Ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում. Վլադիմիր Գասպարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ, որում ասվում է.
“Հայաստանի ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:
Ոստիկանության առաքելությունը ծառայությունն է օրենքին ու ժողովրդին, կոչումը՝ պայքարն ընդդեմ հանցավորության եւ հանուն հասարակական կարգուկանոնի, երդումը՝ անձնազոհություն, եւ հայ ոստիկանն արդեն 95 տարի պատվով է կատարում իր պարտք՝ հաճախ առողջության եւ կյանքի գնով:
Անցյալ դարի սկզբից, հայոց պետականության հաստատումից ի վեր Հայաստանի ոստիկանությունը գործով է վկայում, որ մասն է ժողովրդի ու ժողովրդի հետ: Մենք միշտ պետք է հիշենք, որ ժառանգն ենք սխրանքներով, նաեւ անկումներով ու կորուստներով լի պատմության, եւ այսօր, անցյալի լավագույն ավանդույթներն ունենալով մեր զինանոցում՝ պետք է նոր մտածողությամբ, նոր գիտելիքներով, իրավապահի գործի արդիական ընկալմամբ նվիրվենք մեր երեխաների պետության կայացմանը, Հայաստան երկրի, որտեղ օրենքի գերիշխանություն է, արդարության հրամայական, քաղաքացու ապահովություն:
Մեր խոսքը գործ է, մեր գործը տեսանելի է բոլորին, մենք սպայի, ոստիկանի տեսակն ենք եւ կոչված ենք պատվավոր պարտքի կատարման, իսկ ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում: Եվ մենք պատրաստ ենք կատարել օրենքի, ժողովրդի, պետության պահանջը:
Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին՝ Հայաստանի ոստիկանության 95-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն եւ ամենայն բարիք:
Աստված ձեզ պահապան”:




Լրահոս