ԿԸՀ-ն պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի արտաքին պատը, որպես քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղ առանձնացնելը, որոշված է Երևանի քաղաքապետի 05.03.2013թ. թիվ 923-Ա որոշմամբ։ Այս որոշումը հանդիսանում է իրավաչափ վարչական ակտ. որևէ մեկի կողմից որոշման իրավաչափությունը վիճարկված չէ։ Այս մասին, մասնավորապես, ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանման մեջ:
Անդրադառնալով “Համահայկական երիտասարդական ընդվզում” նախաձեռնության հաղորդագրությանը՝ ԿԸՀ-ն նշում է, որ վայրի, այսպես կոչված, անթույլատրելիության վերաբերյալ ենթադրությունները սուբյեկտիվ են, կամայական, մերկապարանոց՝ չունենալով որևէ առնչություն իրավունքի հետ ընդհանրապես։ Նշված վայրը որպես քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղ սահմանելը որևէ օրենքով կամ իրավական այլ ակտով արգելված չէ։
ԿԸՀ-ն հորդորում է զերծ մնալ պաստառները դիտավորյալ պոկելուց, պատռելուց կամ դրանց վրա գրառումներ կատարելուց։
Ստորև ներկայացնում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ.
“Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Համահայկական երիտասարդական ընդվզում նախաձեռնության հաղորդագրությունը` կապված Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի արտաքին պատին քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղի առանձնացման փաստի հետ՝ համապատասխան տեսանյութով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է՝
ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. “Ընտրություններ նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը պարտավոր է ընդունել որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես)։ Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար համարվում է պարտադիր լիազորություն”:
Նշված վայրերը, այդ թվում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի արտաքին պատը, որոշված են Երևանի քաղաքապետի 05.03.2013թ. թիվ 923-Ա որոշմամբ։ Հիշյալ որոշումը հանդիսանում է իրավաչափ վարչական ակտ. որևէ մեկի կողմից որոշման իրավաչափությունը վիճարկված չէ։
Ինչ վերաբերում է որոշմամբ սահմանված առանձնացված վայրի վերաբերյալ դատողություններին, ապա նշված վայրի, այսպես կոչված, անթույլատրելիության վերաբերյալ ենթադրություններն սուբյեկտիվ են, կամայական, մերկապարանոց՝ չունենալով որևէ առնչություն իրավունքի հետ ընդհանրապես։ Նշված վայրը որպես քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղ սահմանելը որևէ օրենքով կամ իրավական այլ ակտով արգելված չէ։
Նկատի ունենալով, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, նախընտրական քարոզչության իրականացման համար oրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը հանդիսանում է վարչական զանցանք և առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ պաստառները դիտավորյալ պոկելուց, պատռելուց կամ դրանց վրա գրառումներ կատարելուց։
Միաժամանակ տեղեկացնում ենք ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, որ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները Երևանի քաղաքապետարանի հետ պարբերաբար կատարում են շրջայցեր, և օրենքի խախտմամբ փակցված պաստառներ հայտնաբերվելու դեպքում դրանք անմիջապես հեռացվում են”:




Լրահոս