«ԼԱՍՎԵԳԱՍՅԱՆ ՇՈՈՒՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանն այն կարծիքին է, որ հայերս կարող ենք լավ, բարձր որակի շոուներ անել, պարզապես ֆինանսական առումով դեռեւս պատրաստ չենք դրան: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է երկրպագուների` երգչի իր կարիերային առնչվող հարցերին, անձնական կյանքին առնչվող խոսակցություններին: Սամվել Գրիգորյանը պատմել է նաեւ դստեր անձնական կյանքում սպասվելիք փոփոխություններից եւ խոստովանել` իր համար դժվար է գիտակցել, որ դուստրն առաջիկայում ապրելու է իրենից հեռու՝ օվկիանոսի մյուս կողմում:

-Սամվե՛լ, տեւական ժամանակ է` շոումենի գործունեությամբ եք զբաղվում, երգչի կարիերան կարծես մղել եք երկրորդ պլան…
-Դե, ինչքա՞ն պետք է ես երգեմ, դուստրս երգում է, էլի…Ես երբեք լուրջ երգիչ լինելու համար «հայտ» չեմ ներկայացրել, ընդամենը իմ փոքրիկ դիապազոնի, տեմբրի հաշվին երգել եմ երգեր, որոնք չեն խանգարի որեւէ մեկին, այսպես ասած` անշառ երգեր եմ երգել: Չի բացառվում, որ առաջիկայում էլի երգեր կձայնագրեմ, հնարավոր է` տեսահոլովակ էլ ունենամ: Որպես շոումեն էլ շարունակում եմ գործունեությունս, պատրաստվում եմ փետրվարի 27-ին Մոսկվայում կայանալիք «Արմենիա» մրցանակաբաշխությանը:
-Իսկ Հայաստանում շոուներ սիրո՞ւմ են, մենք շոու անել գիտե՞նք:
-Ինքը` Հայաստանը` որպես երկիր, ահագին առաջ գնալու տեղ ունի, շոուի ժանրի զարգացումը մեծապես կախված է ժողովրդի, երկրի վիճակից: Այն մեզ մոտ հիմա թերի զարգացած է, իհարկե, մերոնք սիրում են շոուներ, պարզապես մենք չունենք, օրինակ, լասվեգասյան շոուներ մատուցելու հնարավորություն: Ունենք լավ թիմ, մասնագիտական առումով պատրաստ ենք որակյալ շոուի, ֆինանսական առումով` ոչ. այս ոլորտում մեծ գումարներ ներդնելու հնարավորություն չունենք: Ես մասնակցում եմ նաեւ սփյուռքում տեղի ունեցող շոուների, եւ նկատելի է, որ, օրինակ, ԱՄՆ-ում, Ռուսաստանում այս գործունեությունն աստիճանաբար «թանկանում է», ներդնումները շատանում են: Իսկ, օրինակ, Իրանի հայ համայնքն այդ առումով մի փոքր ավելի համեստ է:
-Դուք այն հայտնիների թվում եք, ով չի խուսափել իր անձնական կյանքի վերաբերյալ շրջանառվող խոսակցություններից: Ձեզ հաճախ վերագրում են ռուս կանանց, հայ աստղերից ոմանց հետ սիրավեպեր: Նման ասեկոսեները ընտանեկան կոնֆլիկտների պատճառ չեն դառնո՞ւմ:
-Ոչ, ես ունեմ հրաշալի, շատ խելացի կին, եւ երբ նման խոսակցություններ են հասնում նրա ականջին, մենք ընտանիքով ծիծաղում ենք, անցնում-գնում է: Իսկ նման բաներից զայրանում են մարդիկ, որոնք մեղքի որոշակի չափաբաժին ունեն:
-Տարիներ շարունակ անցնելով շոու-բիզնեսի զարտուղի ճանապարհներով` քաջ տեղյակ եք ոլորտի դժվարություններին, երբեմն անառողջության հասնող մրցակցության պայմաններին: Ձեր դստերը` երգչուհի Նարե Գրիգորյանին, ի՞նչ խորհուրդներ եք տալիս, ինչպե՞ս եք նրան «կոփում»:
-Ես միշտ ասել եմ, որ առաջին հերթին պետք է սիրել մասնագիտությունը: Եթե իսկապես շատ անկեղծ լինես, կհասնես հաղթանակների ու բարձունքների: Սերն ու ազնվությունը կփրկի քո աշխատանքը: Ես, իհարկե, կողքից, որպես հայր, իմ ծնողական խորհուրդները տալիս եմ, բայց հիմա նրա կյանքում մի փոքր այլ փուլ է: Նարեն, կարծես, գտել է իր կյանքի կեսին, պատրաստվում ենք նշանադրության արարողությանը: Արդեն ամուսնանալուց հետո ինքը կորոշի` երգել, թե ոչ: Եթե Նարեն ցանկանա շարունակել իր կարիերան, ես սարի պես կանգնած եմ իր թիկունքին:
-Հայրիկի համար դժվար չէ՞ «թողնել» դստերը…
-Շատ ավելի դժվար է եւ ցավալի, երբ գիտակցում եմ, որ դուստրս ամուսնանալուց հետո մեկնելու է ԱՄՆ` այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար. մեր փեսան ԱՄՆ քաղաքացի է: Բայց եթե դուստրս իր երջանկությունը գտել է օվկիանոսի մյուս կողմում, ուրեմն ես պատրաստ եմ իր հետ երջանիկ լինել…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 
ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լույս է ընծայվել «Հայ¬ադրբեջանական պատերազմը եւ մերօրյա հերոսները» գիրքը, որը ներկայացնում է այսօրվա զինվորի կերպարը՝ որպես ժամանակակից հերոսի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից` գրքում ներկայացված են 1988-1994 թթ. հայ¬ադրբեջանական պատերազմը եւ 2014-2015 թթ. սահմանային միջադեպերը։ Գրքի «Հուշամատյան» բաժինը ներառում է 2014-2015 թթ. հրադադարի խախտումների ժամանակ զոհված 10 զինծառայողների (Արմեն Հովհաննիսյան, Ազատ Ասոյան, Արարատ Խանոյան, Զորիկ Գեւորգյան, Սարգիս Մովսիսյան, Վարդան Մկրտչյան, Արշակ Հարությունյան, Էդուարդ Հայրապետյան, Հակոբ Խաչատրյան, Սամվել Հակոբյան) կյանքի եւ սխրանքի նկարագրությունը։ Գրքի հեղինակը Էդգար Էլբակյանն է:

 

ՄԻԿԱՆ ՀԻԱՑՆՈՒՄ Է
«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում ՀՀ ներկայացնող Միկան (Միքայել Վարոսյան) իր «Love» երգով տպավորիչ ելույթ է ունեցել առաջին փորձնական համերգի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է wiwibloggs.com կայքը` նկատելով, որ ՀՀ-ի ներկայացուցիչն իսկական «շոումեն» է, եւ որ այլ երկրների պատվիրակները պետք է նրանից օրինակ վերցնեն: Լրագրող Ուիլյամ Լի Ադամսը Միկայի բեմական ոճը համարել է անթերի, իսկ ելույթը՝ որպես սիրո ու լույսի մեծ հրավառություն: Հիշեցնենք, որ Միկան ելույթ կունենա համերգային 2-րդ հատվածում, նրա «Love» երգը կհնչի 11-րդ համարի ներքո: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:




Լրահոս