Ո՞Վ Է ԳՆՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես այս օրերին, երբ հայտնի դարձավ, որ ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն սնանկ է,  բոլորի քննադատության սլաքները ուղղվեցին Սերժ Սարգսյանի երբեմնի ֆավորիտ գործարար, «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի դեմ: Բոլորը միանգամից հիշեցին, որ անցած տասը տարիների ընթացքում ավիատոմսերը չափազանց թանկ են եղել, իսկ մատուցված ծառայությունների որակը` չափազանց ցածր: Որ Հայաստանի կառավարությունը մեծ արտոնություններ է տվել ընկերությանը, որը, սակայն, դրանք ծառայեցրել է ոչ թե ոլորտի զարգացման, այլ սեփական կարճաժամկետ գերշահույթների ապահովման համար: Այս ամենը, իհարկե  իրականություն է: Ինչպես եւ իրականություն է այն, որ նշված պատկերը առկա է եղել տասը երկար ու ձիգ տարի, սակայն  համապատասխան շրջանակները, չգիտես ինչու, այդ ամենը չեն նկատել եւ որեւէ միջոց չեն ձեռնարկել ազգային ավիափոխադրողի ախորժակը չափավորելու ու ոլորտը վերահսկելու ուղղությամբ: Իհարկե վերջին երկու տարիներին պարբերաբար ծագող, ապա հարթվող հակասությունները ընկերության եւ օդանավակայանի միջեւ արդեն իսկ տեղիք տվեցին տարբեր խոսակցությունների այն մասին, որ ազգային ավիացիայի վրա  համապատասխան շրջանակները աչք են դրել, եւ որ Բաղդասարովն ուր որ է` կվաճառի իր ընկերությունը: Վերջինս, ի դեպ, այդ ընթացքում տարբեր առիթներով հայտարարեց, որ պատրաստ է վաճառել «Արմավիա»-ն, եթե  համապատասխան գնորդ գտնվի: Սակայն այդ գնորդն այդպես էլ չգտնվեց, ավելի ճիշտ` գնորդը կամ գնորդները շատ էին, պարզապես համապատասխան գին չցանկացան վճարել: Եվ ինչո՞ւ վճարել, եթե կարելի էր եւս մի քիչ սպասել, եւ ընկերությունն ինքը սնանկ կդառնար, իսկ կառավարության հետ կնքված պայմանագրի ժամկետն էլ կավարտվեր: Միխայիլ Բաղդասարովը նախօրեին «Իմեդիա»-ին տված հարցազրույցում, ըստ էության, միանգամայն հստակ կերպով ակնարկել է, որ գործընթացները զարգացել են հենց նշված տրամաբանությամբ: «Գիտեք, ես հոգնել եմ այս աշխատանքից, ու եթե կա ինչ-որ նոր բան, թող առանց ինձ լինի: Ես իմ բիզնեսից ողջ գումարն ուղղում եմ «Արմավիա»-ին, իսկ այդ ամենը ցավալի ավարտվեց: Պետք է ավիացիայի նորմալ կանոններ գործեն, որ ամեն ինչ լավ լինի: Բոլորին թվում է, թե ավիացիան շահութաբեր է, իրականում դա վնասաբեր է, դրա համար էլ այսօր տոմսերի գները բարձրացել են»,-հավաստիացրել է Բաղդասարովը` կառավարության կողմից  աջակցության բացակայության հետ կապված հարցին էլ պատասխանելով. «Կառավարությա’նը հարցրեք, բայց ես կարծում եմ, որ կառավարությունը միշտ կարող է օգնել, դա արվել է բոլոր երկրներում, որտեղ ավիացիան  խնդիրներ է ունեցել: Բայց որքանով այսօր կառավարությունը կարող է օգնել, դա կառավարության որոշելիք հարցն է»:  Ու թեեւ Բաղդասարովն ասել է, որ ավիացիայի ոլորտի վրա աչք դնողների շարքում չկա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անունը,  այնուամենայնիվ, նա դա արել է  ոչ այնքան համոզիչ ձեւակերպմամբ` հավելելով, որ գնորդներ, ամեն դեպքում, շատ կան:




Լրահոս