Երեկ ՀՀ Ազգային ժողով եւ կառավարություն հարցուպատասխանին մեկ մարդու պես ներկա էին նախարարների պորտֆելները ժամանակավորապես զբաղեցնող պաշտոնակատարները: Նախկին նախարարները նիստին ներկայացան շատ «թեւաթափված» ու անկումային տրամադրությամբ, իսկ որոշներն էլ փորձում էին ձեւացնել, թե ամեն ինչ նորմալ է, իրենք շատ լավ են աշխատել ու կրկին վերանշանակվելու են:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության հրաժարականը: Ու այժմ կառավարության անդամները ժամանակավոր պաշտոնակատարներ (ԺՊ) են համարվում, մինչեւ նոր կառավարության ձեւավորումը (հրաժարականից 10-օրյա ժամկետում ՀՀ վարչապետը պետք է նշանակվի, 20 օր հետո՝ նախարարները):
Երեկ ԱԺ նիստին մասնակցելու համար խորհրդարան էր եկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի ԺՊ Գագիկ Բեգլարյանը, որն իր ապագա պաշտոնավարման մասին ասաց. «Դա որոշելու է կուսակցությունը: Այդ հարցի հետ կապված սրտնեղելը քաղաքական կատեգորիա չէ ու հատկապես ինձ չի սազում»: Բեգլարյանից հետաքրքրվեցինք՝ գոհ է իր կատարած աշխատանքից, եւ արդյոք դա հիմք է, որպեսզի կրկին նախարար նշանակվի. «Ես ինքս ինձ գնահատական չեմ տալիս: Իմ աշխատանքի գնահատականը միշտ փորձել եմ ստանալ ժողովրդից, այդ ոլորտի մարդկանցից: Յուրաքանչյուր մարդ, եթե ինքն իր աշխատանքից գոհ չլինի ու աշխատի, նա ամենաքիչը պետք է հոգեկան հիվանդ լինի»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ԺՊ Սերգո Կարապետյանն էլ ասաց, թե «չգիտի»՝ կլինի հաջորդ կառավարության կազմում, թե ոչ: Իսկ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը, սովորության համաձայն, սկսեց կատակներ անել, փիլիսոփայել, միայն թե ուղղակի չպատասխաներ պարզ հարցադրմանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի ԺՊ Արմեն Մովսիսյանն այնպիսի տխուր դեմքով մտավ, որ ակամայից հարցրինք՝ եթե նախարար չնշանակվի, ինչով է զբաղվելու: «Ինչպես իմ կուսակցությունը որոշի, երբ որ չնշանակվեմ, այդ ժամանակ էլ կմտածեմ, թե ինչով զբաղվեմ: Իմ աշխատանքի գնահատականը ես չեմ տալիս, տալիս է ժողովուրդը, տալիս են իմ գործընկերները»,-ասաց նա ու հեռացավ:
Առողջապահության նախարարի ԺՊ Դերենիկ Դումանյանն ու բնապահպանության նախարարի ԺՊ Արամ Հարությունյանը հրաժարվեցին կիսվել մեզ հետ իրենց զգացողություններով՝ պատճառաբանելով, թե նիստի են շտապում:
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՄԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ