Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին: Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է: Ճեմարանի սաներին թույլատրվել է եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաեւ իրենց ընտանիքների անդամներին եւ հարազատներին: Առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, թե Հայ առաքելական եկեղեցին ինչու պետք է նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվի: Սակայն նման տեսակետի համար եկեղեցին առավել քան լուրջ պատճառներ ունի: Բանն այն է, որ ՀՀ գործող Սահմանադրության 8.1. հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից: ՀՀ ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: ՀՀ-ում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը»: Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցու եւ մնացած կրոնական կազմակերպությունների միջեւ շատ հստակ է. առաջինը գործում է Սահմանադրության հիման վրա, մյուսները՝ օրենքով իրենց տրված լիազորությունների: Նոր Սահմանադրության նախագծով կրոնական կազմակերպությունները փաստացի հավասարեցվում են Հայ առաքելական եկեղեցուն: Նշված նախագծի 17-րդ հոդվածում գրված է. «1. ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: 2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Ուստի բնական է, որ եկեղեցին այս փաստաթղթին դեմ է:
Նշենք, որ վերը բերված լուրերի առնչությամբ Հայ առաքելական եկեղեցուց մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»-ի փորձերն անցան ապարդյուն:
Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաեւ՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել: «Ժողովուրդ»-ը փորձեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում. արդյո՞ք նա վճռել է երկրի քաղաքական կառավարմանը որեւէ ձեւաչափով մասնակցություն ունենալ: Ա. Մկրտչյանն ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Սուքիասյանը եթե ինչ-որ որոշում է կայացնում, եթե ինչ-որ ցանկություններ է ունենում, միանգամից մամուլում պաշտոնապես հրապարակում է այդ մասին: Այս պահի դրությամբ նմանատիպ բան չկա»,- վստահեցրեց խոսնակը:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ Ազգային պատկերասրահից 51 հատ թանգարանային առարկաներ, կամ ավելի ճիշտ՝ կտավներ, հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին՝ մեկ տարի ժամկետով ժամանակավոր պահպանության: Իսկ ավելի կոնկրետ՝ կտավները տրվել են քննչական կոմիտեին՝ վերջինիս նորակառույց շենքը զարդարելու համար: Այսինքն՝ Հայաստանի պետական հարստություն հանդիսացող թանգարանային առարկաներն արդեն սկսել են ծառայեցնել պետական գերատեսչությունների «դիզայնն» ապահովելու համար: Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշված «գործարքի» առնչությամբ ասաց. «Այդ նկարները ոչ թե ցուցադրված են եղել ազգային պատկերասրահում, այլ պահուստային ֆոնդի նկարներն են: Դրանք տեղադրված են մեզ մոտ, եւ ցանկացած այլ պետական հիմնարկում տեղադրված կան այդ նկարներից: Ի դեպ, ազգային պատկերասրահից պարբերաբար մասնագետներ են գալիս, ստուգում են նկարները եւ գնահատում դրանց վիճակը»:
ՀՀ վարչական դատարանը այն ատյանն է, որը լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Սակայն քչերի մտքով կանցնի, որ այս դատարանի դատավորների մի զգալի մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: Այսինքն՝ անկախ դատարանի մասին խոսք լինել չի կարող: Նման մի օրինակ է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Վերջինս ընդամենը 33 տարեկան է, դատավոր է նշանակվել 2013 թվականից: Նա ՀՀ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրգոր Հարությունյանի` Գրիշայի դուստրն է: Ու թերեւս սա է պատճառը, որ երիտասարդ դատավորը, չնայած իր համեստ աշխատանքային կենսագրությանը, բավական պատկառելի ունեցվածքի տեր է: Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները 2014-ի վերջին կազմել են 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո:
ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ
Երեկ՝ ուշ երեկոյան, Կրեմլում կայացած խորհրդակցության ընթացքում ՌԴ-ի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին ներկայացրած զեկույցով հաստատել է, որ հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռը կործանվել է ահաբեկչական գործողության արդյունքում: Ու թեեւ ինքնաթիռը ահաբեկիչների կողմից պայթեցնելու փաստը հաստատող նյութերը բրիտանական հատուկ ծառայությունները աղետից անմիջապես հետո էին փոխանցել ռուսական հատուկ ծառայություններին, ամեն դեպքում ինքնաթիռի կործանմանը հաջորդող 16 օրերի ընթացքում ռուսական կողմը ձեռնպահ էր մնում կատարվածը ահաբեկչություն որակելուց` հայտարարելով, թե ստուգումները շարունակվում են:
Եւ, ահա, Փարիզի վերջին սահմռկեցուցիչ ահաբեկչություններից եւ Թուրքիայի Անթալիա քաղաքում G20-ի գագաթնաժողովից անմիջապես հետո Վ. Պուտինը կեսգիշերային խորհրդակցություն է հրավիրում, որի ընթացքում էլ հայտարարվում է, որ կատարվածը ահաբեկչություն էր` այդտեղից բխող համապատասխան հայտարարություններով: «Մենք նրանց որոնելու ենք ամենուր, որտեղ էլ նրանք թաքնվեն: Մենք հանցագործներին կգտնենք երկրագնդի ցանկացած կետում եւ կպատժենք: Հատուցումն անխուսափելի է», -հայտարարեց Պուտինը:
Ուշագրավ է, որ նա ոչ միայն այս ահաբեկչության պատասխանատուներին հայտնաբերեու համար սահմանեց աննախադեպ` 50 միլիոն դոլարի փրկագին եւ հրահանգեց երկրի հատուկ ծառայություններին գիշեր ու ցերեկ աշխատել ահաբեկիչներին հայտնաբերելու ուղղությամբ, այլեւ վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը` ինքնապաշտպանության դիմելու իրավունքի մասին, սպառնաց ահաբեկիչներին աջակցող կամ թաքցնող երկրներին: Պուտինի խոսքով՝ այդ հարցում լուրջ անելիք ունեն ոչ միայն ՌԴ հատուկ ծառայությունները, այլեւ զինված ուժերը: «Մեր ավիացիայի ռազմական աշխատանքը Սիրիայում ոչ միայն պետք է շարունակվի, այն պետք է ավելի ակտիվ բնույթ ստանա»,- ընդգծեց Պուտինը` այդպիսով հայտարարելով, որ Ռուսաստանն էլ ավելի մեծ ծավալներով է ներգրավվելու ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններում:
Թե դա ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, դժվար չէ կանխատեսել: Հակաահաբեկչական պայքարում Ռուսաստանի առավել ակտիվ ներգրավումը կամա թե ակամա թիրախավորելու է Ռուսաստանի կցորդի կարգավիճակում գտնվող մեր երկիրը: Առանց այդ էլ զուտ քրիստոնեական գործոնով պայմանավորված` Հայաստանը գտնվում է այս տարածաշրջանում խոցելի դիրքերում, իսկ հիմա Ռուսաստանի նկատմամբ ունեցած ողջ նեգատիվը համապատասխան շրջանակները պրոեկտելու են առավել թույլ եւ խոցելի Հայաստանի վրա: Արդյոք Հայաստանի հատուկ ծառայությունները պատրաստ են դիմագրավելու նման մարտահրավերների: Այս հարցի պատասխանը խիստ տագնապալի է թվում, երբ հիշում ենք, թե ինչպիսի հեշտությամբ Վահան Մարտիրոսյանը կարողացավ հատել Ադրբեջանի սահմանը: