Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ակնհայտ է, որ վերջին տարիներին ոստիկանության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները: Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, հատկապես հասարակական կարգի պաշտպանությունն այսօր մեզանում բարձրացված է ավելի հուսալի աստիճանի: Սա փաստ է, և այդ ձեռքբերումն արդյունք է այն ծավալուն աշխատանքի, որ իրականացրել եք դուք:
Հայաստանի ոստիկանության տեխնիկական վերազինումը, աշխատաոճի բարելավումը, ինչպես նաև արհեստավարժության կտրուկ բարձրացումը, որոնք նախկինում բարի ցանկություններ էին, այսօր հիմնական մասով իրականություն են: Թեև անելիքներ դեռ շատ կան, այդուհանդերձ անհերքելի է, որ հասարակության աչքին բարձրացել է ոստիկանի մասնագիտության և ընդհանրապես ոստիկանության՝ որպես պետական կառույցի, հեղինակությունը: Համոզված եղեք, որ և՛ ժողովուրդը, և՛ իշխանությունները ուշադրությամբ և երախտագիտությամբ, նաև քննադատությամբ հետևում են ձեր աշխատանքին:
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն և անփորձանք ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության:




Լրահոս