Եթե նման զեկույցներն ընդունվում են, չի նշանակում, որ մենք սկուտեղով ԼՂՀ-ն մատուցելու ենք Ադրբեջանին. Շիրակ Թորոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԵԽԽՎ ընդունած հակահայկական զեկույցների ընդունումը չի նշանակում, որ մենք ԼՂՀ-ն սկուտեղով մատուցելու ենք Ադրբեջանին:

-Պարո՛ն Թորոսյան, ԵԽԽՎ հայկական պատվիրակությանն արդեն մի քանի անգամ է չի հաջողվում եվրոպացի պատգամավորների հետ «բանակցել», որպեսզի նրանք չտրվեն ադրբեջանական լոբբինգին ու հակահայկական զեկույցներին կողմ քվեարկեն: Ինչի՞ արդյունք է սա, ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը նման «կարգավիճակում» հայտնվել, ի՞նչն է այս ձախողումների պատճառը:

-Ձեր հարցը հոռետեսական հիմքով է, արտաքին քաղաքականությունը հարահոս, դինամիկ գործողությունների գործընթաց է, որն իրականացվում է: Արտաքին հարաբերությունները, կարելի է ասել, բարձրագույն ոլորտն է պետական կառավարման համակարգում, քանի որ գործ ունես բազմաթիվ շահերի հետ, շահերի բախումների հետ, միջազգային հանրության ու տարբեր պետությունների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա տարբեր խնդիրների հետ: Ու այս առումով մենք շատ անելիք ունենք, շատ մեծ բան արվում է, բայց լինում են նաեւ նման դեպքեր` ԵԽԽՎ-ի պարագայում արդեն այո ունենք, երկրորդ դեպքը, երբ առաջարկվում է հակահայկական զեկույց: Դրա խնդիրները, պատճառները շատ են, որոնք կարող ենք թվարկել` խավիարային դիվանագիտությունը, մեծ տերությունների շահերի բախում, կարծում եմ՝ նաեւ այդ ամենում անելիք ունի նաեւ մեր ԵԽԽՎ պատվիրակությունը, անելիք ունի մեր արտաքին գործերի նախարարությունը, անելիք ունի խորհրդարանը` մենք բոլորս, որպեսզի ստեծված նման իրավիճակներում կարողանանք այդ խնդիրները շտկել: Իսկ այլ առումներով մենք բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք` արտաքին քաղաքականության ձեւաչափերում, միջխորհրդարանական կառույցներում ու չէի ցանկանա հոռետեսական ձեւով մոտենալ այդ ամենին, փաստն այն է, որ ադրբեջանցիներին հաջողվել է ԵԽԽՎ-ում այդ զեկույցներն առաջարկել ու անցկացնել, ամեն դեպքում կարծում եմ՝ այդ ամենից պետք չէ ողբերգություն սարքել, որովհետեւ ԵԽԽՎ-ի որոշումներն ավելի շատ հանրության համար են, ավելի շատ ֆոն ստեղծելու նպատակով, որեւէ գործնական, պրակտիկ նշանակություն չունեն, բայց դա չի նշանակում, որ մենք չենք պայքարելու, որպեսզի ԵԽԽՎ-ում նման միջադեպեր տեղի չունենան:

-Բայց հայկական պատվիրակության անգործության պատճառով Ադրբեջանին հաջողվում է ԼՂՀ-ի հետ կապված այնպիսի հայտարարություններ անել, որոնք կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ…

-Ես այդ երկու զեկույցներում տեսնում եմ անձնական եւ խմբակային շահագրգռվածություն, շահախնդրություն, որովհետեւ ամեն դեպքում միջազգային
հանրության մոտեցումներն այն չեն Ղարաբաղյան հակամարտության հետ կապված, Հայաստանի հետ կապված, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված, համենայնդեպս, այն չէ, ինչ-որ այդ զեկույցներով են ներկայացնում, որից էլ կարելի է եզրակացնել, որ կա անձնական շահագրգռվածություն, որի դեմ, չգիտեմ ինչպես, պետք է պայքարել: Հավանաբար պետք է մարդկանց հետ ավելի շատ բանակցել, ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերել, համենայնդեպս, սա ձեւաչափերից մեկն է, որով կարելի է ավարտին հասցնել բանակցային գործընթացը` խաղաղ ճանապարհով: Նման զեկույցներն այս ամենի վրա ցեխ են շպրտում՝ ստվերներ ու խոչընդոտներ հարուցելով ու պատահական չէ, որ հենց եռանախագահները շատ նեգատիվ վերաբերմունք ցուցաբերեցին ԵԽԽՎ-ի նման մոտեցումներին՝ պարզ արտահայտվելով, որ դա, մեղմ ասած, չի նպաստելու կոնֆլիկտի կարգավորմանը:

-Եթե ԵԽԽՎ հայկական պատվիրակության չի հաջողվում այս տարիների ընթացքում արդյունք գրանցել, գուցե իսկապես փոխվի պատվիրակության կազմը` նախագահողի գլխավորությամբ: Արդյո՞ք ձախողումների մեղավորները նրանք չեն, գուցե բոյկոտե՞ն նիստերը:

-Ես բոյկոտելուն դեմ եմ, դա ավելի շատ Ադրբեջանի իշխանություններին հարիր ոճ է, քանի որ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարում է, միջազգային հանրությունն էլ հստակ արտահայտվում է այդ ամենի մասին, այսինքն՝ դա ջայլամային քաղաքականություն է` չտեսնելով դա դեռեւս չի նշանակում, որ մենք հարցը լուծում ենք, ես կարծում եմ, որ մենք պետք է համառորեն շարունակենք մեր աշխատանքները: Պետք է միջազգային հանրությանը ցույց տալ, որ պետք է կանխվի նման նեղ անձնական որոշումները, շահերը: Եթե նման զեկույցներն անգամ ընդունվում են, ապա դա չի նշանակում, որ մենք սկուտեղով ԼՂՀ-ն մատուցելու ենք Ադրբեջանին, ոչ, մենք այդ ամենից հետո ավելի ենք համախմբվում, ավելի ենք ուժեղացնում մեր գործողությունները: ԵԽԽՎ-ի այդ քայլն ընդամենն այն է, որ փորձ է արվում ձեւաչափ փոխել, որն ընդունելի չէ, ու այդպես չի էլ լինելու:

Մանրամասները` տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան , Հովսեփ Հովսեփյան




Լրահոս