ՍԻՐՈՒՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որի մասնագիտական հմտությունները հայտնի են բոլորին, երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ի պատվերով անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում ինքը պարզել է, որ երեւանցիների 63,2 տոկոսը Տարոն Մարգարյանին համարում է «վերջին 20  տարվա լավագույն քաղաքապետը»: Ինչպես հիշում ենք, այդ գնահատականն ավելի վաղ շրջանառության մեջ էր դրել ՀՀԿ մամուլի քարտուղար, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Եվ հիմա, տարօրինակ զուգադիպությամբ,  Ադիբեկյանի կողմից հարցված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը երկրորդել է ՀՀԿ խոսնակին: Իհարկե հանրությանը լայնորեն հայտնի է Ահարոն Ադիբեկյանին Տիգրան Կարապետիչի կողմից տրված  բնորոշումը` ազգանվան սկզբնամասի փոփոխությամբ (Սուտիբեկյան), նրա սոցիոլոգիական հարցումները (համենայնդեպս` դրանց հրապարակվող տվյալները) վաղուց արդեն լուրջ չեն ընկալվում, եւ հետեւաբար` նրա ներկայացրած իշխանահաճո թվերն էլ որեւէ մեկին չեն զարմացնում: Սակայն այստեղ  զարմանալի է այն, որ  հանրապետականները  հարցում են պատվիրել Ադիբեկյանին` եւս մեկ անգամ արձանագրելու այն, որ Տարոն Մարգարյանը, իբր, անցած 20 տարիների Երեւանի լավագույն քաղաքապետն է: Բացի այն, որ դա, մեղմ ասած, չափազանց հեռու է իրականությունից` անգամ անցած երեք տարիների կտրվածքով, անհասկանալի է, թե ինչու են հանրապետականները որոշել վարկաբեկել իրենց կուսակից ընկերներին, որոնք նախկինում զբաղեցրել են Երեւանի քաղաքապետի պաշտոնը, եւ առնվազն, Տարոն Մարգարյանից վատ չեն աշխատել: Ի վերջո, ինչո՞վ է Մարգարյանն ավելի լավ քաղաքապետ եղել, քան, օրինակ, Գագիկ Բեգլարյանը: Հանրապետականներն այդպես էլ չեն կարողանում տալ այս հարցի պատասխանը, եւ այն պարզ պատճառով, որ ասելու բան չունեն.  քաղաքային իշխանության աշխատանքը հանրության աչքի առջեւ է, եւ բոլորն էլ շատ լավ հիշում են թե՛ Գագիկ Բեգլարյանի, թե՛ նրան հաջորդած Կարեն Կարապետյանի եւ թե՛ Տարոն Մարգարյանի գործունեության արդյունքները: Էլ չասած` ավելի վաղ պաշտոնավարած քաղաքապետերի, մասնավորապես Երեւանում հսկայածավալ շինարարություն իրականացրած Երվանդ Զախարյանի, նրանից առաջ` Ռոբերտ Նազարյանի եւ մյուսների մասին: Փաստորեն, Հանրապետական կուսակցությունն իր այդ հայտարարությամբ ջուրն է լցնում այդ մարդկանց արած գործը`  դրա  գնով փորձելով բավականին կասկածելի քարոզչական դիվիդենտներ ապահովել Տարոն Մարգարյանի համար: Եվ այն, որ Տարոն Մարգարյանի վարկանիշի բարձրացումը մնացել է Ադիբեկյանի հարցումների հույսին, արդեն իսկ  բավականին տխուր  հեռանկար է խոստանում երիտասարդ, սակայն իրենից տարեց նախորդներին ըստ արժանվույն գնահատել չկարողացող Տարոն Մարգարյանի համար, որը, ցավոք, կարծես թե չի հասկանում, որ դա պարզապես «սիրուն չէ»:




Լրահոս