Չի բացառվում, որ իշխանությունները դրժեն 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու մասին իրենց խոստումն ու վիժեցնեն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի այդ նախաձեռնությունը: Համենայնդեպս, նման տպավորություն էր ստեղծվել ԱԺ երեկվա նիստից, որտեղ քննարկվեց ՀԱԿ հեղինակած այդ նախագիծը:
ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը քննարկվեց կիսադատարկ դահլիճում. 131 պատգամավորներից ներկա էր 31-ը: Ընդ որում, եթե «Ժառանգություն» խմբակցությունից գոնե 1 հոգի կար, ապա ՕԵԿ ողջ խմբակցությունն այդ հարցի քննարկման ժամանակ բացակայում էր նիստից:
Նախագծի հեղինակներից ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գ.Ջհանգիրյանը ներկայացրեց ԱԺ-ում նման հանձնաժողով ստեղծելու հիմնավորումները` շեշտելով, որ հանձնաժողովը եթե ցանկանում է արդյունքի հասնել, ապա պետք է ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական մոտեցում ցուցաբերի: «Մարտի 1-ին կատարված սպանություններից, հասցված հարյուրավոր մարմնական վնասվածքներից անցել է 5 տարի, այդ հանցագործություններից ոչ մեկը բացահայտված չէ: Դատի են տրվել 83-ից ավելի քաղաքացիներ, բայց այդ անձինք չեն մեղադրվել ու չեն դատապարտվել ո՛չ սպանությունների, ո՛չ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Կատարված հանցագործությունների մեծամասնությունը բացահայտված չէ: Հասկանալի է, որ իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցների, զինծառայողների աչքի առաջ օպերատիվ մարմինների հսկողության տակ կատարված տասնյակ սպանությունները հնարավոր չէ չբացահայտել»,-հայտարարեց Ջհանգիրյանը` հավելելով, որ հարուցված քրգործերի վարույթները կարճված չեն, բայց ակտիվ նախաձեռնողական քննություն չի կատարվում: Բացի այդ, ըստ նրա, իրավապահ մարմիններին Ս.Սարգսյանի հանձնարարականներից 1.5 տարի է անցել, բայց բացահայտման գործում տեղաշարժ արձանագրված չէ, իսկ 4 ենթասպաներին առաջադրված մեղադրանքը կարճվել է:
Ուշագրավն այն է, որ ՀՀԿ պատգամավորներից շատերը երեկ դեմ էին արտահայտվում այս նախագծի ընդունմանը: Ընդ որում, իրենց ելույթներում նախագիծը քննադատում, Քրեական ու Քրեական դատավարության օրենսգրքերից մեջբերումներ էին անում պատգամավորներ, որոնք ոչ իրավաբանական կրթություն ունեն, ո՛չ էլ որեւէ առնչություն իրավագիտության հետ: Այդպես օրինակ, նախագծին դեմ արտահայտվեցին Սուքիաս Ավետիսյանը, Տաճատ Վարդապետյանը, Արտակ Զաքարյանն ու Մարգարիտ Եսայանը: Տեսակետ կա, որ իշխանություններն այսպես հող են նախապատրաստում ընդդիմության նախագիծը վիժեցնելու եւ տապալելու համար: Ու սա այն դեպքում, երբ նույն իշխանությունները դեռ նախորդ տարվա դեկտեմբերին խոստացել էին` իրենք կողմ կլինեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, բայց` նախագահական ընտրություններից հետո, որպեսզի հարցը չդառնա քաղաքական շահարկումների առիթ: Ավելին, ԱԺ նիստում էլ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ.Զուրաբյանը հավաստիացումներ էր պահանջել ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանից, եւ խորհրդարանի ղեկավարն անձամբ խոստացել էր. «Նախագահական ընտրություններից հետո քաղաքական մեծամասնությունը կկատարի իր խոստումն ու կողմ կքվեարկի հանձնաժողովի ստեղծման նախագծին»: Նույն խոստումը Աբրահամյանը տվեց նաեւ երեկ: Այնինչ երեկ ՀՀԿ-ականներից շատերը տրամագծորեն հակառակ տեսակետն էին հայտնում` փորձելով ԱԺ նախագահին դեմ դուրս գալ ու անհարմար դրության մեջ դնել նրան:
Կա նաեւ մեկ այլ տեսակետ, ըստ որի` իշխանությունները փորձում են իրենց թանկացնել` ցույց տալով, թե իբր մեծ դժվարությամբ են համաձայնել ընդդիմության որոշմանը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին հարցրինք` արդյոք ՀՀԿ-ականների պահվածքից կարելի է ենթադրել, որ չեն ենթարկվում կուսակցական որոշմանը: «Ո՛չ, չի կարելի»,-ասաց նա` հավելելով, որ եթե իրենք առաջարկներ ունեն որոշման նախագծի վերաբերյալ, եւ եթե հեղինակները չընդունեն դա, ապա դեմ կքվեարկեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշմանը: Իշխանական պատգամավորների հայտարարություններին բավական կոշտ հակադարձեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ անթույլատրելի է տառակերությամբ զբաղվելը: Նա նաեւ իշխանություններին կոչ արեց չահաբեկվել մարտի 1-ի հարցով քաղաքական քննարկումներից: «Ես, ցավոք, Նոստրադամուսը չեմ՝ ի տարբերություն այստեղ գտնվող 999 պրոբի բազմաթիվ նոստրադամուսների, ովքեր հայտարարել էին, թե հանձնաժողովից սպասելիքներ պետք է չունենալ. պետք է հնարավորություն տալ, որպեսզի ԱԺ-ն օպերատիվ արձագանքի դրան»: Ըստ Զոհրաբյանի` ԱԺ-ում եղած նախորդ ժամանակավոր հանձնաժողովը եզրակացության մեջ ամրագրել է, որ իրենց չհաջողվեց հիմնավոր պատասխան տալ տասը զոհերի մահվան հանգամանքների մասին, ուստի` հարկավոր է հիմա նոր հանձնաժողով ձեւավորել:
Հ.Գ. ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը Ջհանգիրյանից խնդրեց մի փոքր զիջումների գնալ ու ընդունել իշխանական թեւի առաջարկները: Ջհանգիրյանն իր երկրորդ ելույթում ասաց, որ շատ առաջարկների իրենք համաձայնել են, մյուսներն էլ կքննարկեն:
ՀՀԿ-Ն ԱՐԳԱՄԻՉԻՆ ԴՆՈՒՄ Է ԱՆՀԱՐՄԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ