Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռոմա»-ի դեմ խաղի մասին, որը կկայանա նոյեմբերի 24-ին: Հարձակվող Լիոնել Մեսսին դեռ մասամբ է վերականգնվել ոտքի վնավսածքից:
«Մեզ համար կարևոր է «Ռոմա»-ի հետ խաղից հետո ապահովել խմբում առաջին հորիզոնականը: Առջևում մեզ դեռ երկու խաղ է սպասվում և մենք խմբից դուրս գալու մտադրություն ունենք: Շատ կարևոր է լավ խաղալ, քանի որ մեզ լրիվ այլ մրցակից է սպասում: Կարծում եմ` կտեսնենք երկու լավ պատրաստված թիմերի դիմակայություն:
Գիտեմ, որ իմ թիմը բավական խելացի է, որպեսզի իմանա, թե որքան դժվար են տրվում հաղթանակները: Հիմա մեզ գովում են, բայց մենք գիտակցում ենք, որ առջևում դեռ շատ խաղեր կան: Հիանալի է կրկին Մեսսիին դաշտում տեսնելը: Մենք բոլորս հիանում ենք նրա գործողություններով մարզումների ժամանակ», – նշել է մարզիչը: