Ապրիլի 17 -21-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնություն, որը կընթանա Մոսկվայում:
Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանը ներկայացնող հինգ մարմնամարզիկներ: Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը հանդես կգան բազմամարտում, Եվրոպայի կրկնակի մրցանակակիր Հարություն Մերդինյանը` նժույգ թափերում, իսկ Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը իրենց ունակությունները կդրսևորեն “օղակներ” մրցաձևում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Սոս Սարգսյանը հայտավորված են մրցավարական հանձնաժողովում, իսկ Աշոտ Գասպարյանը և նրա երիտասարդ գործընկեր Արտյոմ Ավետյանը հանդես կգան հավաքականի մարզչի դերում: Ի դեպ, կլիմայավարժեցման նպատակով մեր թիմը Մոսկվա է մեկնել մեկնարկից չորս օր առաջ:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: