Ավարտվեց «Ստեղծի՛ր քո կերպարը» դասընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-ից 23-ը իրականացրին «Ստեղծի՛ր քո կերպարը» եռօրյա ծրագիրը՝ նվիրված Հեռուստատեսության համաշխարհային օրվան:

Դասընթացի նպատակն էր երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին փոխանցել տեսական և գործնական գիտելիքներ PR գործիքների օգտագործման, գրագետ մեդիա հարաբերություններ ձևավորելու և հանրության ուշադրությունը հրավիրելու տեխնոլոգիաների մասին:
Եռօրյա ծրագրի ընթացքում 30 մասնակիցները ստացան մի շարք հարցերի պատասխաններ. ինչպե՞ս հրավիրել հասարակության ուշադրությունը, ինչպե՞ս կազմակերպել ԶԼՄ-ների հետ աշխատանքը, ինչպե՞ս ներկայանալ հանրույթին, օգտագործել սոցիալական ցանցերը, ինչպե՞ս կառավարել աշխատանքները և այլն:
Այս ամենը երիտասարդներին փոխանցեցին ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտներ Աստղիկ Ավետիսյանը, Դավիթ Ալավերդյանը, Անուշ Մարտիրոսյանը, «Տերյան մշակութային կենտրոն»-ի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը:
Արագածոտնի մարզի «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր-անդամ Սուզաննա Պետրոսյանը դասընթացը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կարևոր ու հաջողված համարեց։ «Մասնակցությունս այս ծրագրին նպաստավոր է, քանի որ ինձ համար կարևոր է երիտասարդներին ներգրավվելու համար ճիշտ գործել ու ծրագրի նպատակները գրագետ ներկայացնել։ Այս դասընթացի շնորհիվ հայտնաբերեցի իմ ներուժն ու ձեռք բերեցի անհրաժեշտ գիտելիքներ»,- նշեց Սուզաննան։

Դասընթացի ավարտին մասնակիցները քննարկեցին երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար նախատեսված ուղեցույցի ստեղծման գաղափարներ, որոնք կօգնեն վերջիններիս նախաձեռնությունները կյանքի կոչել և հանրայնացնել կազմակերպվող միջոցառումներն ու հանրային իրադարձությունները:
«Ծրագրի ավարտին վստահ կարող ենք ասել, որ մեր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացրել ենք, ձևավորվել է թիմ, որն ունի համագործակցելու ցանկություն, արհեստավարժ մասնագետների կողմից ուսուցանվել են ու ծանոթացել հանրային կապերի ոլորտի նրբություններին ու անհրաժեշտ գործիքակազմին: Նմանատիպ ծրագրերը դառնում են հարթակ, որտեղ կարելի է քննարկել ու տեղեկատվության փոխանակում իրականացնել: Երիտասարդական խնդիրներն ու հետաքրքրությունները տարբեր են, ինչն էլ յուրաքանչյուր երևույթի նկատմամբ զանազանվող կարծիքների ու դրսևորումների առիթ է: Մեզ համար կարևորվում է երիտասարդների յուրովի մոտեցումն իրենց խնդիրներին և ճշգրիտ որոշումներ կայացնելու հանգամանքը: Մենք այդ ուղիները գծագրել ենք»,- հավաստիացնում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

Ռուբեն Սևակի թանգարանի տնօրեն Դավիթ սարկավագ Սարիբեկյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է հարի իր կերպարին, և «Ստեղծի՛ր քո կերպարը» վերնագիրը տեղին է։ «Առաջին օրը նշեցի, որ միակ մտավախությունս ժամանակի կորուստն է։ Այսօր հստակ կարող եմ ասել, որ չմասնակցելով այս դասընթացին կկորցնեի ժամանակս»,- հավելեց Դավիթը։
Նշենք, որ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 2006 թվականից իրականացնում է ուսուցողական, հետազոտական, ինչպես նաև երիտասարդական փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդներին ինքնադրսևորվել, զարգացնել հմտություններն ու աշխատաշուկայում իրենց տեղը գտնել:




Լրահոս