ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ Է
Ապրիլի 5-ին վթարի ենթարկված նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը կարգավորվում է: «Դրական առաջընթաց է նկատվում, թեեւ նա առայժմ միացված է արհեստական շնչառության ապարատին: Զոհրաբ Զոհրաբյանը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի այլ բաժանմունք, երբ արհեստական շնչառության ապարատից անջատեն, իսկ թե դա երբ կլինի, կախված է միայն նրա առողջական վիճակից,-NEWS.am-ին հայտնել է «Արմենիա» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը:
ՏԱՐՈՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԳՆԵԼ
«Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ ահազանգել է Երեւանի տարբեր վարչական շրջաններում արդեն իսկ բաժանվող ընտրակաշառքի մասին. «Դա վկայում է, որ ոչ թե ժողովուրդը կգնահատի Տարոն Մարգարյանի աշխատանքն այս 4 տարվա ընթացքում, այլ գործող քաղաքապետի կողմից կրկին փորձ է արվում գնել Երեւանը: Արդեն ահազանգեր կան, որ քաղաքացիների՝ տարիների կուտակված գույքահարկերի մասնակի զեղչեր են կատարվում, ինչն ընտրական կաշառք է»:
ԱՋԱԿՑԵԼ ԵՆ
«Վերջին 5-6 տարիների ընթացքում «Արմավիա»-ին տրամադրվել են մեծ զեղչեր, այնպես որ «Արմավիա»-ն, ի տարբերություն այլ ավիաընկերությունների, շատ առավելություններ է ունեցել»,-երեկ հայտարարել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն` անդրադառնալով նախօրեին Մ. Բաղդասարովի հնչեցրած այն դժգոհությանը, թե կառավարության կողմից համապատասխան աջակցություն չի եղել «Արմավիա»-ին:
ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
«Առավոտ»-ի հետ զրույցում ՍԴՀԿ (իշխանական) ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը հաստատել է այն տեղեկությունները, որ երեկվանից անհետացել է ՍԴՀԿ ԿՎ անդամ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, լիբանանաբնակ Եղիա Ջերջյանը: Նա տեղեկացրել է, որ կապի մեջ են ՍԴՀԿ լիբանանյան կառույցի հետ եւ տեղյակ են, որ հարցով զբաղվում են Լիբանանի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները:
Ի՞ՆՉԸ ՔՆՆԱՐԿԵԻՆ
Երեկ՝ երեկոյան, ՀՀԿ-ն գումարել է գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում, ըստ Էդուարդ Շարմազանովի, քննարկվել են ներկուսակցական ու Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր: «Մեկ անգամ եւս վերահաստատել ենք, որ ընտրությունները պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ու նաեւ մենք պետք է ավելի համախմբված աշխատենք, որպեսզի մեր թեկնածուն երեւանցիների վստահության քվեին արժանանա»,-ասել է Շարմազանովը` հավաստիացնելով, որ նիստի ընթացքում կադրային հարցեր չեն քննարկվել՝ ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ կառավարության անդամների:
ԿԳԱ ԷԼ, ԿԳՆԱ ԷԼ
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա մեկնելու որոշմանը՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Ես այսօր կատակով ասել էի՝ փպՐպջ ԾՏրՍՉՈ ԹՈՔՌվչՑՏվ, իսկ եթե ավելի լուրջ, ապա՝ կգա-կգնա. նա քաղաքական գործիչ է, եւ պետք չէ զարմանալ, որ նրանք գնում են այս կամ այն երկրի մայրաքաղաք»:
ՎԵՐՋԱՊԵՍ
ՀՀ կառավարությունը երեկ 300 միլիոն դրամ է հատկացրել Գյումրու եւ Վանաձորի ճանապարհների բարեկարգման համար: