Ապրիլի 9-ին Երեւանի Տերյան փողոցում՝ Ազգային գրադարանի տարածքում, 16-ամյա անչափահաս Հայկ Աղամալյանը դանակահարել է 19-ամյա Տիգրան Հայրապետյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տղաները վիճել են կենցաղային հարցերի շուրջ, եւ Հայկը, չընդունելով իր սխալը, դանակահարել է Տիգրանին:
Տեղեկացնենք, որ դանակահարող Հայկ Աղամալյանը Երեւանի թիվ 3 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է, իսկ Տիգրան Հայրապետյանը սովորում էր Երեւանի տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսում: Թե ինչը կարող էր միավորել դպրոցահասակ եւ ուսանող տղաներին, եւ ինչու նրանց հարաբերությունները պետք է նման վատ վերջաբան ունենային, կփորձեն պարզել իրավապահ մարմինները:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին կատարվածը Երեւանի տնտեսագիտական համալսարանին առնչվող միակ միջադեպը չէր: Մինչ սպանության մասին տեղեկության տարածումը, բուհի ուսանողների եւ շենքի դիմաց հավաքված դասադուլ հայտարարած երիտասարդների միջեւ եւս քաշքշուկ էր սկսվել, եւ կրքերն այնքան էին թեժացել, որ ուսանողները սկսել էին վիրավորել միմյանց: Ու միայն ոստիկանների միջամտությունից հետո էր իրավիճակը խաղաղվել:
«Ժողովուրդ»-ը փորձեց դեպքի վայրում պարզել, թե ինչ կապ կարող է լինել երիտասարդ տղայի սպանության եւ բուհի տարածքում տեղի ունեցած քաշքշուկի միջեւ: Այն, ինչ առաջին հայացքից նկատելի էր, ուսանողների ընկճվածությունն էր: Գրեթե բոլոր ուսանողները տեղյակ էին կատարվածից եւ լացակումած աչքերով նայում էին Տիգրանի լուսանկարին, որը փակցված էր բուհի միջանցքում:
Զրուցեցինք կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանի հետ, որը թեեւ բավական հուզված էր, սակայն զսպելով արցունքները՝ պատասխանեց մեր հարցերին: Նա ի սկզբանե բացառեց դասադուլավորների հետ տեղի ունեցած միջադեպի եւ Տիգրանի սպանության միջեւ հնարավոր առնչության վարկածը. «Դասադուլավորները, երբ բուհի տարածքում էին, վանկարկումներ էին անում, մեր բուհում դասապրոցեսը նորմալ ընթացքի մեջ էր, ոչ մի արտառոց բան չկար: Տիգրանն այդ օրը նույնպես բուհում է եղել, սակայն վերջին դասաժամերին չի նստել»: Դեկանից տեղակացանք, որ Տիգրանի պապիկը` Սարգիս Հայրապետյանը, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դասախոս է:
«Ժողովուրդ»-ը եղավ նաեւ կառավարման ֆակուլտետի այն լսարանում, որտեղ սովորում էր Տիգրանը: Հիմնականում համակուրսեցի աղջիկներն էին այնտեղ, որոնք պատմեցին, որ երբ լսել են դեպքի մասին, անմիջապես զանգահարել են Տիգրանին, որպեսզի համոզվեն՝ դեպքը կատարվել է իրենց ընկերոջ, թե Տիգրան անունով այլ տղայի հետ: Սակայն կուրսեցին հեռախոսազանգերին չի պատասխանել: «Տիգրանը մեր կուրսում իրեն շատ մոտ 4 ընկերներ ունի, եւ երբ մենք զանգահարեցինք նրանց, նրանք էլ տեղյակ չէին այդ մասին: Նա միայնակ է գնացել»,-հայտնեցին աղջիկները, որոնք ավելի ուշ են իմացել, որ մահացողն իրենց համակուրսեցին է:
Պարզեցինք, որ Տիգրանի հետ է եղել նաեւ իր մտերիմ ընկերներից մեկը` Ռոբերտ Խաչատրյանը, եւ ականատես է եղել, թե ինչպես է Հայկը դանակահարել ընկերոջը: Ռոբերտը՝ որպես վկա, ապրիլի 9-ին՝ ողջ օրը, գտնվել է ոստիկանությունում: Նրան ազատ են արձակել միայն երեկ առավոտյան:
Համալսարանում արված մեր հարցուփորձի ընթացքում դանակահարության ամենահավանական վարկածը համարվում էր կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճը: Տղաները կեսօրին հավաքվել են Ազգային գրադարանի տարածքում՝ հասկանալու համար, թե ով է ճիշտ, եւ ով՝ սխալ, արդյունքում սկսվել է քաշքշուկ, եւ Հայկը դանակով հարվածել է Տիգրանի կրծքավանդակին:
Այցելեցինք նաեւ թիվ 3 դպրոց, որտեղ սովորում է Հայկը: Դպրոցի գլխավոր մուտքի դուռը փակ էր: Եվ սա այն դեպքում, երբ դպրոցում դասերը դեռ չէին ավարտվել: Երբ դպրոցի հսկիչից (պահակ) հետաքրքրվեցինք, թե ինչու է դուռը փակ, նա ասաց, թե անծանոթ մարդկանց մուտքը բացառելու համար են փակել:
Այնուամենայնիվ, ներս մտանք, եւ ի սկզբանե նկատվեց, որ աշակերտները եւ ուսուցիչները վախվորած եւ լարված վիճակում էին: Ուսուցիչներից մեկն ասաց, որ նկատել է, թե ինչպես են դպրոցի դիմացի մայթում երեք տղա դիպուկահարներին հատուկ նայվածքով հետեւում դպրոցի անցուդարձին, եւ դա շարունակվել է երկար ժամանակ. «Շատ ուշադիր նայում էին, եւ երբ նրանց ոստիկան մոտեցավ, տղաները հեռացան»:
Դպրոցի աշխատակիցներից տեղեկացանք, որ դեպքի օրը Հայկը դասի չի եկել, թե ինչն է բացակայության պատճառը, չգիտեն: Նշենք նաեւ, Հայկի մայրը թիվ 82 դպրոցում մանկավարժ է: Ուսուցիչների գնահատմամբ՝ Հայկի ընտանիքը նորմալ ընտանիք է. «Ծնողներն ուշադիր են եղել մշտապես: Մենք էլ շատ վատ վիճակում ենք հայտնվել` լսելով այդ դեպքի մասին»:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ փաստի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Հայկը ձերբակալված է:
Հ.Գ. Տիգրանն իր ֆեյսբուքյան պատին է անմահացրել ամերիկյան հայտնի դերասան Ալ Պաչինոյի խոսքերը. «Պե՞տք է արդյոք ներել թշնամուն: Աստված կների: Մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է»:
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՃԻՇՏՆ ՈՒ ՍԽԱԼԸ ՊԱՐԶԵԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ