Հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհի Աննա Մանուչարյանին վերջին շրջանում տեսանք «Քարե դարդ» սիթքոմում եւ «Արամմա» կինոկատակերգությունում: Երկու դեպքում էլ նա հայտնվել էր նույն ժամանակաշրջանում` խաղալով «վայրի» կնոջ դերեր: «Ժողովուրդ»-ը Աննայի հետ զրուցել է նրա կերտած կերպարների, դրանց նմանությունների եւ առանձնահատկությունների մասին: Մենք անդրադարձել ենք նաեւ Աննայի անձնական կյանքին: Նա խոստովանել է, որ միայնակ, առանց տղամարդու իրեն որպես անհատականություն կիսատ չի զգում եւ երջանիկ է դստեր հետ: Դերասանուհին նաեւ խոստովանել է, որ կյանքի այս փուլում դեռ պատրաստ չէ ընտանիք կազմել:
-Աննա՛, «Արամմայում» եւ «Քարե դարդ»-ում ստեղծված իրավիճակներն ու Ձեր կերպարները որքանո՞վ են միմյանց նման եւ որքանով տարբեր:
-Սիթքոմի եւ ֆիլմի միջեւ ընդհանուր նմանություններ, իհարկե, կան, բայց, ըստ էության, սրանք տարբեր բնույթի ֆիլմեր են: «Քարե դարդ»-ում ես խաղում եմ ցեղապետի աղջկա դերը: Նա բավական հպարտ կին է, ով ունի ընտանիք, երեխաներ եւ ամեն ինչ անում է, որ ցեղապետից կախված չլինի: Իսկ ամուսինս, որի դերում հանդես է եկել Արմուշը, բարի, միամիտ, անկեղծ ու ամեն բանի վրա զարմացող մարդ է: «Քարե դարդ»-ը կարող է գրավել նախ եւ առաջ տեսարանների հարստությամբ: Այստեղ նկարագրվում է «ցիվիլ» եւ քարե դարում ապրող մարդկանց բախումը, ինչից էլ բխում են արկածները: Իսկ «Արամմա» ֆիլմում ես մարմնավորում եմ մի կնոջ, ով ինչին ձեռք է տալիս` «չորանում է», ամուսինն էլ որոշում է, որ կինը պետք է չրի գործ անի: Եվ եթե «Արամմայում» հումորները մեծ մասամբ գործողություններից են բխում, ապա «Քարե դարդ»-ում դրանք տեքստային բնույթ են կրում:
-Կարծում ենք` շատերը մեզ հետ կհամաձայնեն, եթե նշենք, որ տարբերվող արտաքին ունեք: Չնմանվելու հատուկ միտում կա՞, թե՞ ինքնաբուխ է ստացվում:
-Եթե անկեղծ, ես երբեք իմ արտաքին տեսքի վրա հատուկ կենտրոնացած չեմ եղել: Գուցե մյուսներից տարբերվում եմ մազերիս պատճառով, չգիտեմ… Չնայած արդեն այսօր աղջիկներին հատուկ է իրենց արտաքինին խիստ հետեւելու միտումը, սակայն վերջերս նկատում եմ, որ ես դա չեմ հասցնում: Հագնում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, եւ հարմար է` անկախ նորաձեւության միտումներից:
-Արդեն մի քանի տարի է` Ձեզ տեսնում ենք սերիալներում, ֆիլմերում: Դժվար չէ՞ այս ասպարեզում քայլեր անել, երբ դաշտում մեծ թվով գործող անձինք կան: Գործնական կյանքում հե՞շտ եք հարաբերություններ կառուցում:
-Երեւի իմ բախտն այդ առումով բերել է, քանի որ շրջապատումս լավ մարդիկ են: Ինքս բնույթով կոնֆլիկտային անձնավորություն չեմ: Ինձ հետ գրեթե հնարավոր չէ վիճել: Երբ նկատում եմ մի կայծ, որը կարող է վերածվել լարվածության, թեման շրջանցում եմ, դրան ընթացք չեմ տալիս:
-Դա կանացի գովելի հատկություն է, որը պետք է որ անձնական կյանքում էլ օգնի: Ինչպե՞ս է ստացվել, որ չլինելով կոնֆլիկտային մարդ, այնուամենայնիվ, միայնակ եք մնացել:
-Ինձ թվում է` երբ շփվում ես այն մարդու հետ, ով քոնն է, կոնֆլիկտներն անհեթեթություն են թվում: Ինձ համար ընտանիք կազմելը շատ պատասխանատու քայլ է, այժմ ես դրան գնալուց առաջ կրկնակի երկար եմ մտածում, չնայած որ այս տարիների ընթացքում դրա հնարավորությունն ունեցել եմ եւ ուշադրության պակաս չեմ զգացել: Բայց այդ ամենը քիչ է` լուրջ հարաբերություններ հաստատելու համար: Ես` որպես անհատականություն, ինձ կիսատ չեմ զգում, չեմ սպասում, որ իմ կողքին լինի տղամարդ, միայն թե ես ինձ միայնակ չհամարեմ: Բոլորովին: Ես դստերս հետ շատ երջանիկ եմ, հանգիստ: Գուցե հետագայում ընտանիք կազմեմ, բայց ոչ հիմա: Հիմա զգում եմ, որ դեռ դրա ժամանակը չէ, ես պատրաստ չեմ այդ քայլին:
-Այսինքն` սխալվելու վախ կա՞:
-Այո՛, ինչ խոսք… Առհասարակ, որքան նախկինում ավելի խորքից ես տեսած լինում ընտանեկան կյանքը, որքան շատ տեղեկություններ ես ունենում այդ մասին, այնքան մոլորվում ես: Իսկ երբ դաշտը քեզ համար փակ է, դու ավելի համարձակ ես:
ԿԻՆՈ «ՄՈՍԿՎԱ»-Ի ԴԻՄԱՑԻ ԵՐԿԱԹԵ ՑԼԻՆ ՏԱՐԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ
Երկար տարիներ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց հանգրվանած ցլի երկաթե քանդակը, որը հասցրել էր սիրվել երեւանցիների կողմից, տեւական ժամանակ է` «լքել է» տարածքը: «Ժողովուրդ»-ը արձանի հեղինակ Արա Ալեքյանից հետաքրքրվեց դրա ճակատագրով:
Քանդակագործը մեզ պատմեց, որ երկաթե ցուլը «շրջագայության» մեջ է. «Արձանն ուղարկել ենք ցուցադրության, այն այժմ գտնվում է Ստամբուլում, մասնակցում է ամենամյա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսի: Նման էքսպոները հիմնականում կազմակերպվում են ցուցադրվող նմուշը վաճառելու համար: Իսկ եթե ցուլն այնտեղ չվաճառվի, հնարավոր է` ցուցադրվի, օրինակ, Մոնակոյում, տեսնենք` ինչպես կստացվի»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե դրսում չվաճառվելու դեպքում հնարավո՞ր է արդյոք, որ ցուլը վերադառնա հայրենիք եւ կրկին հանգրվանի իր մշտական տեղում, Արա Ալեքյանը պատասխանեց. «Քանդակը կգա Հայաստան, թե չի գա, դա հարցական է: Ես այդ հարցին հստակ պատասխանել չեմ կարող: Քանդակի վաճառքի հետ կապված հարցերն իրականացնում են արվեստի բիզնեսով զբաղվող մարդիկ: Նրանք արձանը պտտում են ամբողջ աշխարհով` մինչեւ դրա վաճառքը: Կարող է՝ քանդակը մի քանի տարի «ման տան», հետո վաճառեն»:
Իսկ արդյոք պետությունը չի փորձել գնել երեւանյան կոլորիտի մաս դարձած քանդակը. այս հարցին Ա. Ալեքյանը պատասխանեց. «Երբեք ինձ չեն առաջարկել գնել իմ գործերը, ես էլ իրենց չեմ առաջարկել, ինչո՞ւ դա անեմ, եթե գործերս պահանջված են, եւ դրանց համար միշտ հայտնվում են գնորդներ»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ Ա. Ալեքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր իր հեղինկած սարդի եւ ցլի քանդակների հնարավոր «արտագաղթի» մասին: «Կան մարդիկ, որոնք շահագրգռված են, հետաքրքրված են դրանցով, ուզում են գնել… Կարող է՝ արտերկրի հետ համաձայնության գամ, ի՞նչ իմանաս…»,-ասել էր նա:
Ինչպես տեսնում ենք՝ ցուլն արդեն իսկ բռնել է «արտագաղթի» ճանապարհը: Չի բացառվում, որ նույն ճակատագրին արժանանա նաեւ երկաթե սարդը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՄԵԾ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Համացանցում է հայտնվել համաշխարհային ճանաչում ունեցող շոումեն Քոնան Օ’Բրայենի՝ Հայաստանին նվիրված հեռուստաշոուի անոնսը: Տեսագրությունից պարզ է դառնում, թե ինչ արկածներ են ունեցել Քոնանն ու իր օգնական Սոնան Հայաստանում: Soar Productions-ի ղեկավար Ստանիսլավ Սոլովկինը, որը շոուի տեղական պրոդյուսերն է, NEWS.am STYLE-ի հետ զրույցում կանխատեսել է, որ հաղորդման այս թողարկումը մեծ ճանաչում կբերի Հայաստանին, ինչում մեծ դեր կունենա ԱՄՆ-ի հայկական սփյուռքը: Նա հիշել է մի քանի զվարճալի դեպքեր, որոնք գրանցվել են նկարահանումների ընթացքում: «Դրանք բազմաթիվ էին: Հիշում եմ, թե ինչպես Քոնանը տեղի շուկայում շրջելիս տեսավ, թե ինչպես են կարտոֆիլ վաճառում, որը նրան՝ որպես իռլանդացու, շատ հուզեց: Երկու մետր հասակով կարմրահեր տղամարդ, որը վազում էր շուկայով եւ գոռում՝ «Կարտոֆի՛լ: Կարտոֆի՛լ»: Տեսարան էր… Բացի այդ՝ Քոնանը մասնակցեց «Ով ավելի քիչ կարտասվի տաք հայկական կոնյակ խմելիս» մրցույթին, եւ հաղթողներից մեկը դարձավ»,-պատմել է Սոլովկինը :
Նա նաեւ տեղեկացրել է, որ հաջորդ տարվա ընթացքում 3-4 շատ հայտնի հեռուստաշոուներ են նկարահանվելու Հայաստանում, սակայն խուսափել է բացել փակագծերը:
ԿՐԿԻՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ
Ավստրալիան 2-րդ անգամ կմասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Այս մասին տեղեկացնում է The Guardian թերթը: Ավանդաբար «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցում են միայն եվրոպական երկրների ներկայացուցիչները: Ավստրալիայի համար, սակայն, բացառություն է արվել, քանի որ մրցույթը շատ հայտնի է այդ երկրում։ Նախատեսվում էր, որ ավստրալացի մասնակիցը կմրցի եվրոպացիների հետ միայն մեկ անգամ: Հիշեցնենք, որ ավստրալացի երգիչ Գայ Սեբաստիանը ելույթ էր ունեցել Վիեննայում անցկացված երգի մրցույթին եւ զբաղեցրել 5-րդ տեղը: Իսկ հաջորդ մասնակցի անունը հայտնի կդառնա արդեն հաջորդ տարի:
2016թ. «Եվրատեսիլ»-ը կանցկացվի մայիսի 10-14-ը, Ստոկհոլմում։
ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼԸ ԲՐԵԺՆԵՎԱՆ Է
Երգչուհի Վերա Բրեժնեւան ռուսական MAXIM ամսագրի կողմից արժանացել է «Ամենասեքսուալ կին» տիտղոսին: Հարյուր հայտարարագրված անունների աղյուսակում Վերա Բրեժնեւան հայտնվել է առաջատարի դիրքում։ Երգչուհու հաղթանակի մասին Facebook-ի իր էջում հայտնել է երգահան Կոնստանտին Մելաձեն: «Երկրի 100 ամենասեքսուալ կանայք: Վերա Բրեժնեւա` 1-ին տեղ: Եվ սա նրա՝ արդեն երրորդ հաղթանակն է տարբեր տարիների տվյալ վարկանիշային աղյուսակում: Դեռեւս ոչ մի կին այդ տեղին երեք անգամ չէր արժանացել: Վերային շնորհավորում ենք այս հաղթանակի առթիվ»,-գրել է նա: