Հայաստանի առողջարանային` Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան գոտու կենտրոնում գտնվող ոսկու հանքում “Մեղրաձոր գոլդ” ընկերությունը մտադիր է ցիանային արտադրություն հիմնել, ինչին, բնականաբար, դեմ են մեղրաձորցիները: Արտադրության դեպքում Մեղրաձոր գյուղին սպառնում է էկոլոգիական աղետի գոտի դառնալու վտանգը: Մեղրաձորցիների խոսքով՝ արդեն մեկ ամիս է, ինչ ընկերությունը ճնշումներ է գործադրում նրանց նկատմամբ, ովքեր նախագծին դեմ են:
“Մեղրաձոր գոլդ” ընկերությունից վստահեցնում են, որ դա փակ շրջանառու համակարգ է, թեպետ հայտնի է, որ բացարձակ փակ շրջանառու համակարգեր չեն լինում: Կա մարդկային գործոն, տեխնիկական գործոն եւ, վերջապես, վթարի գործոն: Եթե այդ գործոններից որեւէ մեկն աշխատի, ապա նախագծային փակ շրջանառու համակարգը կվերածվի աղետի:
Տեղեկացնենք, որ արտադրության յուրաքանչյուր փուլը սպառնում է վտանգով տեղափոխման, պահպանման, լուծույթների պատրաստման, ոսկու կորզման ընթացքում: Նատրիումի ցիանիդը բարձր տոքսիկ տարր է: Մարդու համար մահացու չափաբաժինը 0,1 գրամն է: Աշխարհում մշտապես ցիանային աղետներ են լինում: Հիշեցնենք, որ պատնեշների քանդվելու արդյունքում 2000թ. Ռումինիայում` Բաիա Մարեում, ցիանիդը հայտնվեց Տիսա գետում, եւ այդ վթարը Եվրոպայում համարվեց երկրորդ ամենաահավորը Չեռնոբիլից հետո: 1998թ. Ղրղըզստանում “Կուտմոր օպերեյթինգ քոմփընի” ձեռնարկության կողմից նատրիումի ցիանիդ փոխադրելու ընթացքում տեղի ունեցավ վթար, եւ մեքենան ցիանիդի կոնտեյներով կամրջից ընկավ Բարսկոոն գետը: Կոնտեյները կորցրեց իր հերմետիկությունը, եւ արդյունքում գետը վարակվեց նատրիումի ցիանիդով: 2577 մարդկանց մոտ հայտնաբերեցին ցիանիդով թունավորման ախտանշաններ, իսկ 4 հիվանդներ մահացան: Եթե ցիանիդի արտահոսք տեղի ունենա Մեղրաձորում, ապա այն ուղղակի կհայտնվի Մարմարիկ գետում:
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում Մեղրաձորի 54-ամյա բնակիչը (նա իր անունը չցանկացավ հրապարակել) նշեց, որ համաձայն չէ ցիանային արտադրության նախագծին. “Ես դեմ եմ դրան, թեկուզ մի քանի մարդ աշխատատեղ ունի, բայց ես չեմ կարող դրան համաձայնել, քանի որ ունեմ երեխաներ, թոռներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում: Ճիշտ է, հենց այս պահին չկա ցիանային արտադրություն, բայց այդ սարքավորումները հանքի մոտ դրված են` ցելոֆաններով փաթեթավորված ու պլոմբված: Նրանք փորձում էին տեղադրել, բայց մենք բնակիչներով պայքարեցինք դրա դեմ: Բայց ի՞նչ իմանանք, միգուցե տեղադրել են, օգտագործում են, սակայն մեզ այլ բան են ասում”:
Մեղրաձորցիները նաեւ վրդովված են “Մեղրաձոր գոլդ” ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանի պահվածքից: “Հավաքույթի ժամանակ, երբ այդ հարցը քննարկվում էր, Մարգարյանը կանգնեց ու զայրացած ասաց, թե` “դե՞մ եք, լա՞վ ա, որ տղամարդիկ գնան Ռուսաստան, ու նրանց ոտքերն առաջին բերեն”: Այսինքն` մահացած բերեն: Գիտե՞ք, թե քանի զոհ ենք ունեցել իր ոսկու հանքում. վեց-յոթ երիտասարդ տղաներ: Ինձ միայն հետաքրքրում է իմ թոռների ապագանե,-իր դժգոհությունը ներկայացրեց մեկ այլ մեղրաձորցի: Նրանից տեղեկացանք, որ նախագծին դեմ լինելու կապակցությամբ ստորագրահավաք է կազմակերպվել, եւ այս պահի դրությամբ արդեն 800 մեղրաձորցի ստորագրել է:
“Էկոլոգիական ակադեմիա” ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ ցիանային արտադրության մեթոդը հիմա գտնվում է փորձաքննության փուլում. “Բացի այդ, ոչ ոք այդ ընկերությանը թույլ չի տվել ոսկու հանքի բաց շահագործում իրականացնել: Ես համոզված եմ, որ նրանք նույնիսկ դրա համար նախատեսված համապատասխան լիցենզիա չունեն: Ոչ ոք նրանց թույլ չի տվել ոսկի կորզել, հանել: Ո՞վ է ասում, որ կուրորտային գոտում հանք ստեղծեն եւ ամբողջ փոշին ու ծանր մետաղները տարածեն այդ գոտում: Մեկ ամիս առաջ զանգահարեցի բնապահպանության նախարարություն եւ խոսեցի նախարարի տեղակալ Սիմոն Պապյանի հետ: Հետաքրքրվեցի` “Մեղրաձոր գոլդ” ընկերությունն ունի՞ բաց հանքի թույլտվություն, թե՞ ոչ: Նա էլ` “ոնց որ թե ունեն, հիմա փնտրում ենքե: Եվ խոստացան այն ուղարկել ինձ: Սակայն մինչեւ հիմա ոչ մի արձագանք չկա: Փոխարենն ընկերությունը քանդել ու այլանդակել է սարերը: Ո՞վ է վերահսկում, ոչ ոք”:
Գ. Գաբրիելյանի կարծիքով՝ այսօրվա կառավարությունը ոչ մի հնարավորություն չի տալիս գյուղացուն, չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը, այդ պատճառով մարդիկ այլընտրանք չեն ունենում եւ ստիպված աշխատանք են փնտրում ոսկու հանքերում:
“Եթե հրաժարվես, ապա սոված կմեռնես: Հատուկ քաղաքականություն է: Հանքն էլ ավիրում են երեսից եւ բաց հանք են անում: Իսկ կարելի է, թե ոչ, կամ ինչքանով է հարուստ տվյալ հանքը՝ դա ոչ ոք հաշվի չի առնում: Ամենաաղքատ հանքն էլ կարելի է երեսից քանդելով ավիրել, որպեսզի էժան նստի: Իսկ նախկինում ամենաաղքատ, թույլ հանքերը չէին շահագործվում”,-նշեց մեր զրուցակիցը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ