ՄԵՆՔ ԳՈՐԾԻՔ ԵՆՔ ԲՈԼՈՐԻ ՁԵՌՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռեժիսոր ԽԱՉԻԿ ԵՂՈՅԱՆԸ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում անկեղծացավ` ասելով, որ ընթացող ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ արդեն անտարբեր է, քանի որ էլ չի հավատում ոչ մի կողմի լրջությանը:
-Երբ ամենասկզբից ակտիվությունը դեպի Պարույր Հայրիկյան գնաց, ուրախացա, մտածեցի՝ վերջապես ժողովուրդը ճիշտ առաջնորդ կունենա, բայց հետո թուլացավ: Հետո, երբ Րաֆֆիի հետեւից գնացին, ասացի՝ ինչ լավ է, վերջապես մեկը պիտի կարողանա հավաքել ժողովրդին, բայց այդ ամենն էլ թուլացավ, ես էլ հիասթափվեցի: Մենք այսօր ունենք առաջնորդի կարիք, ինչքա՞ն կարող ենք գլուխներս կախել ու համակերպվել:
Գնում ես գյուղեր, տեսնում ես՝ մարդիկ հացի, պանրի կարոտ են: Կուզեմ՝ մեր առաջնորդը լինի նորմալ հայրենասեր մեկը: Եթե շատ անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ ոչ մեկին էլ չեմ հավատում, ոչ մի կողմի լրջությանը: Ուղղակի ցավում եմ մեր ժողովրդի համար, որովհետեւ մենք գործիք ենք բոլորի ձեռքում: Ուրիշ մեկնաբանություն տալ չեմ կարող, միայն կասեմ` ո՛չ նրա կողմից եմ, ո՛չ էլ նրա: Եթե այս ամենից մի երկու ամիս առաջ հետ նայեինք, 1988 թվականի շարժման էներգիա էր ուզում մեջս մտնել, գուցե համարեի ինձ ընդդիմադիր, բայց հետո հասկացա, որ ո՛չ նրա կողմից եմ, ո՛չ էլ նրա:

-Հնարավո՞ր է հստակ կողմնորոշում չունենալ:
-Այո՛, որովհետեւ ոչ մի կողմն էլ լուրջ տպավորություն չի թողնում:
-Ինչի՞ էիք սպասում, որ չկատարվեց:
-Կարծում եմ՝ հստակ գործողություններ են պետք մեր երկրում, գուցե նման բաներից վախենում են, որ մարտի 1 չկրկնվի մեր կյանքում, երեւի դրա համար են շատ զգուշորեն գործում: Հստակ գործողությունը պարտադիր արյունահեղություն, հեղափոխություն չէ: Հստակ հարց, հարցի պատասխան, հարցի լուծում, ոչ թե այսօր սա սենց ասաց, վաղը նա ուրիշ կերպ պատասխանեց… Երեխայական վիճակ է, այդ ամենը կարծես շոուի է վերածվում:
Ես չեմ վախենում իմ կարծիքը հայտնելուց, բայց ներքաղաքական այս հարցերի հստակ պատասխանները չգիտեմ, չեմ կարող ասել, սիրուն քաշվում եմ, հեռանում: Ինձ համար, գլուխս կախ, ստեղծագործող մարդու պես ստեղծագործում եմ:
Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր կոլեգաներին, ովքեր գնում են Ազատության հրապարակ եւ չեն թաքցնում իրենց քաղաքական հայացքները:
-Ամեն մեկն իր սեփական զգացողություններն ու համոզմունքներն ունի, ուղղակի կոչ կանեմ, որ երկու կողմն էլ հարգեն իրար, հասկանան, որ բոլորս էլ նույն ժողովուրդն ենք, չտրվենք ամբիցիաներին ու էմոցիաներին, ավելի սառը դատենք:
Ես հիմա կողմ եմ այն գաղափարին, որ նախկին նախագահը մնա, բայց հարցերին հստակ լուծումներ տրվեն: Լուծվեն թոշակների հարցը, փախստականների խնդիրները, Գյումրին  դադարի աղետի գոտի համարվել: Ինձ համար մեկ է՝ ով է նախագահը, կարեւորը, որ ժողովրդի կողմից լինի: Կառավարությունից մեզ վրա անընդհատ բարդում են, թե մենք դժգոհ ժողովուրդ ենք, ես վստահեցնում եմ, որ դա այդպես չէ, եթե մենք հստակ փոփոխություններ տեսնենք, չենք դժգոհի: Իսկ ժողովրդին քիչ բան է պետք` վերաբերմունք, հացի փող: Մեզ մոտ առաջին հայացքից ստրկատիրական վիճակ չէ, բայց հենց այդպես է: Մինչեւ մոնոպոլիան, օլիգարխիան, աղբը չվերանան, ժողովուրդը խելքի չի գա: 
-Այդպես էլ չիմացանք՝ Դուք քաղաքական որ թեւին եք հարում:  
-Անկեղծ՝ քաղաքական հստակ դիրքորոշում չունեմ՝ ո՛չ ընդդիմադիր եմ, ո՛չ իշխանամետ: Բայց մի բան հստակ տեսնում եմ՝ մեր երկրի վիճակը վատ է: Ու թող չասեն, թե շատ աշխատատեղ կա, բայց մարդիկ չեն ուզում աշխատել: Սուտ է, իմ հայրը 5-6 տարուց ավելի տանն է նստած, մի մարդ, ում ամբողջ Հայաստանն է ճանաչում: Միակ լավ բանը, որ ես կարող եմ անել, մտքումս ամեն օր ասելն է. “Աստվա՛ծ ջան, իմ ժողովրդին տե՛ր եղիր”: Դա ավելի լավ է, քան անիմաստ ժամանակ կորցնեմ Ազատության հրապարակում:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս