Ռուսական «Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հորդորելով հրատապ քննարկել Սիրիայի հյուսիսում թուրքմեններով բնակեցված տարածքների խնդիրը: Անկարան պնդում է, որ դրանք ՌԴ Օդային տիեզերական ուժերի կողմից ավիահարվածների են ենթարկվում:
Այս մասին այսօր հայտնել է թուրքական «Anadolu» գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական կառավարության աղբյուրներին:
Աղբյուրը հայտնում է, որ սեպտեմբերի 30-ից ի վեր Ռուսաստանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, սկսել է կետային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին:
Ըստ «Նովոստի»-ի՝ օդային գործողություններ սկսելուց հետո Ռուսաստանի հասցեին Արևմուտքի կողմից հնչել են ապացույցներով չհիմնավորված մեղադրանքներ առ այն, որ հարվածներն իբր հասցվում են ոչ թե ԻՊ-ի զինյալների, այլ՝ չափավոր ընդդիության և քաղաքացիական օբյեկտերի ուղղությամբ: Ռուսական կողմն այդ տեղեկությունները բազմիցս հերքել է՝ հայտարարելով, թե ՌԴ ռազմական ավիացիայի նշանակետերը Սիրիայում բացառապես ահաբեկչական խմբավորումներն են, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքները:
Թուրքիայի ԱԳՆ-ն ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել է Թուրքիայի արտաքին գերատեսչություն, որտեղ նրան իբր Սիրիայի հյուսիսում թուրքմեններով բնակեցված ավանների ռմբակոծման կապակցությամբ բողոք է հանձնվել:
Ըստ թուրքական գործակալության՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի հետ հեռախոսազրույցում քննարկել է այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը: Վարչապետը նաև Ազգային հետախուզության ղեկավարին հրավիրել է իր նստավայր, ստացել այդ հարցով հետախուզական տվյալներ և տվել անհրաժեշտ հանձնարարականներ:
Դավութօղլուի հանձնարարականով արտգործնախարարը գիշերը զանգել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին և նրա հետ քննարկել իրավիճակը: Թուրքական գործակալությունը նշում է, որ Անկարան այդ հարցով բանակցություններ է վարում նաև ռուսական կողմի հետ, ներկայացվել է Թուրքիայի դիրքորոշումը:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Սիրիայում իբր խաղաղ բնակիչների զոհվելու մասին Ռուսաստանը Արևմուտքից որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել: