«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր որդու եւ տիկնոջ հետ մեկնել է Մոսկվա: Պաշտոնապես հայտնեցին, որ այցը մասնավոր է: Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ Րաֆֆին մշտապես ընկալվել է որպես ամերիկյան ուղղվածության գործիչ: Եվ առաջնային հարցը, որ հետաքրքրում է բոլորին, այն է՝ ինչո՞ւ է նա մեկնել Մոսկվա, ո՞ւմ հետ պետք է հանդիպի, եւ ո՞վ է կազմակերպել այցը: «Ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրները փոխանցեցին, որ երեկ՝ մինչեւ 21:00-ն, Ր. Հովհաննիսյանը պաշտոնական կամ քաղաքական որեւէ հանդիպում չէր ունեցել: Նույն աղբյուրները բացառեցին, որ ՌԴ նախագահի աշխատակազմից հնարավոր է որեւէ մեկն ընդունի Հովհաննիսյանին: Բայց որպեսզի նրա մոսկովյան օրը չկորչի, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գործին խառնվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մոսկվայից մեզ հուշեցին, որ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երկար տարիներ եղել է Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսը եւ, բնականաբար, մերձ հարաբերություններ ունի Արա Աբրահամյանի հետ: Իսկ թե վերջինս ում հետ կարող է «հանդիպեցնել» Ր. Հովհաննիսյանին, առայժմ անհայտ է: Մնաց «ինչո՞ւ» հարցի պատասխանը, որը թերեւս ամենապարզն է. Ր. Հովհաննիսյանն իր այցով փորձում է ցույց տալ ՌԴ իշխանությանը, որ իր հետ եւս կարող են «աշխատել»:
Այսպիսով՝ այսօր՝ տիեզերագնացների միջազգային օրը, Ր. Հովհաննիսյանը կվերադառնա Երեւան: Եվ քաղաքում պտտվող լուրերի համաձայն՝ մինչ իր ժամանումը, Ազատության հրապարակում հավաքվածներին «տիրություն կանի» ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ