
Գյումրիում վերջերս ուշագրավ ու ինչ-որ տեղ զավեշտալի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, անշուշտ, արդյունք են քաղաքական խճանկարի տրանսֆորմացիայի եւ ուժերի հարաբերակցության փոփոխության: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասնում այն մասին, որ քաղաքական իշխանությունից հեռացվող կրիմինալը, զգալով, որ հրապարակային դաշտն իր համար չէ, փորձում է այլ մարտավարություն կիրառել՝ ստվերում մնալով պատրաստել եւ պայթեցնել տարբեր քարոզչական ականներ: Իսկ թեմայի հնչեղությունը փորձում են ապահովել քաղաքացիական հատվածի եւ տեղեկատվական խողովակների միջոցով: Այս շարքից են վերջերս քաղաքի մանկապարտեզներից մեկի նախկին աշխատակից Ֆլորա Սարգսյանի շուրջ բարձրացված աղմուկը եւ Գյումրու շուկայի առեւտրականների տուգանքների հարցը գործող քաղաքապետի հետ կապելու առայժմ ձախողված փորձերը: Դաշինք է սա, թե պարզապես կրիմինալի եւ քաղաքացիական դաշտի որոշ էլեմենտների հատվածական համագործակցություն՝ ապագան ցույց կտա: