ՀԱՅԻ ԲԱԽՏ
Պարզվել է ՌԴ Վլադիմիրի մարզում վթարից զոհված բոլոր 7 անձանց ինքնությունը. նրանցից հինգը Հայաստանի քաղաքացիներ են: Վթարի ենթարկված «Գազել»-ի ուղեւորներն են՝ Ալեքսանդր Շուստրովը (1967թ.), Զուրաբ Ավագյանը (1981թ.), Սասունիկ Սարգսյանը (1963թ.), Վարդան Վարդանյանը (1980թ.), Արտյոմ Խաչատրյանը (1987թ.), Արթուր Խաչատրյանը (1988թ.): Mitsubishi-ի վարորդը Անդրեյ Լեգոմինն է (1982թ.), իսկ ուղեւորի ինքնությունը դեռ անհայտ է:
ԱԶԵՐԻՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ
Երեկ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանցիները դիմել են աննախադեպ արկածախնդրության: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչեւ մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով եւ պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել եւ շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձեւով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել, ինչի արդյունքում հակառակորդը, հնարավոր է, ունենա նաեւ մարդկային կորուստներ:
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ «ԶԱԴՆԻՆ»
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ Մատաղիսի գործով արդարացվածներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի հայցի քննությունը: Հայցվորները Ջհանգիրյանից պահանջում են իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում եւ հրապարակային ներողություն: Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերին Գ. Ջհանգիրյանը հայտարարել էր. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին, ես չեմ փոխել իմ կարծիքը», սակայն երեկ նախկին զինդատախազի փաստաբան Վահե Հովսեփյանն ասել է, որ Ջհանգիրյանի արտահայտություններն ուղղված են եղել ոչ թե կոնկրետ հայցվորներին, այլ անորոշ շրջանակի:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ներկայացրած 2011թ. մարդու իրավունքների մասին զեկույցին, մեջբերել է «Human rights» միջազգային կառույցի տեղեկատվությունը, ըստ որի՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը համարվել է տարվա քաղաքական բանտարկյալ Հայաստանում: «Եթե մեր իրավունքի պաշտպանները սրան են ուզում հասնել, սա է Հայաստանի քաղաքական դրսեւորումները միջազգային կառույցներում, ապա այդ առումով՝ հաջողություններն ակնհայտ են»,- ասել է Ա. Մանուկյանը` նկատելով, որ դա ոչ թե մարդու իրավունքների պաշտպանի կամ «կիսապաշտպանի», այլ քաղաքական խնդիր է: