բավականին ուշացումով հայրիկիս մոտ եկավ թերապիայի բաժնի վարիչ Կարինե Վլադիմիրովնան, ու շատ լավ հիշում եմ. եկավ, ստուգեց հայրիկիս, իսկ հետո ասեց, թե իր մոտ միգուցե սկսվում է ստեպսիս հիվանդություն, անտիբիոտիկները հուպ տանք: Շուրջ 13 օր փորձում էին պատճառը պարզել, թե ինչու է հայրս ջերմում, ու այդպես էլ այդ 13 օրվա մեջ չկարողացան պարզել, թե ինչ խնդիր կա այդ մարդու մոտ: Ահա, այսպես չիմանալով, թե հորս մոտ ինչ հիվանդություն է, ինչից է բարձրանում նրա ջերմությունը, նրան հիվանդանոցից դուրս գրեցին: Հայրիկիս բուժող բժիշկ Արմինե Միխայելովնան աշխարհի չափ դեղեր նշանակեց հայրիկիս ու ասեց՝ միգուցե մուտացիայի ենթարկված վիրուս է մոտը, դիմադրողականությունն ընկել է, չի կարողանում պայքարել»: Ինչեւէ, Մերիի հայրը տանը ավելի է վատանում, որից հետո նրան տեղափոխում են առաջին համալսարանական հիվանդանոց, որտեղ սեպտեմբերի 19-ին Ռոլանդ Զոհրաբյանը մահանում է:
Դեպքից 3 ամիս անց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացածի դուստր Մերի Զոհրաբյանը հայտնեց, թե իրենք տեղեկացել են, որ հիվանդանոցի տնօրինությունը որոշ բժիշկների նկատողություններ է հայտարարել է. «Ավելին՝ Ձեզ ասեմ, որ մեզ անգամ հիվանդանոցի տնօրենն առաջարկել էր հանդիպել եւ վերադարձնել այն գումարները, որոնք մենք շուրջ 10 օր վճարել էինք՝ հայրիկիս բուժելու համար, սակայն մենք հրաժարվել ենք ու անգամ հրաժարվեցինք հանդիպել հիվանդանոցի տնօրինության հետ, քանի որ սիրտ չունեիք: Մեր նպատակը մեկն է, որ մարդիկ բժշկի գնալուց առաջ իմանան, թե ուր են գնում եւ ում են վստահում իրենց կյանքը»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

130 ԱՆԳԱՄ
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ՀԱՆ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

 

ՎԻՃԱԿԸ ԼԱՎ Է
Այս տարվա սեպտեմբերի 25-ին ադրբեջանցիների կողմից իրականացված հրետակոծության պատճառով վիրավորված 16 զինծառայողից այժմ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ստացիոնար բուժվում են ընդամենը 3 զինծառայող: Իսկ մյուսներն արդեն ապաքինվել եւ դուրս են գրվել: Տեղեկացնենք, որ նշված երեք զինծառայողների վիճակը լավ է, շարունակում են բուժում ստանալ, եւ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ դեպքից հետո առավել ծանր բեկորային վնասվածքներ ստացած Արկադի Բաղդասարովի եւ Վանիկ Մարտիրոսյանի վիճակը գնահատվում էր միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Նույն այդ հրետակոծության հետեւանքով 4 զինծառայող սպանվել էր:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Երեկ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի «Զովք» սուպերմարկետի մոտակայքում գտնվող շենքերից մեկի բնակիչ Լ. Ա.-ն, սպառնում է ինքնասպան լինել: Տեղեկություն է ստացվել այն մասին, որ Լ. Ա.-ն բնակվում է Ազատության պողոտայի թիվ 12/2 շենքի 46-րդ բնակարանում: Հրշեջ-փրկարարներն ազգականի տրամադրած բանալիով բացել են բնակարանի դուռը. պատշգամբի ներկառուցված պահարանի երկաթյա կառուցատարրից կախված հայտնաբերվել է 1986թ. ծնված Լ. Ա.-ի դին: Տեղեկություններ կան, որ Լ. Ա-ն Facebook սոցիալական ցանցի միջոցով իր ընկերոջը տեղեկացրել է, որ ինքն ինքնասպան է լինելու: Իրավապահները ճշտում են դեպքի մանրամասները:

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանին սպանել էին 2014թ հունվարի 27-ին:
Դատարանում հարցաքննվեցին մի քանի վկաներ, որից հետո հայտարարությամբ հանդես եկավ Իսրայել Սարգսյանը՝ ասելով, որ արդեն 9 ամիս քննվող գործի շրջանակներում 87 վկաներից գոնե կեսը չեն հարցաքննվել: Նրա խոսքով՝ քննության արհեստական ձգձգումը ինչ-որ մեկի պատվերն է: «Ես կբացեմ փակագծերը: 9 ամիս է՝ դատաքննություն է ընթանում: Բոլոր վկաներն այս կարգի են՝ ոչինչ չեն լսել, ոչինչ չեն տեսել: Նպատակը միտումնավոր դատական պրոցեսը երկարաձգելն է: Ունենք վկաներ, որոնք գործի համար էական նշանակություն կարող են ունենալ, բայց նրանք չկան, չեն երեւում: Էդգար Միքայելյանը իմ հարազատն էր, մտերիմը, ՊՆ գնդապետ: Նրան գտնում են իր տան բակում՝ ծիրանի ծառից կախված: Ինքն էդ մարդը չէր, որ կախվեր, որեւէ խնդիր չուներ: Նրան ԱԱԾ-ն ձերբակալեց, տարավ «Խթը-ի պադվալ»: Ասել են՝ Իսոն քեզ զանգել, հարցրել է, եթե մեր գյուղի կալոդեցը մարդ գցեն, ինչ կլինի: Այո՛, ես զանգել եմ, ասել եմ: Քննիչը ճնշում է գործադրել, ասել է, որ այդ նույն բառերը Էդգարը ցուցմունքում գրի: Հիմա ես ի՞նչ իմանամ, որ մյուս կարեւոր վկաներն էլ չեն անհետանա: Դատախազին բողոք էր գրել, որ իր նկատմամբ ճնշում է գործադրվում, բայց ընթացք չի տրվել»,- հայտարարեց ամբաստանյալը: Նշենք, որ Իսրայել Սարգսյանի մատնանշած զինվորականը «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն 38-ամյա Էդգար Միքայելյանն էր, որի դին այս տարվա սեպտեմբերի 24-ին հայտնաբերել էին Քանաքեռավանում գտնվող նրա տան բակում՝ ծառից կախված:
Հիշեցնենք, որ սպանված Արթուր Սաֆարյանը քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի հարազատ եղբայրն էր:




Լրահոս