Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսլանդիայում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ընտրանու նկատմամբ եւ վաստակել է 13 միավոր:

Ինչպես հայտնում է «Armsport.am»-ը՝ նույնքան միավոր են վաստակել նաեւ Ֆրանսիայի եւ Հունգարիայի հավաքականները: Լրացուցիչ միավորներով Հայաստանի ընտրանին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, Հունգարիան՝ երրորդ, իսկ Ֆրանսիան՝ 4-րդ:

15 միավորով չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը, որն այս մրցաշարում վերջին անգամ հաղթել էր 2007 թվականին:

Հայաստան – Վրաստան՝ 3:1

Լեւոն Արոնյան – Բահադուր Զոբավա՝ 1:0

Միխեյիլ Մչեդիշվիլի – Գաբրիել Սարգսյան՝ ½:½

Սերգեյ Մովսեսյան – Լուկա Պայչաձե՝ 1:0

Մերաբ Գագունարշվիլի – Հրանտ Մելքումյան՝ ½:½

Այս մրցաշարում Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետը Հրանտ Մելքումյանն էր, ով, մասնակցելով բոլոր տուրերին, պարտություն չի կրել եւ հնարավոր 9 միավորից վաստակել է 6.5 միավոր: Գաբրիել Սարգսյանը չի մասնակցել 5-րդ տուրին, մնացած տուրերում պարտություն չի կրել եւ 8 հնարավորից վաստակել է 5.5 միավոր: Հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 5 հաղթանակ է տարել, 2 պարտիայում ոչ-ոքի խաղացել եւ 2 պարտություն կրել: Այս մրցաշարում անվստահ է գործել փորձառու Սերգեյ Մովսեսյանը: Նա երեք պարտություն է կրել, երեք հաղթանակ տարել եւ մեկ պարտիա էլ ավարտվել է ոչ-ոքի: Հավաքականի նորեկը՝ Կարեն Գրիգորյանը մասնակցել է 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տուրերին, 4-րդ տուրում պարտություն է կրել, 5-րդ եւ 6-րդ տուրերում ոչ-ոքի է խաղացել:

1. Լեւոն Արոնյան(9 խաղ) – 6 միավոր

2. Գաբրիել Սարգսյան (8 խաղ) – 5,5 միավոր

3. Սերգեյ Մովսեսյան (7 խաղ) – 3,5 միավոր

4. Հրանտ Մելքումյան (9 խաղ) – 6.5 միավոր

5. Կարեն Գրիգորյան (3 խաղ) – 1 միավոր:




Լրահոս