“Շաբաթ օրը տեղի ունեցած “Հայ ազգային կոնգրես” կուսակցության համագումարում, ըստ էության, սկանդալային փաստ է արձանագրվել: Իրեն արմատական ընդդիմություն որակող, գլխավոր նպատակն “ավազակապետության կազմաքանդումը” հռչակած կուսակցության ղեկավար մարմնի` վարչության անդամ է դարձել “Արմենիա” բժշկական կենտրոնի, կամ, ինչպես հանրության լայն շերտերին է հայտնի, Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 1991 թվականից: Վերջինս վարչության անդամ է առաջադրվել ՀԱԿ կազմկոմիտեի կողմից: Հետաքրքիր է, որ ՀԱԿ վարչության կազմում է ընդգրկվել նաև այդ հիվանդանոցի բաժնետեր համարվող նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ հիվանդանոցի ամենամեծ բաժնետերը համարվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ինչո՞ւ է Գրիգորյանը որոշել ընդգրկվել ընդդիմադիր կուսակցության վարչության ղեկավար կազմում, արդյո՞ք նա դրանով կվնասի իր բիզնեսին, թե՞ ընդհակառակը` կապահովագրի այն: Այս հարցերի վերաբերյալ կան տարբեր մեկնաբանություններ: Փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀԱԿ կուսակցության պաշտոնական գաղափարախոսություն հռչակված բուրժուադեմոկրատական հեղափոխությունն արդեն իսկ շոշափելի արդյունք է տվել, այդ կուսակցությանը հաջողվել է ավազակապետությունից պոկել խոշոր բուրժուազիայի ևս մեկ ներկայացուցչի, ում չի վախեցրել ոչ միայն, Լ. Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ` բուրժուազիայի նախկին ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանին արդեն իսկ պատուհասած աղետը` սնանկացումը, այլ անգամ նույն Տեր-Պետրոսյանի չարագուշակությունը` բուրժուազիայի գործող ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանի ապագայի վերաբերյալ”,- գրել է “168 ժամը”:
168 ժամ. Արմենիա բժշկական կենտրոնի տնօրենը անդամագրվել է ընդդիմադիր կուսակցությանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ