ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքը որոշակի կրճատումներով հրապարակել է գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերության հարցազրույցի հայերեն տարբերակը:

DW-Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, որում ընդգրկված են երկրի՝ խորհրդարանական հանրապետության անցնելու եւ վարչապետի լիազորությունների ընդլայնման հարցերը: Հոկտեմբերին խորհրդարանի ընդունած այդ նախագիծը Դուք անվանել եք «սարսափելի սխալ»: Ինչի՞ց է բխում այդ կտրուկ գնահատականը:
Ռոբերտ Քոչարյան-Հայաստանը՝ որպես կիսանախագահական Հանրապետություն, առավել ֆունկցիոնալ է: Բայց այստեղ խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որեւէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Եվ ես կարծում եմ, որ այստեղ թաքնված շատ մեծ ռիսկեր կան: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում: Ինչի՞ դա կհանգեցնի: Մեր սեփական փորձը դա բավականին լավ ցույց է տվել: Ըստ էության սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որեւէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը: Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, պայմանավորվել, գտնել առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ: Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, եւ պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում:
DW-Այս աշունը մռայլվեց Ադրբեջանի եւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրադրության սրումով: Եթե նախկինում խոսք էր գնում «դիպուկահարների պատերազմի» մասին, ապա այժմ մարդիկ զոհվեցին առավել ծանր զինատեսակների կիրառումից: Արդյո՞ք այդ սրացումը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵՀԱԿ Մինսկի խմբի թուլության արտահայտություն է:
Ռոբերտ Քոչարյան-Ի՞նչ կապ ունեն այստեղ միջնորդները, եթե հակամարտության կողմերը կամ կողմերից մեկը բավարար չափով չի գիտակցում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Միջնորդները ստեղծում են ինչ-որ պլատֆորմ՝ հակամարտող կողմերի միջեւ շփման համար, փորձում են մշակել ինչ-ինչ առաջարկներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են լինել երկկողմանի ընդունելի: Շփման գծում մշտական դիտարկում չկա, եւ միջնորդները շատ զգույշ են իրենց գնահատականներում: Նրանք չեն ցանկանում գնահատողի դեր ստանձնել, թե ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ, ով առաջինը կրակեց, ով՝ պատասխանեց: Հակառակ պարագայում նրանք վտանգում են կորցնել հակամարտության կողմերի հետ ձեռք բերված հարաբերությունները: Բայց ուշադրություն դարձրեք միջնորդների ձեւաչափին՝ ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա, որի թիկունքին կանգնած է Եվրամիությունը: Կարելի՞ էր միջնորդական առավել պատկառելի ձեւաչափ մտածել: Դժվար թե: Այնպես որ, խնդիրը հակամարտության կողմերի ակնկալիքների եւ մոտիվացիայի մեջ է: Ի՞նչ են նրանք ակնկալում կրակի դադարեցումից եւ ի՞նչ հակամարտության կարգավորումից առհասարակ: Բավական է միայն նայել վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնական անձանց արած հայտարարությունները, եւ դրանցում կհնչեն պատասխաններն այն հարցերի, թե ինչու են այսօր կրակում շփման գծում, թե ինչու իրականում չկա կրակի դադարեցում եւ թե ինչու են օգտագործվող զինատեսակների տրամաչափերն աճում:
DW-Ինչպե՞ս է միջնորդների աշխատանքի վրա ազդում Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ հակասությունը, որն առանձնապես սուր է զգացվում Սիրիային եւ Ուկրաինային վերաբերող հարցերում:
Ռոբերտ Քոչարյան-Կարելի է ենթադրել, որ համագործակցության էնտուզիազմը կնվազի, բայց Ռուսաստանն ու Արեւմուտքը շարունակում են համագործակցել մի շարք այլ ուղղություններով, եւ ես լիահույս եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն այդ ուղղություններից մեկն է:
DW-Ո՞վ կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացի վրա: Որտե՞ղ է դրված խնդրի խաղաղ կարգավորման բանալին՝ Մոսկվայո՞ւմ, Վաշինգտոնո՞ւմ:
Ռոբերտ Քոչարյան-Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում:
DW-Երկու տարի առաջ Երեւանը ընտրություն կատարեց հօգուտ Եվրասիական տնտեսական միության՝ սառեցնելով ԵՄ հետ ասոցացման գործընթացը: Հայստանի ԵԱՏՄ մտնելու պահից անցել է շուրջ տասը ամիս: Արդարացա՞ն արդյոք Ձեր կարծիքով Հայաստանի սպասումները:
Ռոբերտ Քոչարյան-Կարծում եմ՝ ոչ: Հայտարարված նպատակն ու մղումը հետեւյալն էին. մենք մտնում ենք մի մեծ մաքսային տարածք, որը հայկական բիզնեսի եւ արտահանողների համար մեծ հնարավորություններ է բացելու: Անցել է շուրջ մեկ տարի, բայց արտահանումը չմեծացավ, հակառակը՝ փոքրացավ: Փոքրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ: Տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին իրավիճակը: Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը տարավ գործընթացը հայկական իշխանությունների սպասելիքների հակառակ ուղղությամբ: Դրան գումարվեցին պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ջանքերը ներմուծման փոխարինման ուղղությամբ եւ այլն: Այդ պատճառով էլ հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ: Բայց միեւնույն ժամանակ սա չափազանց կարճ ժամանակահատված է՝ վերջնական գնահատականներ տալու համար: Ազդանշաններն այնպիսին են, որ մեր իշխանություններին պետք է չափազանց ակտիվ եւ ստեղծարար մոտեցում ցուցաբերել այս իրավիճակին եւ հասկանալ, որ լավ կյանքը որեւէ մեկը հենց այնպես չի նվիրելու: Ո՛չ մաքսային միությունը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ասոցացման որեւէ համաձայնագիր: Այսինքն՝ ուր էլ որ անդամակցես, քո կառավարումը պետք է էֆեկտիվ լինի, պետք է էֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը: Միայն այդ ժամանակ իրականում հնարավոր կլինի գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ:
DW-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայստանի եւ Եվրամիության հարաբերությունների զարգացումը: Ի՞նչ չափով է ազդել դրանց վրա Երեւանի ընտրությունը հօգուտ ԵԱՏՄ-ի:
Ռոբերտ Քոչարյան- Միանգամից մի վերապահություն անեմ. ես չեմ եղել ասոցիացման համաձայնագրի ստորագրման կողմնակից այն տեսքով, որով դա ենթադրվում էր: Ոչ այն պատճառով, որ համաձայնագիրը լավն էր կամ վատն էր, այլ այն պատճառով, որ դրա որոշ դրույթները, այսպես ասենք, աշխարհաքաղաքական տեսնակյունից զգայուն էին մեր մյուս գործընկերների համար: Ես հասկանում էի, որ պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ:

 

 

 

ԿՈՄԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞
Հոկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքում գազային թունավորման հետեւանքով կոմայի մեջ է հայտնվել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի 24-ամյա բնակիչ Մհեր Գյանջալյանը: Ըստ Կոթի գյուղից ստացված տեղեկությունների՝ երիտասարդը բնակարանի մեջ շմոլ գազից թունավորվել է: Նա գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Այդ բաժանմունքի բժշկական ծառայության ղեկավար Սուրեն Ղազարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Մ. Գյանջալյանը ծայրահեղ ծանր վիճակում է, սակայն նրա մոտ բարելավման միտումներ են նկատվում: Ս. Ղազարյանը հայտնեց, որ երիկամին փոխարինող բժշկական սարքն արդեն ոչ թե ամեն օր, այլ օրումեջ են միացնում Մ. Գյանջալյանին: Հետաքրքրվեցինք` երբ հիվանդին անգիտակից վիճակում են տեղափոխում ԲԿ, նրա բուժումը պետպատվերի շրջանակներում չի՞ իրականացվում: Բաժանմունքի ղեկավարը նշեց, որ պետպատվերով է կատարվում, սակայն հիվանդի կյանքը փրկելու համար որոշ ծախսեր են արվում, որոնք չեն տեղավորվում պետական պատվերով ցուցաբերվող բժշկական օգնության շրջանակներում: Նշենք, որ Գյանջալյանի ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ եւ ապրում միջինից ցածր սոցիալական պայմաններում:
Կոթիի ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ Գյանջալյանների ընտանիքը նախկինում եղել է ընտանեկան նպաստառու: Այս տարվա հոկտեմբերին նպաստի վճարումը դադարեցվել է, քանի որ ընտանիքի երեխաներից մեկը դարձել է 18 տարեկան, ինչի հետեւանքով ընտանիքի կարիքավորության գործակիցը իջել է: Գյանջալյանները Մհերի բուժման ծախսերը հոգալու նպատակով ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Կոթիի գյուղապետը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը ընտանիքին տրամադրել է 100 հազար դրամ օգնություն: Նրա խոսքով` Մհերին անհրաժեշտ արյունը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարության արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, ով ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղից է: Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ կոթեցիները որոշել են առաջիկայում կենսաթոշակների եւ ընտանեկան նպաստի գումարները ստանալուց հետո դրամական հանգանակություն կատարել Մ. Գյանջալյանի առողջական վիճակի բարելավման համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՏԱՐԱԾՔ՝ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող եւ կառավարության կողմից ոստիկանությանն ամրացված մի շարք շենքեր եւ շինություններ հետ են վերցվել, ինչն էլ որոշակի անհարմարություններ է առաջացրել ոստիկանության համար: Այս պատճառով ՀՀ ոստիկանությունը կառավարությանը խնդրել է որոշ տարածքներ հանձնել իրեն: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկով նախատեսվում է ոստիկանության շենքային պայմանների բարելավման նպատակով Գյումրիի Խորարծառի պուրակում գտնվող, «Դինամո» ՄՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող 418,19 քմ մակերեսով շենքը նվիրատվության կարգով փոխանցել ՀՀ կառավարությանը՝ որպես սեփականություն ոստիկանությանն ամրացնելու նպատակով:

 

ՀԱԳՈՒՍՏՆ ՈՒ ԿՈՇԻԿԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացել են կոշկեղենը եւ հագուստները: Այս մասին տեղեկանում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Ըստ այդմ, այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1 տոկոս գնաճ, ինչը պայմանավորվել է մի շարք ապրանքատեսակների թանկացմամբ: Օրինակ՝ գեղահարդարման ապրանքները թանկացել են 1.7 տոկոսով, հագուստն ու գործվածքը՝ 3.7, կոշկեղենը՝ 5.3 տոկոսով, եւ այսպես շարունակ: Նշված ժամանակահատվածում թանկացել են նաեւ դեղամիջոցները՝ 0.1 տոկոսով: Իսկ գրենական պիտույքները թանկացել են 0.2, կահույքը՝ 0.3 տոկոսով, կենցաղային էլեկտրաապրանքները՝ 0.9 տոկոսով: Սրան զուգահեռ նկատենք, որ հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական ապրանքների՝ 1.6, լվացող միջոցների՝ 1, շինանյութերի 0.1 տոկոսի գնանկում:




Լրահոս