ԻՇԽԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՈՒԺԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն լուրերը, որ սահմանադրական փոփոխություններն իշխանական համակարգում միանշանակ չեն ընդունվել, Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց են շրջանառվում: Սակայն այդ լուրերը, որպես կանոն, հիմնականում մի տեսակ անտեսված էին մնում, որովհետեւ տեղեկությունների սղությունը հնարավորություն չէր տալիս ընդհանրական պատկերը տեսնել:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել առ այն, որ արդեն բավական երկար ժամանակ է՝ իշխանության ներսում երիտասարդների մի մեծ խումբ է ձեւավորվել, որի ներկայացուցիչները վաղուց ցանկանում են ղեկն իրենց ձեռքը վերցնել: Երիտիշխանություններն այս գործում լուրջ դաշնակից ունեն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որն այս ընթացքում հետեւողական կերպով կարողացել է իր ծրագրերը գաղտնի պահել: Այս ծրագրի հաջողվելու դեպքում Սարգսյանն իշխանությունը պետք է ժառանգի իր փեսայի` Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի թիմին: Իսկ ինքը՝ Սարգսյանը, այս դեպքում կլինի երիտիշխանականների հիմնական «հովանավորը»: Ի վերջո, Մինասյանը ՀՀԿ նախագահի համար փաստացի որպես որդի է, ամենավստահելի մարդը: Նրան Վատիկանում դեսպան ուղարկելով՝ Սերժ Սարգսյանը փաստացի հոգաց, որ քաղաքական անցուդարձից հեռու մնա` ժամանակից շուտ չվարկաբեկվելու համար:
Նախագահական կառավարման պայմաններում վտանգը շատ մեծ է, որ իշխանության փոխանցումը կարող է տապալվել: Դրանում երիտիշխանությունները համոզվել են 2013-ի նախագահական ընտրությունների փորձից: Առավել եւս, որ երիտիշխանությունները չեն կարող չգիտակցել, որ եթե իրենք փորձեն 2018-ի նախագահական ընտրությունների միջոցով երկրի ղեկն իրենց ձեռքը վերցնել, ապա առավել հավանական է, որ, այսպես կոչված, տարեցները կհրաժարվեն իրենց աջակցել, եւ գործընթացը կարող է ձախողվել: Նախագահական ընտրություններում ձախողվելու դեպքում երիտիշխանությունները պարզապես կկործանվեն: Իհարկե, իշխանության, այսպես կոչված, տարեց թեւը եւս մեծ կորուստներ կկրի: Սակայն նրանց դեպքում դա կլինի իրենց ունեցվածքի մի մասի փոշիացում ընդամենը:
Խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում երիտիշխանությունները նախ կարող են ՀՀԿ-ում «հեղաշրջում» իրականացնել: Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելով՝ նրանց դժվար չի լինի դա անել: Ի դեպ, Մինասյանի թիմն իշխանության քոչարյանական երիտկադրերի հետ եւս, կարելի է ասել, բոլոր հարցերում արդեն պայմանավորվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քոչարյանական երիտկադրերի առաջնորդը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է, եւ ժամանակին նրա հրաժարականը հենց այս ծրագրով է պայմանավորված: Մինասյանը եւ Գեւորգյանը փաստացի համաձայնել են, որ եթե իրենց ծրագիրը հաջողվի, ապա իրենք իշխանությունը պարզապես կկիսեն: Նախնական բաժանմամբ Գեւորգյանին բաժին կհասնի գործադիրի կառավարումը, այլ կերպ ասած՝ 2017-ի խորհրդարանական ընտրություներից հետո նա կդառնա վարչապետ, իսկ Մինասյանի թիմը կվերահսկի խորհրդարանը:
Իհարկե, իշխանության, այսպես կոչված, տարեց թեւը եւս ձեռքերը ծալած չի նստել: Այս թեւի «առաջնորդը» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Որքան էլ նրա համար սահմանադրական փոփոխություններն անցանկալի լինեն, միեւնույն է՝ նա չի կարող դրան բացահայտ դեմ արտահայտվել: Սահմանադրական փոփոխությունների քարոզչական շտաբի պետի պաշտոնը ստանձնելով՝ Հովիկ Աբրահամյանը փորձում է գործընթացը փաստացի իր վերահսկողության տակ պահել: Եթե նա չստանձներ շտաբի պետի պաշտոնը եւ թույլ տար, որ ՀՀԿ-ի շտաբի պետ դառնա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ապա դա նույնը կլիներ, թե ի սկզբանե համաձայներ իշխանության ղեկը երիտիշխանականներին հանձնելու գաղափարի հետ: ԲՀԿ-ի փլուզումը կանգնեցնելով եւ իր վերահսկողության տակ վերցնելով՝ Հովիկ Աբրահամյանն իր համար լրացուցիչ խաղաքարտ է ստեղծել, որը անհրաժեշտության դեպքում նա կօգտագործի` երիտիշխանականների գրոհը կասեցնելու համար: Իհարկե, այլ հարց է, թե որքանով կհաջողվի Աբրահամյանին իր դիրքերը պահպանել: Ամեն դեպքում, նա իր նահանջի ճանապարհը եւս գծել է: Իր որդուն` Արգամ Աբրահամյանին, Արտաշատի քաղաքապետ դարձնելով՝ նա փաստացի փորձել է ապահովել Աբրահամյանների կլանի անվտանգությունը: Եթե Աբրահամյանին չհաջողվի ՀՀԿ-ի «հեղաշրջումը» կանխել, ապա այդ դեպքում խաղի մեջ կմտնի նրա որդին` Արգամ Աբրահամյանը, որը հոր փոխարեն կստանձնի Արարատի մարզի պատասխանատվությունը, սակայն արդեն որպես երիտիշխանականների թիմի անդամ: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն ամեն դեպքում իր ազդեցությունը կպահպանի:
Սա, կրկնում ենք, «իշխող նոր ուժի ձեւավորում» անվանումով ծրագրի ընդհանուր երանգներն են, որի մեջ հաշվի առնված չէ ընդդիմության դաշտում հնարավոր զարգացումները: Բանն այն է, որ եթե իշխանություններին չհաջողվի ներկա` թույլ եւ վերահսկելի ընդդիմադիր դաշտը պահպանել, ապա իրադարձությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ, եւ այդ դեպքում ներիշխանական մի շարք պայմանավորվածություններ կարող են հօդս ցնդել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԵՎՍ ՄԵԿ «ԿԼԱՆՈՒՄ»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` երեկ տեղի ունեցած նիստի օրակարգում քննարկված հարցերից մեկի բովանդակությունից տեղեկանում ենք, որ նախորդ ամիսներին «Յուքոմ» ընկերությունը հեռահաղորդակցության ոլորտի եւս մեկ ընկերություն «կլանելու» գործընթացը ավարտվել է: Տվյալ դեպքում խոսքը «ԱԱՏՎՔ» ՓԲԸ-ի մասին է, որը մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունի: ՀԾԿ հանձնաժողովը երեկ որոշել է փոփոխություններ կատարել «ԱԱՏՎՔ» ՓԲԸ-ին ռադիոհաճախականություններ օգտագործելու թույլտվություն տալու վերաբերյալ իր կողմից կայացված մի շարք որոշումներում: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ «Յուքոմ» ընկերությունը շարունակում է կլանել հեռահաղորդակցության շուկան:

 

ՆԱ ԵՎ ԱՐՈՒՍԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն ու իր տեղակալ Գագիկ Պողոսյանը մի քանի օրով «անհետացել էին»: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գագիկ Պողոսյանն ու Արգամ Աբրահամյանը մեկնել էին Չինաստան եւ այնտեղից վերադրաձել են անցած ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին: Նշենք, որ երբ «Ժողովուրդ»-ն անցած շաբաթ փորձում էր Արտաշատի քաղաքապետարանից ճշտել, թե ուր են մեկնել քաղաքապետը եւ նրա տեղակալը, քաղաքապետարանի ընդունարանի աշխատակիցը, որը չէր ցանկացել ներկայանալ, ասել էր, որ Գագիկ Պողոսյանը երկրում չէ, իսկ Աբրահամյանի մասով խուսափել էր որեւէ տեղեկություն հայտնել: Գագիկ Պողոսյանը եւ Արգամ Աբրահամյանն ազգականներ են: «Ժողովուրդ»-ին, ի վերջո, հաջողվեց զրուցել Գագիկ Պողոսյանի հետ եւ հենց նրանից փորձել պարզել, թե ինչու էին մեկնել Չինաստան: «Մենք միայն մեկ օր գործի չենք եկել, բայց Հայաստանում ենք եղել ուղղակի մի քիչ վատառողջության պատճառով»: «Ժողովուրդ»-ի ճշտող հարցին, թե իր խոսքերը վերաբերում են նաեւ քաղաքապետին, նա պատասխանել է. «Որ ես ասում եմ ես, ուրեմն քաղաքապետն էլ հետս է»:

 

Ե՛Վ ՏԻՄ, Ե՛Վ ՀԱՆՐԱՔՎԵ
Հայաստանի մի շարք մարզերում այս տարվա դեկտեմբերի 6-ին տեղի կունենան ոչ միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, այլեւ տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններ: Այդ օրը համայնքի ղեկավար կըտրեն Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ եւ Սյունիք մարզերի մի շարք համայնքներում: ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի 5, Գեղարքունիքի 3, Արմավիրի 7, Լոռիի 2, Շիրակի 8, Սյունիքի 3 գյուղերում: Բնականաբար, առաջադրված թեկնածուները ՀՀԿ-ականներ են կամ անկուսակցականներ: Ի դեպ, փորձը ցույց է տվել, որ անկուսակցականներն ընտրվելուց հետո դառնում են ՀՀԿ-ական:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎՆԱՍԱԿԱՐ Է
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ շեշտելով հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը: Երկուստեք ընդգծվել է, որ խնդրի կարգավորման շուրջ քննարկումներն այլ ձեւաչափեր տեղափոխելու փորձերը վնասակար են:

 

ԾԱՆՈԹ ՉԷ
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը երեկ Երեւանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությանը եւ կարծիք հայտնել, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Դիտարկմանը, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցից հետո խոսակցություններ են պտտվում ԼՂ որոշ տարածքներ հանձնելու մասին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասել է. «Ես ծանոթ չեմ այդ հայտարարություններին, բայց վստահ եմ, որ համանախագահներն աշխատում են բանակցային գործընթացին աջակցելու ուղղությամբ, որն, ի վերջո, կբերի հակամարտության կարգավորման»:

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Երեկ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչությունում, ինչպես նաեւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատում եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում:

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ ԶՐԿՎԵԼ ԵՆ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում բակալավրի եւ մագիստրոսի բժշկական կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել բժշկական մասնագիտություններով գործող մի շարք ոչ պետական ԲՈՒՀ-երում: Դրանց արդյունքներով դադարեցվել են «Նավասարդ ինստիտուտ» ՍՊԸ-ին բարձրագույն կրթական ծրագրով, դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանով ստոմատոլոգիա եւ բակալավրի որակավորման աստիճանով իրավագիտություն մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի գործողությունը, Գյումրիի «Պրոգրես» համալսարան» ԱԿ-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով ստոմատոլոգիա մասնագիտության գծով գործունեության բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը: Բացի այդ՝ նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ի մագիստրոսի կրթական ծրագրով ստոմատոլոգիա եւ դեղագիտություն մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի գործողությունը:

 

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման տարիներին հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման համար:




Լրահոս