2015թ. նոյեմբերի 9-ից Տավուշի մարզում սկսվել է 15.10.2015թ. Կառավարության որոշմամբ հաստատված «Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» փորձնական ծրագրի իրականացումը:
Ծրագրում ընդգրկված է Տավուշի մարզի 44 սահմանամերձ համայնք: Ծրագրերում ընդգրկված գործազուրկների ընդհանուր թիվը 397 է: Ամենամեծ թվով մասնակիցները Իջևանի տարածաշրջանում են՝ 179, Նոյեմբերյանի տարածաշրջանում մասնակիցների թիվը 120 է, Բերդի տարածաշրջանում՝ 98: Ծրագրում ընդգրկված անձին մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է 7 հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:
Ֆինանսական միջոցների ամենամեծ չափաբաժինը՝ 22 մլն 045 հազ. 180 դրամ, հատկացվել է Բերդի տարածաշրջանի համայնքների կողմից ներկայացված ծրագրերին: Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում ծրագրերին հատկացված ֆինանսական միջոցների չափը համապատասխանաբար կազմել է 18 մլն 976 հազ. դրամ և 18 մլն 978 հազ 820 դրամ.:
Ծրագրերի շրջանակներում իրականացվում են դպրոցների և մանկապարտեզների տարածքներում պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական, հենապատերի և ճանապարհների վերականգնման, համայնքի այգու, գերեզմանատան ցանկապատերի, հուշարձանների տարածքների բարեկարգման, ջրամբարների վերանորոգման, գյուղամիջյան ճանապարհների կոպիճապատման և խճապատման, սելավատարների մաքրման ու ամրացման, ցերեկային լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ:
Փորձնական ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է մարզի աշխատաշուկայի լարվածությամբ, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների հետևանքով մարզի համայնքներին հասցված նյութական վնասներով: Ծրագրի նպատակները երկուսն են՝ գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով մարզում սոցիալական լարվածության մեղմումը և համայնքային նշանակության մի շարք խնդիրների լուծումը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 60,0 մլն դրամ է, որն հատկացվել է 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի առավելագույն տևողությունը երկու ամիս է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին