Բելգիայում բնակվող մեր գործընկեր Մարգարիտ Սարգսյանը (աշխատել է Չորրորդ իշխանություն թերթում) բավականին հետաքրքիր հոդված է գրել, ինչը ներկայացնում ենք ստորեւ…
Անդրանիկ Հակոբյան անուն-ազգանունով ոմնին գուցե չարժեր անդրադառնալ` ովքեր գիտեն նրան, գիտեն որպես չկայացած մտավորական, չկայացած զինվորական եվ կայացած լաքեյ: Եվ սակայն անդրադառնում եմ, քանի որ սույն լաքեյը մի այնպիսի վերամբարձ տեքստ էր գրել, Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթն օգտագործելով, մի այնպիսի ինքնագովեստ էր մոգոնել, որ չճանաչողներին կարող է թվալ, թե հեղինակը արցախյան ազատամարտի հերոսներից է:
Եվ քանի որ անդրադառնում եմ, միանգամից ասեմ. Ժամանակին նա նույնքան վերամբարձ մի տեքստ էր գրել Երկրապահ Կամավորականների համագումարի շրջանակներում եվ տեքստը պարտադրել մարզային թերթերին, որ տպեն: Ինչու մարզային ? Որովհետեվ մարզերում ոչ բոլորն էին կարդացել Անդոյի “Երկրապահը նա է…” հոդվածի բնօրինակը. մտավորական չդարձած Անդոն հոդվածը ուղղակի գողացել էր “Հայ զինվոր” թերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Վրեժ Իսրայելյանից: Եթե ավելի անկեղծ` մի քանի ապաշնորհ խմբագրում էր արել ընդամենը: Եթե լավ փնտրենք, հաստատ այս գիրն էլ հեղինակ կունենա, որից Անդոն ազդվել ու տեղում գողացել է:
Ինքներդ դատեք: Մարդը ներկայանում է որպես Վազգենի զինվոր: Ակնհայտ է, որ Անդրանիկ Հակոբյանը արցախյան պատերազմի նույնպիսի վետերան է, որքան, ասենք, Ավարայրի կամ Սարդարապատի: Չնայած, կա մի “ֆրոնտ”, որտեղ, ըստ խոսակցությունների, Անդոն կատաղի զինվոր է` սեփական տանը ձեռնամարտի ժամանակ նա միշտ պարտության է մատնում կնոջը:
Տղերքի ու տղաների թեմայով ճամարտակության մասին. ճիշտն ասած` այս կարգի պոռոտախոսը ոչ տղերքի շարքերում տեղ ունի, ոչ` տղաների: Տղերքի շարքում տեղ չունի, որովհետեվ զինվոր դառնալու սիրտ ու ոգի չի ունեցել, եվ հետեվաբար, նրանց մասին դատելու, նրանց ընկեր լինելու, նրանց գինն իմանալու հավակնությունն էլ լուրջ չէ: Իր չսովորած սիլլոգիզմի օրենքով երկրորդ եզրակահանգմանն էլ ենք գալիս. անգամ թաղի տղա չէ, քանի որ նրանք էլ չգրված իրենց օրենքներն ունեն, ըստ որոնց էս տեսակին տղամարդ չեն համարում:
Եռաբլուրի մասին բոլոր տողերը կեղծ են ու գրոշի արժեք չունեն, որովհետեվ պատերազմի տարիներին զինվորության լավագույն տարիքն ունենալով` կամք ու ոգի չի ունեցել` զենք վերցնելու, թաքնվել ու սպասել է պատերազմի ավարտին, որ տղերքը գնան ու նաեվ իր նման վախկոտների բաժին կռիվը տան: Գնան-զոհվեն, գնան-հաղթեն: Ու հետո իր նման թերիները պաթետիկ ու լացակումած տողեր գրեն ու ինքնահաստատվեն: Որ չիմացողների վրա թունդ կռված տղայի, մերօրյա Անդրանիկի տպավորություն թողնի: Վազգենի շրջապատում հայտնված պատահական մեկը, որ սիրում է ներկայանալ որպես “Վազգենի Անդրանիկ”, իսկ իրականում քարտուղարուհու գործառույթ է ունեցել` հեռախոսազանգերի գծով:
Հա, ու մի բան էլ: Էդ որ իբրեվ երկար տարիներ Ամանորը դիմավորել է Եռաբլուրում, հետաքրքիր է` օրվա 24 ժամերից դուրս էդ ինչ ժամեր է գտել, որ ոչ ոք իրեն չի տեսել ? Ու դեռ սուտասանի սովորությամբ երդվում է` “ազնիվ խոսք, չեմ հորինում”: Իսկ երկրորդ անգամ նորից մատնում ինքն իրեն` գրող էլ լինեի, ասում է, էսպես չէի կարող հորինել: Հոգեվերլուծության ինչ պատրաստի հումք. ապաշնորհ ոտանավորների գիրք հրապարակած այս մարդը իրականում խոստովանում է, որ ուղեղին զոռ տալով` ինքնաառաջադրվել է որպես կարեվոր մարդ, որպես մտավորական, որպես Վազգենի “ընկեր”, “տղերքի” փաղանգից մեկը: Այս ամբողջի մեջ մի ճիշտ բան կա` սույն մարդու անուն-ազգանունը Անդրանիկ Հակոբյան է:
Վազգենի մասին “ընկերս” ասելու հանդգնությունը, Վազգենին մոտիկ եղած լինելու մասին տնավարի ակնարկելը, Եռաբլուրի մասին վատ ոտանավորի նման կեղծ պաթոսով գրված բառերի շարանը, այս ամբողջ տեքստը հուշում է միայն այն, որ պարոնը հայտ է ներկայացնում: Իր դոսյեն, այսպես ասած: Ենթադրվում է` կամ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, կամ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Հուսանք` լաքեյների թափուր հաստիքներ չկան:
Մարգարիտ Սարգսյան