ԻՆՉՈՒ Է ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ոչ-ի համատեղ շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չարաշահել է վարչապետի իր պաշտոնեական դիրքը՝ հավասարության սկզբունքը հօգուտ այո-ի քարոզարշավի խախտելու նպատակով:

«Ինչպես հայտնի է՝ արդեն մի քանի օր է, ինչ «Արմնյուզ» եւ «Ա1+» հեռուստաընկերություններով ուղիղ հեռարձակվում է «Այո եւ ոչ» ռեալիթի-շոուն, որն, իբր, մտահղացված է հանրաքվեի քարոզարշավում այո-ի եւ ոչ-ի համատեղ հավասար քարոզչության համար: Նոյեմբերի 14-ին Ապարանում, իբր, իր պաշտոնական պարտականությունների բերումով, այդ հաղորդման մեջ է հայտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հայտարարելով հանդերձ, թե ինքը քարոզչությամբ չի զբաղվում, նա մասնակցում է այս շոուին եւ նրա շրջանակներում բնակչությանը սոցիալական բազմաթիվ խնդիրների եւ քաղաքացիների խնդրանքների լուծման բազմաթիվ խոստումներ տալիս: Սրանով վարչապետ Հովիկ Աբրահամյանը չարաշահել է վարչապետի իր պաշտոնեական դիրքը՝ հավասարության սկզբունքը հոգուտ այո-ի քարոզարշավի խախտելու նպատակով: Ոչ-ի համատեղ շտաբը դատապարտում է իշխանության կողմից քարոզչության անհավասարության եւ օրինախախտման այս փաստը: Սա վկայում է մեկ բանի մասին. իշխանությունը բախվում է հասարակության իրական, բուռն մերժողական տրամադրություններին, չափազանց անհանգստացած է օր օրի բյուրեղացող ոչ-ի մթնոլորտով եւ պատեպատ է խփվում՝ այդ վիճակից ելք գտնելու համար»,-նշված է հայտարարությունում:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների հետ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, ըստ ոչ-ի շտաբի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ հավասարության սկզբունքը հոգուտ այո-ի քարոզարշավի խախտելու նպատակով: Ըստ Ձեզ՝ Հ. Աբրահամյանը այո-ի քարոզարշավի ժամանակ նման խախտում իրականցրե՞լ է, ինչո՞ւ է Հ. Աբրահամյանն իր լիազորությունները չարաշահում:
-Հովիկ Աբրահամյանը, որպես երկրի վարչապետ, տեղեկացել է, որ Արագածոտնի մարզում ուժեղ քամու հետեւանքով տանիքներն են վնասվել, մարդիկ այդ ամենի հետեւանքով կորուստներ են ունեցել, որի պատճառով էլ վարչապետը գնացել է այդ մարզ: Եթե դուք նայում եք տարածված պաշտոնական հաղորդագրությունը, ապա այնտեղից էլ ակնհայտ է դառնում, որ վարչապետն ընդամենը դեպքից հետո է Արագածոտնի մարզ գնացել, ու այնպես չէ, որ այդ այցելությունը գաղտնի է պահվել, ու թաքուն քարոզչություն իրականցվել: Հանրությունը խնդրի առաջ է կանգնել, ու Հովիկ Աբրահամյանն էլ, լինելով հանրապետության վարչապետը, փորձել է հասկանալ, թե ինչ խնդրի մասին է խոսքը: Այդ նույն հանդիպման ժամանակ ներկա են եղել «Ռեալթի շոու»-ի մասնակիցները, որոնք այդ ժամանակահատվածում նշված մարզում են եղել, եթե հետեւել եք նրանց, ապա կհասկանաք, որ դա եղել է պատահականություն: Հետեւաբար ես չեմ կարծում, որ դա դիրքի չարաշահում է կամ ինչ-որ օրենքի խախտում: Սա ընդամենը օրվա ընթացքում տեղի ունեցող պրոցեսներ են, որոնց ժամանակ կարող են նաեւ նման զուգադիպություններ լինել:
-Տեսակետ կա, որ ռեալթի շոուն ամբողջությամբ անլրջացնում է սահմանադրական հանրաքվեն, ու իրականում քարոզչությունը վերածվել է «թատրոնի»: Իշխանություններն ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցի հետ կապված:
-Այս ժամանակահատվածում ամեն մեկն իր դիրքորոշումն է հայտնում, ամեն մեկն էլ կարող է մի բան ասել, բայց իրականում մենք տեսնում ենք, որ այդ քարոզչության ժամանակ քարոզիչներն ուղիղ շփվում են ժողովրդի հետ: Սա շատ լավ տարբերակ էր՝ ժողովրդի հետ հանդիպելու, նրանց դիրքորոշումը հասկանալու, քարոզչությունն իրականցնելու համար: Ցանկացածն էլ կարող է իր կարծիքն ասել, դա որեւէ բան չի փոխում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
-Պարո՛ն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում այո եւ ոչ-ի քարոզարշավը, ըստ ոչ-ի շտաբի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խախտումներ է իրականացնում քարոզչության ընթացքում:
-Սա քարոզչության նոր ձեւաչափ է, որի ժամանակ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները ժողովրդի հետ շփվում են, ներկայացնում են այն, ինչ կա, ինչպես նաեւ տեղեկանում ժողովրդին անհանգստացնող խնդիրների մասին: Այստեղ վերանում է այն դիրքորոշումը, որ իրար հակադիր քաղաքական ուժերը միայն հայհոյանքով են զբաղված, ակնհայտ է դառնում, որ նաեւ զբաղված են շատ կոնստրուկտիվ աշխատանքով: Կարծում եմ, որ շատ արդյունավետ ու դրական ձեւաչափ է, ու ինչ-որ խախտումներ չեն իրականցվում: Բոլորն էլ շատ լավ տեղյակ են, թե ՀՀ վարչապետը երբ է որպես վարչապետ աշխատում ու թե երբ է նա քարոզչություն իրականացնում: Ոչ-ի ճակատն էլ հենց նրա համար է, որ նման հայտարարությամբ հանդես գա, այդպես է լինում ընտրությունների, հանրաքվեների եւ այլնի ժամանակ:
-Բայց մարդիկ անլուրջ են վերաբերվում այդ քարոզչությանը, քանի որ շոուի ներկայացուցիչները փաստի առաջ են կանգնում, երբ պարզում են, որ գյուղացուն չի էլ հետաքրքրում այդ հանրաքվեն, նրանք ունեն իրենց կենցաղային խնդիրները:
-Սա շփման լավագույն ձեւերից մեկն է, ժողովուրդը տեղեկանում է, թե իրենից ինչ է ներկայացնում այդ քարոզչությունը: Եթե նկատում եք, ամեն ինչի շուրջ զրուցում են, ու դա չի սահմանափակվում միայն սահմանադրական հանրաքվեի քննարկումներով: Անմիջական շփումներ են, որոնք իսկապես անհրաժեշտ են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՍՈՒՄ ԵՆ` ԿԱ՛Մ ՎԵՐ ԿԱՑ ԳՆԱ, ԿԱ՛Մ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ

Երեկ Ազգային ժողովում շարունակվեց 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը, որի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան սուր քննադատությամբ:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, թե այս անգամ կառավարությունն ավելի ազնիվ է եւ բացահայտ ասում է, որ ոչինչ չի անելու ժողովրդի կյանքը բարելավելու համար: «Էս պահին կարող ենք արդեն արձանագրել, ընդ որում, դա իրենք չեն թաքցնում, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի արդեն աղքատանալու է, որովհետեւ մեր աշխատավարձերը, մեր թոշակներն իրենց գնողունակությամբ լինելու են ավելի քիչ: Ժողովրդին ոնց որ ասեն` կա՛մ վեր կաց, գնա, կա՛մ ինձ արի, ստեղից քշի: Ուրիշ տարբերակ չկա: Սա ցինիկ մարտահրավեր ա էս ժողովրդին»,- վրդովվեց պատգամավորը` ընդգծելով, որ ասողներն էլ «միլիարդատեր, բիզնեսի մեջ թաղված, վատ համբավ ունեցող մարդիկ են»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ մարդկանց մեջ կորել է հավատը.«Հավատը պետք ա վերականգնել: Եթե դու տեսնում ես, որ տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը արդյունք չի տալիս, պետք ա փոխես կուրսը, որին էլ ուղղված ա, մեր կարծիքով, Սահմանադրությունը: Սա մեկ: Եվ երկրորդ՝ ամենակարեւոր բանը՝ եթե կառավարությունը իր ծրագրային առաջադրանքները, ցուցանիշները չի կատարում, ինքը պետք է օրենքով ավտոմատ հրաժարական տա, այլ ոչ թե կախված լինի ամենաբարձրագույն քաղաքական իշխանության կամքից»,-նկատեց պատգամավորը: Այնուհետեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները եւ իրականացվելիք ծրագրերը: Ըստ նախարարի՝ հատկացվելիք միջոցների 32,2 տոկոսն ուղղվելու է արտահիվանդանոցային ծախսերին, 46,2 տոկոսը` հիվանդանոցային ծրագրերին, 6,5 տոկոսը` հանրային առողջապահական ծրագրերին, 10 տոկոսը` առողջապահական այլ ծրագրերին:
Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» իր հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է, որ նիստի սկզբում տրվի ոչ ավելի, քան երկու գրավոր հարցի պատասխան:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 
ՏՈՒՅԸ ԲԱՑ ՌԵԺԻՄՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հոկտեմբերի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով հանցագործ աշխարհում հայտնի Արթուր Ղազարյանը` Քանաքեռցի Տույը, դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման. ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում կատարված անձնական խուզարկության արդյունքում Ա. Ղազարյանի մոտից ատրճանակ էր հայտնաբերվել: Ղազարյանը դատավճիռը չի բողոքարկել, դրա համար էլ այն արդեն ուժի մեջ է մտել: Ու քանի որ պատիժը խիստ չէ, Տույն այն կկրի բաց ռեժիմում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա առաջիկայում ազատ կարձակվի:

 

ՆԵՂ ՕՐԻՑ
ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների առատությունը, ըստ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, նախ եւ առաջ անվտանգության նկատառումներով է պայմանավորված: «Իհարկե, ես էլ շատ կուզենայի այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք: Շատ կցանկանայի, որպեսզի անվտանգություն սպասարկողներ չլինեին…»,- երեկ ԱԺ նիստում հայտարարել է Սահակյանը: Այսինքն՝ ԱԺ նախագահի խոսքերից բխում է, որ ՀՀ պաշտոնյաները վախենում են ոտքով, սովորական քաղաքացիների պես շրջել կամ տրանսպորտով տուն գնալ: «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից փորձեց պարզել, թե պետական պաշտոնյաները ինչու են վախենում փողոցում ազատ շրջել, եւ ով է այդ վիճակի համար պատասխանատու. «Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում՝ պետական պաշտոնյան չի կարող տնից դուրս գալ, չի կարող, թող դուրս չգա: Ովա մեզանից լավը, ոչ մեկ էլ լավը չի: Մենք ժողովրդի հետ քայլում ենք հավասար` ոտքով էլ, հեծանիվով էլ, մեքենայով էլ»:

 

ՂՌԵՐԻ ԱՎՈՅԻ ԳՈՐԾԸ
Քրեական հեղինակություն Ավետիս Գրիգորյանի, որը առավել հայտնի է Ղռերի Ավո անվամբ, եւ նրա որդու կողմից մարդ առեւանգելու դեպքի փաստի առիթով հարուցված գործն արդեն դատարանում է: Ա. Գրիգորյանը եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռեւս 2015-ի մայիսին Ղռերի Ավոն եւ նրա որդին պարտքի պատճառով մարդն էին առեւանգել: Ինչ որ անձ Ա. Գրիգորյանին գումար է պարտք եղել եւ չի վերադարձրել: Գրիգորյանը պարտապանին հրավիրել է հանդիպման: Սակայն նրա փոխարեն հանդիպմանը ներկայացել է Աշտարակի բնակիչ Արամ Պողոսյանը, որը այդ պատմության մեջ միջնորդի դերակատարություն է իրականացրել: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Գրիգորյանը եւ Արմեն Գրիգորյանը Երեւանի Աբելյան 6 հասցեում տեղակայված «Հայբուսակ» համալսարանի մոտից, բռնություն գործադրելով, բացահայտ առեւանգել են Արամ Պողոսյանին: Այս գործով նախաքննությունը շատ կարճ է տեւել, եւ միջադեպից ընդամենը 2 ամիս անց քրգործն ուղարկվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մի քանի դատական նիստ արդեն իսկ տեղի է ունեցել, եւ ենթադրվում է, որ առաջիկայում այն կավարտվի: Հավելենք, որ Ղռերի Ավոն եւ նրա որդին գրավի դիմաց ազատ են արձակվել:




Լրահոս