Երեկ Ազգային ժողովում մեկնարկած հերթական քառօրյա նստաշրջանում սկսվեց կառավարության ներկայացրած 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Թեեւ սովորաբար պետական բյուջեի նախագիծը խորհրդարանին է ներկայացնում ՀՀ վարչապետը, սակայն այս անգամ Հովիկ Աբրահամյանը այդ ծանր բեռը դրել էր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի վրա: Ըստ ամենայնի` վարչապետը չէր ցանկացել անձամբ ներկայանալ խորհրդարան` խուսափելու համար այս աղքատիկ բյուջեի նախագծի վերաբերյալ անցանկալի հարցերից: Իհարկե, կարելի է հասկանալ Հովիկ Աբրահամյանին, ով իր նշանակումից հետո «ոսկե սարեր» էր խոստանում` փորձելով շեշտակիորեն տարբերվել իր նախորդի` Տիգրան Սարգսյանի տնտեսական ձախողումներից, սակայն, ինչպես տեսնում ենք, դա նրան ոչ միայն չհաջողվեց, այլեւ ներկայումս պատկերն անգամ ավելի վատն է:
Իհարկե, ենթադրելի է, որ Աբրահամյանը, այնուամենայնիվ, բյուջեի ներկայացումից հետո հանդես կգա եզրափակիչ ելույթով, որի ընթացքում, սակայն, անցանկալի հարցեր այլեւս չեն տրվի:
Երեկվա նիստի սկզբում բոլոր պատգամավորները պարտաճանաչ ներկա էին դահլիճում եւ տպավորություն էր, թե բոլորին հուզում էր քննարկվելիք հարցը: Սակայն ավելի ուշ շատ քիչ թվով պատգամավորներ մնացին դահլիճում, որոնց մի մասն էլ անվերջ ներսուդուրս էր անում: Նույն պատկերն էր նաեւ կառավարության անդամների մոտ:
Հիմնական զեկույցով հանդես եկած ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցեր ուղղեցին մի շարք պատգամավորներ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դիմելով ֆինանսների նախարարին, հայտարարեց, որ մեր երկիրը չի զարգանում, ու դրա մեղավորը ոչ թե աշխարհն է, այլ մենք. «2008թ. Սերժ Սարգսյանը, դառնալով ՀՀ նախագահ, խոստացավ յոթ-ութ տոկոս տնտեսական աճ: Եթե վերցնենք 2008-ից 2016 թվականները, ինը տարի է անում, այս ինը տարում այն պետք է կազմեր 83.4 տոկոս, սակայն հիմա ունենք ընդամենը 15.4 տոկոս: Սա նրա աշխատանքի, կառավարության աշխատանքի, հանրապետական մեծամասնության աշխատանքի գնահատականն է: Սա կատաստրոֆա է, սա աղետ է: Մեր երկիրն առաջ չի գնում: Իսկ պետական բյուջեն ինը տարում վեց տոկոսով է աճել: Դա նշանակում է՝ մեր երկիրը պետք է զիջենք ավելի մրցունակ երկրի, աշխարհի փորձն է այդպես: Մենք չենք աշխատում, սկսած ինձնից, լճացել ենք: Ի՞նչ ճար եք տեսնում: Չեմ գտնում, որ արժե նման ցածր տնտեսական ցուցանիշներ ունեցող բյուջեն անգամ քննարկել»,-հայտարարեց պատգամավորը:
Ի պատասխան Բագրատյանի` Գագիկ Խաչատրյանն ասաց. «Առաջին շահագրգիռ կողմը նախարարությունն է, որ ունենանք տնտեսական աճ: Կառավարությունը պետք է շատ լուրջ տնտեսական գործունեություն վարի ՀՆԱ-ի աճի համար, իսկ գործարար միջավայրի աշխուժացման համար լուրջ քայլեր ենք անում: Մեր տարածաշրջանային երկրներից որեւէ մեկը տնտեսական աճի կոնկրետ սցենար չունի»:
Հրանտ Բագրատյանը համաձայնեց Գագիկ Խաչատրյանի այն տեսակետի հետ, թե համաշխարհային տնտեսությունը վատ վիճակում է: «Ես չգիտեմ՝ ինչ պետք է անել ՀՀ տնտեսության համար, սակայն գիտեմ՝ ինչ չպետք է անել, գոնե դա երեւում է: Եկող տարի շատ ավելի վատ ու բարդ ենք ապրելու քաղաքական ու տնտեսական առումներով. իրավիճակն ավելի անկանխատեսելի է լինելու»,-հավելեց նա:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ մեր բյուջեի եկամուտները 2014-2015 թվականների համեմատությամբ նվազել են մոտավորապես 8 միլիարդ դրամով, մինչդեռ կառավարության ծառայողական մեքենաների թիվը գնալով ավելանում է. «Մասնավորապես նախորդ տարվա համեմատ ծառայողական մեքենաների թիվը ավելանում է 83-ով՝ դառնալով 1072, մինչդեռ Դանիայում 23 ծառայողական մեքենա է նախատեսված, երբ նրա բյուջեն կազմում է 335 միլիարդ դոլար»:
Այս դիտարկմանը Գ. Խաչատրյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Եթե մենք համեմատվում ենք Դանիայի հետ, ուրեմն պետք է համեմատվենք բոլոր պարամետրերով, այնտեղ ուրիշ տրանսպորտային միջոցներ են, այնտեղ պետական պաշտոնյաներն ուրիշ իրողության մեջ են»: Նախարարը համաձայնեց, որ պետք է դիմել բոլոր տեսակի խնայողությունների, եւ որքան քիչ լինեն պետական ապարատի ու պաշտոնյաների վրա ծախսերը, այնքան դրական ցուցանիշներ կլինեն:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադարձավ աշխատավարձերին ու թոշակներին, որոնք 2016 թվականին չեն բարձրացվելու. «Փոխարենը, կա գնաճ: Չե՞ք կարծում, որ դա բերելու է սոցիալական լարվածության»,-հարցրեց Զոհրաբյանը: «Ձեր անհանգստությունը, տիկի՛ն Զոհրաբյան, ճիշտ է ստեղծված իրավիճակում: Մեր բյուջեն պահպանողական է այն իմաստով, որ սոցիալական ծրագրերը կարողանանք պահպանել: Սակայն դա նշանակում է՝ մի ծրագրից պետք է կտրենք ու ինդեքսավորենք, քանի որ, ցավոք, այդ միջոցները չունենք: Եթե համապատասխան միջոցներ ունենանք, անպայման կանդրադառնանք այդ խնդրին»,- պատասխանեց Գագիկ Խաչատրյանը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է
Նոյեմբերի 15-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Մակեյանը եւ ուրիշներ Իջեւանի Շատրվանների հրապարակում հանդիպում են ունեցել` ժողովրդին կոչ անելով միանալ իրենց «ՈՉ»-ին եւ մասնակցել դեկտեմբերի 1-ի հանրահավաքին: Հանդիպման եկած իջեւանցիները, սակայն, շատ քիչ են եղել: «Նոր Հայաստանի» անդամները Իջեւանում երթ են կազմակերպել, ապա ուղեւորվել Դիլիջան: Նոյեմբերի 11-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Սահմանադրության նախագծի դեմ քարոզչություն է կատարել Իջեւանի շուկայում: Նրա ունկնդիրները եւս սակավաթիվ էին:
ՀԱՄԱՆԵՐՈՒՄՈՎ ԱԶԱՏՎԵՑԻՆ
Երեւանի բնակիչ, 1965թ. ծնված Արմեն Այդինյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը եւ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որը էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ անձնական դրդումներով պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական կեղծիքը»): Երեւանի բնակիչ, 1969թ. ծնված Արթուր Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. նոյեմբերից մինչեւ 2013թ. մայիսը, զբաղեցնելով ոստիկանության Իջեւանի բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որը էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ Հովհաննես Ղալթախչյանի, Արամ Աթաբեկյանի, Համբարձում Սաքանյանի իրավունքներին եւ օրինական շահերին: Ա. Եգանյանը եւ Ա. Այդինյանը գտնվում էին կալանքի տակ: Նոյեմբերի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ-ի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման հիմքով Ա. Եգանյանի մասով քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել: Դատավոր Մելքոնյանը նոյեմբերի 4-ին վճռել է Ա. Այդինյանին դատապարտել 3 տարի ազատազրկման՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Սակայն համաներման վերոհիշյալ որոշման հենքով դատավորը վճռել է Ա. Այդինյանին ազատել նշանակված պատժից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ