ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
“Ապրիլի 18-ին “Անի” հյուրանոցում Նիկոլաս Քույումջյանի հետ ես մասնակցելու եմ “Սիրիա. խաղաղություն, արդարություն կամ քաղաքականությունե խորագրով քննարկմանը, որը կազմակերպում է Սիվիլիթաս հիմնադրամը:
Նիկոլասը, որը միջազգային քրեական իրավունքի մասնագետ է Հաագայի դատարանում, սիրիական իրադարձությունները կներկայացնի միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից: Ես հարցը կքննարկեմ քաղաքական և դիվանագիտական տեսանկյունից:
Նախկինում իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկում ես անդրադարձել էի այս հարցին՝ հիմնականում խոսելով սիրիական հակամարտության շարժառիթների մասին, որոնք իմ կարծիքով՝ հետևյալն են՝ Արաբական գարնան ստեղծած մթնոլորտը, Սիրիայում քառասուն տարիների ընթացքում կուտակված լարվածությունն ու դժգոհությունը, Ասադին տապալելու արտաքին ուժերի շահագրգռվածությունը:
Իհարկե, այսօր այս գործոններից յուրաքանչյուրի մասով էական փոփոխություններ են եղել, ստեղծվել է նոր իրավիճակ, որտեղ ավելացել է դրսից ներթափանցած անկառավարելի և իրարից անկախ գործող տարբեր զինված խմբավորումների գործոնը:
Միջոցառմանը ես հիմնականում կանդրադառնամ իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներին և այդ սցենարներից յուրաքանչյուրի դեպքում կխոսեմ ոչ միայն Սիրիայի, այլև տարածաշրջանի՝ Թուրիքայի, Հայաստանի և այլ երկրների վրա հնարավոր հետևանքների մասին: Կխոսեմ նաև հայ համայնքի ճակատագրի մասին:
Իմ կարծիքով՝ չորս հետևյալ սցենարներն են հնարավոր.
1. Կողմերից մեկի վճռական հաղթանակ:
2. Բանակցված լուծում:
3. Երկրի բաժանում հյուսիսում քրդերի, ծովափում՝ ալևիների և մնացյալ երկրում՝ սուննիների միջև:
4. Ստատուս քվոյի երկարատև պահպանում:
Ես կանդրադառնամ նաև Հայաստանի Հանրապետության մինչ այժմ ունեցած դերակատարությանը և ներկայում ստեղծված իրավիճակում հնարավոր դիվանագիտական քայլերին:
Հրավիրում եմ ներկա լինելու քննարկմանը”: