Հայաստանում ստեղծվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ՏՀՏ ոլորտի մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, որի նպատակն է ներկայացնել ու պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը: Նորաստեղծ միության ծրագրերի և առաքելության մասին մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են «Յունիքոմփ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը:

Միությունը հնարավորություն կտա ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցել ոլորտի փոփոխվող պահանջներին օրենսդրության համապատասխանեցմանը, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը և խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումն ու նոր կազմակերպությունների ստեղծումը:

Միության հիմնական նպատակներից է աջակցություն ցուցաբերել ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի համար կադրեր պատրաստող հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների` միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցմանը: Նախատեսվում է նաև նպաստել ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների աճին, տրամադրել բիզնես և իրավաբանական խորհրդատվություն և այլն:

ՏՀՏ գործատուների միությունը, հաշվի առնելով Հայաստանում առկա ներուժը, հատուկ ուշադրություն է դարձնելու դպրոցական և բուհական կրթությանը՝ ձեռնարկելով հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ: Հիմնարար գիտելիքների մակարդակի բարձրացման հետ միաժամանակ սատարվելու և իրականացվելու են գիտության և արտադրության մերձեցման և սերտաճման հետ կապված ծրագրեր:

Մեծ ուշադրություն է դարձվելու միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, միջազգային օլիմպիադաներին և ծրագրերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը, ինչպես նաև ՏՀՏ Գործատուների Միության նախաձեռնություններում համաշխարհային նշանակության կազմակերպությունների ներգրավմանը:

Միությունն իր առջև դրված խնդիրները և նպատակները պատրաստվում է իրականացնել՝ սերտորեն համագործակցելով ՀՀ Կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՏՀՏ և հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառույցների և կազմակերպությունների, այլ երկրների պետական, հասարակական և ոլորտային կառույցների հետ:

«Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիների ոլորտը արդեն իսկ դարձել է «առանց սահմանների» տնտեսության շարժիչ ուժը: Նոր իրականությունում հրամայական պահանջ է միավորել Հայաստանի ՏՀՏ և հարակից ոլորտի գործատուներին, հասնել աշխատանքի արտադրողականության զգալի բարձրացման, գիտության և տնտեսության միահյուսման, հաստատել ամուր տնտեսական հարաբերություններ համաշխարհային կազմակերպությունների հետ: Համոզված եմ, որ նորաստեղծ ՏՀՏ գործատուների միությունը հզոր խթան կհանդիսանա այս գործընթացներում»,-իր ելույթում նշել է ՏՀՏ Գործատուների Միության նախագահ Արմեն Բալդրյանը:

«Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիները մեծ նշանակություն են ստացել ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ բիզնեսում: Ավելին, դրանց դերը օրեցօր դառնում է որոշիչ: ՏՀՏ զարգացմանը համընթաց առաջ են գալիս տնտեսության նոր ուղղություններ որոնց զարգացման գործում ՏՀՏ գործիքների կիրառումը դառնում է ոչ միայն ահրաժեշտ այլ նաև անխուսափելի: Նորաստեղծ Միությունը կոչված է համագործակցելու տնտեսության տարբեր ոլորտների, հասարակական և կրթական կառույցների հետ, ապահովելով այդ ոլորտների առավել արդյունավետ զարգացումը»,-ասել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:




Լրահոս