ՎՃԱՐՈՎԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նույնիսկ ժողովրդավարությունը վճարովի հիմունքների վրա է. քաղաքական ուժը, որ ժողովրդի մասնիկն է, փաստացի ամեն ինչ կարող է անել, նույնիսկ իր ուզած մարդուն նախագահ դարձնել, պարզապես 5000-ական դրամ վճարելով: Էժան եւ մատչելի: Քաղաքացին էլ կատարում է իր ընտրությունը՝ դեռ մի բան էլ գումար վաստակելով: Եվ այդպես շարունակ՝ տալիս են, վերցնում են, արդյունքում բոլորը գոհ են, չաղ ու բախտավոր: Բայց այդ վճարովի ժողովրդավարական երկիրն ունի իր իրավական համակարգը, որն ըստ նշանակության չի գործում: Ու «հանուն ժողովրդավարության» պետք է ցույց տալ, թե գործում է: Եվ ահա այս անգամ հազարավոր 5000 դրամ վաստակածներից 5-ն ընտրվել են որպես քավության նոխազ: Թեեւ այս տարվա փետրվարին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ թույլ տրված ընտրակեղծիքների մասով 13 քրեական գործ է հարուցվել, սակայն դրանցից 5-ն է՝ 7 անձի վերաբերյալ, ուղարկվել դատարան: 3 քրեական գործով 5 անձի վերաբերյալ դատաքննություններն ավարտվել են: Արդյունքում ընտրակեղծարարներ Գ. Միքայելյանին, Հ. Մովսիսյանին, Հ. Գլջյանին 600 հազար դրամի չափով տուգանք է նշանակվել, իսկ Ռ. Ղազարյանին եւ Հ. Թահվերդյանին՝ 500 հազար դրամի չափով: Հիմա դատարանները կարող են հպարտությամբ հայտարարել, թե աշխատում, մեղավորներին պատժում են, կեցցեն թափանցիկ ընտրությունները: Իսկ իրականությունն այն է, որ մարդիկ կարող են վճարել 500-600 հազար դրամ եւ կեղծել, ինչքան կարող են:




Լրահոս