Ինչ պահանջներ է ներկայացրել Ռուզաննա Խաչատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցի գործով դատաքննությունը: Հայցադիմումին օրաթերթն ամբողջությամբ առարկել է՝ գտնելով, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման:

Դեկտեմբերի 7-ին կհրապարակվի դատական ակտը:

Դատական նիստին նախագահող դատավոր Ռուբեն Վարդազարյանը հարցեր ուղղեց կողմերին: Մասնավորապես, պատասխանող կողմ, խնդրո առարկա հոդվածների հեղինակ Սյուզան Սիմոնյանին՝ արդյո՞ք «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածը դիտարկվում է որպես հերքում, ինչին պատասխանողը բացասական պատասխան տվեց՝ պարզաբանելով, որ նշված հոդվածը պատասխան է: Ասել կուզի, որ առաջին հոդվածից հետո հայցվոր Ռուզաննա Խաչատրյանը համացանցի իր էջում գրառում էր կատարել՝ ի պատասխան «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի, որից հետո խմբագրակազմը հրապարակել է երկրորդ հոդվածը՝ սրանում զետեղելով նաև Ռ. Խաչատրյանի գրառումը:

Պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը նկատեց. «Երկրորդ հոդվածը դիտարկում ենք որպես բարեխիղճ լրագրության դրսևորում: Այստեղ նաև ներառվել է hzham.am սկզբնաղբյուր կայքի հղումը»:

Սրան ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը հարց ուղղեց, թե նիստերից մեկի ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասել է, որ hzham.am-ում այնքան շատ էին վատ բաները, որ իրենք հարկ չեն համարել հղում տալ, ինչո՞ւ հաջորդ հոդվածում ավելացվեց հղումը: Իսկ պատասխանողի մյուս ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հնչեցրեց հետևյալ հռետորական հարցը. «Դուք հերքո՞ւմ էիք պահանջելու եթե հղում լինե՞ր, թե՞ չլիներ»:

Կարեն Մեժլումյանը դատավորի հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ հերքման տեքստը և պատասխանը տարբեր են: Ըստ ներկայացուցչի՝ հերքման տեքստը կարող է մշակել դատարանը՝ միաժամանակ նկատի ունենալով, որ պետք է հերքվի հոդվածում առկա տվյալներն այն մասին, թե Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանն արտամուսնական կապի մեջ են եղել, ինչպես նաև, որ Ռուզաննա Խաչատրյանի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթար է եղել: Հայցվորը պահանջում է նաև հեռացնել hraparak.am կայքից «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը:

Իսկ դատարանի հարցին՝ իրավական ի՞նչ հիմքեր կան, որ հոդվածի հեռացումով իրավունքի խախտում չի լինի՝ նկատի ունենալով ընթերցողի իրավունքը, քանի որ կհերքվի մի բան, որը, ըստ երևույթին, չկա, հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց, որ դա իր վստահորդի խախտված իրավունքի արդյունավետ միջոցն է. «Սա ոչ թե պատասխանատվության միջոց է, այլ խախտված իրավունքի վերականգման»:

Այսպիսով՝ հայցվորն օգտվում է ընձեռված երկու հնարավորությունից էլ, իսկ ահա պատասխանող կողմը կարծում է, որ պետք է պահանջ ներկայացնել կամ, կամ-ով:




Լրահոս