«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Շենգավիթ» ԲԿ-ում նորածնի մահվան հերթական դեպքն է արձանագրվել: Նոյեմբերի 19-ին ծննդկան Լարիսա Շահբազյանի մոտ 36 շաբաթվա հղիությունից հետո արձանագրվել է պտղի մահացության դեպք: Ըստ կնոջ հարազատների` 26-ամյա աղջկան «Շենգավիթ» ԲԿ են ուղեգրել «Արմավիր» բժշկական կենտրոնից: Նրանց խոսքով՝ կնոջը «Շենգավիթ» ԲԿ-ում երկու անգամ արհեստական ցավեր են տվել, որ ծննդաբերի:
Իսկ ավելի ուշ, երբ բժիշկները տարել են հետազոտման, հայտարարել են, թե երեխայի մոտ սրտի կանգ է գրանցվել: Ծննդկանի հարազատները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին: Ըստ հարազատների՝ հերթապահ բժշկուհին եղել է Անահիտ Սիրունյանը: Սակայն նրանք մեկ այլ բժշկուհու անուն էլ են տալիս՝ Անի Սեյրանովնա: Հիշեցնենք, որ դեռեւս 2015 հուլիսի 29-ին նույն այս հիվանդանոցում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները հայտարարում էին, որ Մերին հուլիսի 25-ին եւ 26-ին շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է նրան հոսպիտալացնել: Բժշկուհին, որը հրաժարվել էր Մերիին հոսպիտալացնել, եղել է հենց նույն Անի Սեյրանովնան, որը ծննդկանի մահվան քրգործով անցնում է որպես վկա: Նշենք, որ Մերի Մարգարյանի մահվան գործով կա եւս մեկ վկա՝ բժշկուհի Շուշանիկ Բախշյան: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Շուշանիկ Բախշյանի ամուսինը ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի բաժնի պետի տեղակալ Աշոտ Խաչատրյանն է: Նշենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ից մեկնաբանություն ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: