ՊԱՏԵՐԸ ՍՏՎԱՐԱԹՂԹԻՑ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Բանգլադեշ թաղամասի տնակային պայմաններում ապրող եւ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց խնդիրները բազմաթիվ են` սկսած կոմունալ պայմանների բացակայությունից եւ խարխուլ կացարաններից, վերջացրած օրվա հացի խնդրով: Այստեղ ապրող ընտանիքների մեծ մասը տնակային պայմաններում է հայտնվել 1988թ. երկրաշարժից հետո:
72-ամյա Արաքսյա Ավետիսյանը միայնակ խնամում է իր 5 թոռներին: «Տղա՛ ջան, դոմիկը քանդվելու վրայա, գազ չունենք, մի հատ գազի բալոն ունեի, էն էլ փչացել ա, բանի պիտանի չի: Հարեւանս էլ դոմիկը քանդեց գնաց, իմ դոմիկն էլ իրա դոմիկին կպած էր ու հիմա առանց պատ ա մնացել: Ստեղից ընդեղից կարտոն եմ ճարել, կպցրել, որ գոնե քամի չխաղա, չմրսենք: Էրեխեքին մենակ եմ պահում, մերը թողել գնացել ա, դժվար ա շատ, նպաստիս ու թոշակիս հույսին եմ, հազիվ ծերը ծերին եմ հասցնում»,-մեզ հետ իր հոգսերով կիսվեց տիկին Արաքսյան, ում  հարեւանն իր տնակը քանդելիս անգամ չի էլ մտածել, որ ծեր կնոջ ու նրա թոռների համար լրջագույն խնդիր է ստեղծում:
Ա. Ավետիսյանը մեծ դժվարությամբ է լուծում առօրյա սննդի հարցը, իսկ ձմռանն ուղղակի անտանելի պայմաններ են տնակում. փայտ են վառում, բայց պատերի բացակայության պայմաններում շատ դժվար է տունը տաքացնել: Տիկին Արաքսյային օգնություն են ցուցաբերում հասարակ քաղաքացիները` փորձելով փոքր-ինչ բարելավել ծեր կնոջ ու նրա մանկահասակ թոռների կյանքը: «Շատ բան չեմ ուզում, էրեխեքս առողջ էղնեն, կուշտ էղնեն, մեկ էլ էս դոմիկի պատերը սարքվեն: Եթե օգնեն, շատ ուրախ կեղնեմ, շնորհակալ կեղնեմ, բալա՛ ջան, իմ մի ոտքը ստեղ ա, մյուսը` գերեզմաններմ, գոնե էրեխեքս լավ էղնեն»,-անորոշ հույսով ասաց ծեր կինը:
Նախընտրական քարոզչության ընթացքում Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարեց, թե յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա պետության հոգածությունը: 72-ամյա տիկին Արաքսյան եւ նրա 5 թոռնիկները եւս ՀՀ քաղաքացի են, հարգելի՛ իշխանություններ:

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս