Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր հաջողության գաղտնիքն այն է, որ ինքը մարդկանց մեջ միայն լավն է տեսնում: -Պարո՛ն Աբրահամյան, Դուք Լիբիայում ֆինանսական մեծ ներդրումներ կատարեցիք, որից հետո այդ երկրում հեղափոխություն եղավ, Ձեր գումարներն էլ, կարծես, կորան: Հետ վերադարձրե՞լ եք այդ գումարները: -Ո՛չ, առայժմ ո՛չ, ինձ թվում է՝ մենք հետ կվերադարձնենք: Ես օպտիմիստ եմ եւ հույս ունեմ, որ մենք այդ գումարները կվերադարձնենք, ու ամեն ինչ լավ կլինի: -Իսկ ինչի՞ց է Ձեզ մոտ նման հույս առաջացել: -Արդեն առաջխաղացումներ կան, բանակցություններ ենք սկսել նոր նախագահի հետ, վերջերս հանդիպել եմ նրան: Պետք է որ ամեն ինչ լավ լինի: -Արդյո՞ք տարաբնույթ ֆինանսական կորուստների պատճառով եք որոշել վերադառնալ եւ հաստատվել Հայաստանում: -Չէ՛, չէ՛, գիտեք ինչ կա, Դուք միշտ Հայաստանի մեջ վատ բան եք ման գալիս: Չէ՛, ընդհանրապես դա կապ չունի, չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում Լիբիայում: Դա ընդհանրապես կապ չունի: -Ձեր եղբայրներն այս գումարման խորհրդարանում չկան: Ինչո՞ւ: -Այդտեղ ոչ մի բան պետք չէ տեսնել, ոչ մի արտառոց բան չկա, բոլորդ այսօր զարմանալիորեն ինչ-որ բաներ եք փնտրում: Ոչ մի պատճառ չկա, պետք չէ ամեն ինչի մեջ վատ բան ման գալ: Գիտե՞ք՝ որն է իմ հաջողության գաղտնիքը, որ մարդկանց մեջ միայն լավն եմ տեսնում: -Ո՞րն է լավը, երբ անգամ Ձեր եղբայրներին «տեղ» չտվեցին խորհրդարանում: -Բա դա լա՞վ չէ: «Տեղը» տալիս են կամ չեն տալիս, ուղղակի բոլորը որոշում են՝ կա՛մ գնում են, կա՛մ չեն գնում: Բավական է, իրենք ինչ-որ արեցին, արեցին: Բա լավ է, բա երջանկություն է, միասին հաճախ ենք խոսում, հանգստանում ենք, ավելի շատ ժամանակ կա խոսելու, զրուցելու համար: Իրենք զբաղվում են իրենց բիզնեսով, բա դա վա՞տ է: Երջանկությո՛ւն է: -Այսինքն՝ Ձեր եղբայրները՝ որպես պատգամավոր, իրենց բիզնեսի հարցերը լուծեցին ու հիմա «հանգստանում են»: Իսկ գո՞հ եք Հայաստանի այսօրվա վիճակից, մարդկանց ապրելակերպից: -Գոհ լինել կամ չլինելը չէ, մենք պետք է մշտապես ամեն ինչ անենք, որ ամեն ինչ լավ լինի: -Իսկ ի՞նչ եք անում: -Ի՞նչ եմ անում, երկրում ներդրումներ եմ անում: Իհարկե, եթե բիզնեսը շահավետ չլինի, կփակենք: -Իսկ Դուք ինչո՞ւ թույլ տվեցիք, որ շեյխը «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի ձեռքից հողերը խլի… -Շեյխե՞րը… հաջողություն Ձեզ: