ԱՄԲՈԽՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններին, ասել է, որ ինքը տեսել է պայքարող ՀՀ քաղաքացիներին, իսկ ամբոխը ՀՀ իշխանություններն են, որոնք չեն կառավարվում ՀՀ օրենքներով. «Ես իրադարձությունների սկզբից մինչեւ վերջ եղել եմ իրադարձությունների թատերաբեմում, որեւէ անկառավարելի, անպատասխանատու բան տեղի չի ունեցել»: Փաշինյանը հայտնել է, որ մասնակցելու է նաեւ վաղը կայանալիք հանրահավաքին:
ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԱԺ-ում դիմելով նախօրեին հրաժարական տված վարչապետ Տիգրան Սարգսյանին, հարցրել է. «Երբ ապրիլի 9-ին կառավարության հրաժարականն էիք ներկայացնում, Ձեր դեմքի արտահայտությունը մտահոգ էր: Մտահոգ էիք, որ թողել եք 36% աղքատությո՞ւն, 1 մլն-ից ավելի մարդիկ աղքա՞տ են, 1000-ավոր երեխաներ քաղցա՞ծ են, 39% ստվե՞ր կա, 35 հազ. դրամ նվազագույն աշխատավա՞րձ են ստանում, մադրիդյան սկզբունքներով համաձա՞յն եք հայրենիքի մի մասը հանձնել թշնամուն, Թուրքիայի հետ համաձայնություն եք կնքել ու պատրաստ եք ցեղասպանության պտուղը ճանաչե՞լ… Մեղքի զգացումով չե՞ք տառապում, արդյոք այդ զգացումը կիսում են Ձեր կառավարության մյուս անդամները, թե ոչ»: Ի պատասխան՝ Տ. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Փոստանջյանին` մշտապես իր զգացողություններով հետաքրքրվելու համար՝ միեւնույն ժամանակ հորդորելով զգացողության նրբերանգները պահպանել նաեւ քաղաքական կեցվածքում, որ մեր երկրում չտարածվի չարություն:
ՉԻ ԵՆԹԱՐԿՎԻ
NEWS.am-ի տեղեկացմամբ` նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դեմ մեղադրանք է ներկայացվել ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: 3 ժամ ոստիկանական բաժանմունքում անցկացրած Ղուկասյանը կայքին ասել է, որ ինքը մտադիր չէ վճարել վարչական տուգանքը, քանի որ այն համարում է անհիմն:
ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑ
Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ապրիլի 9-ի դեպքերին՝ ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին տեղում ներկայացված Վարդան Օսկանյանն ասել է. «Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աներ նույնը, ինչ «Ժառանգություն»-ը, այսինքն` դուրս գար փողոց, բանը կավարտվեր արյունահեղությամբ: Ր. Հովհաննիսյանն ավելի փոքր կուսակցությամբ մասնակցեց եւ զգալի թվով ձայներ ստացավ: Պատկերացրե՛ք, եթե «Բարգավաճ Հայաստան»-ը, լինելով ավելի խոշոր ուժ, նյութական եւ կազմակերպչական հնարավորություններով, մասնակցեր նախագահական ընտրություններին: Հավատացե՛ք, մրցակցությունն ավելի սուր կլիներ, մենք ավելի շատ ձայն կհավաքեինք, բայց նրանք կրկին կնկարեին թիվը, եւ մենք ստիպված կլինեինք փողոց դուրս գալ»: Օսկանյանը հավաստիացրել է, որ դա անխուսափելիորեն կհանգեցներ արյունահեղության:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՓԱԿՎԵԼ Է
Երեկ՝ ժ. 19:30-ի սահմաններում, «168 ժամ»-ի թղթակիցն այցելել է «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ պարզելու, թե ապրիլի 9-ի իրադարձություններից հետո ինչ իրավիճակ է տիրում կուսակցությունում, ինչ քայլեր են պատրաստվում կատարել առաջիկայում ժառանգականները, որտեղ է Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր են այցելում նրան եւ այլն: Սակայն, որքան էլ զարմանալի է, գրասենյակի դուռը փակ է եղել: