ՀՖՖ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է, ԲԱՅՑ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին Երեւանում կայացած Հայաստան-Չեխիա հանդիպումը ֆուտբոլային պատմության մեջ կմնա ոչ միայն մեր հավաքականի` 0:3 հաշվով կրած պարտությամբ, այլեւ հանդիպման տոմս ունեցող, բայց մարզադաշտ չմտած ֆուտբոլասերների հետ կապված սկանդալով: Ընդ որում, դա Երեւանում կայացած միջազգային ֆուտբոլային պաշտոնական հանդիպումների առումով առաջին դեպքը չէր:
Դեռեւս մարտի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց Հայաստան-Չեխիա խաղից  հետո հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանի հայտարարության, ինչպես նաեւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի` հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: Բացի այդ, նա անդրադարձավ տոմսերի հետ կապված մեծ աղմուկ հանած խնդրին` մասնավորապես հայտարարելով. «Իհարկե, պատասխանատուն մենք ենք, բայց տոմսերի հարցը պետք է կարգավորեր «Արմոբիլ» ընկերությունը: Նրանք առանց տոմսերի մարդկանց են թույլ տվել մտնել ստադիոն»։
Ի դեպ, ՀՀ ոստիկանությունն անհիմն էր համարել տոմս ունեցող, բայց մարզադաշտ չմտած ֆուտբոլասերների հետ կապված միջադեպի վերաբերյալ ոստիկանության հասցեին հնչեցված մեղադրանքները: Ինչպես նշել էր Երեւան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանությունը պատասխանատու է մարզադաշտի ներսում եւ հարակից տարածքում հասարակական կարգի համար, իսկ տոմսերի, մարդկանց թողնել-չթողնելու հետ ոստիկանությունը բացարձակ կապ չունի. «Տոմսերը ստուգող կազմակերպությունն «Արմոբիլ»-ն է, ոստիկանները տոմս չեն ստուգում, նրանք այնտեղ կանգնած են եւ հսկողություն են իրականացնում, որ ապակյա տարաներ կամ այլ արգելված առարկաներ չմտցնեն մարզադաշտ: Իսկ տոմս ունեցող մարդկանց ներս չեն թողել մարզադաշտ, որովհետեւ այն ամբողջությամբ լցված է եղել, եւ եթե դրսում գտնվող մարդկանց ներս թողնեին, մարզադաշտում քաոս կառաջանար, կսկսեին վիճել տեղերի, տոմսերի հետ կապված, իսկ դա միջազգային խաղ էր, երկրի հեղինակության հարց»:
Քանի որ ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ տոմսերի հարցում պատասխանատուն ամեն դեպքում իրենք են, «Ժողովուրդ»-ը դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա` պարզելու, թե ինչ է արվել եւ ինչ է արվելու մարզադաշտ մտնել չկարողացած մարզասերների տոմսերի արժեքը փոխհատուցելու ուղղությամբ: Այնտեղից մեզ խորհուրդ տվեցին դիմել «Արմոբիլ» ընկերություն: Դիմեցինք «Արմոբիլ», որտեղից խոստացան պատասխանել (ի դեպ, այդ ընկերությունը հերքել էր առանց տոմսի մարդկանց մարզադաշտ թողնելու վերաբերյալ լուրերը), սակայն մինչեւ օրվա վերջ պատասխան չստացանք: Այն ստանալուն պես կներկայացնենք ընթերցողներին: Մի բան կարող ենք ստույգ ասել. «Ժողովուրդ»-ը հետեւողական է լինելու այդ հարցում, որպեսզի հետագայում նման դեպքեր չկրկնվեն:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս