Ինչու են լռում ուժային կառույցները. մարդկանց մոտ անորոշություն է տիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ` կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալված առանձնատանը:

Արդեն հայտնել էինք, որ Մարաշում այդ տարածքն ուժեղ հսկողության տակ է գտնվում, իսկ բնակիչներն էլ գիշերը պայթյունի ձայներ են լսել:

Անորոշություն է տիրում ոչ միայն Մարաշում, այլև` ողջ հանրապետությունում: Armlur.am-ը զանգեր է ստանում հանրապետության տարբեր վայրերից, բոլորը ցանկանում են տեղեկանալ, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Իսկապես մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն` ինչ է կատարվում, և ինչ է պետք անել. այդ ամենի մասին ցանկանում են իմանալ լրատվամիջոցների միջոցով: Սակայն ԱԱԾ-ի` վերը նշված պաշտոնական հաղորդագրությունից բացի` այլ ինֆորմացիա չի տրամադրվում:

Երբ Մարաշում ներկա  ոստիկաններին ասում ենք, որ խուճապ է, նրանք խորհուրդ են տալիս հետևել կարգ ու կանոնին, ավելորդ կադրեր չնկարել և այլ ինֆորմացիա չեն տրամադրում` աշխատելով «հույժ գաղտնի»: Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից ասում են, որ իրենք իրավասու չեն որևէ բան ասել, իսկ ԱԱԾ-ն, ինչպես հայտնի է, պաշտոնական հաղորդագրութունից բացի` ոչինչ չի տրրամադրում:

Մարաշի նշված տունը նկարահանել ևս չի թույլատրվում: Հասկանալի է, որ հնարավոր վտանգից խուսափելու համար ամեն ինֆորմացիա չէ, որ պետք է հրապարակել, սակայն հարց է առաջանում` ինչպես պետք է մարդկանց միջից խուճապային իրավիճակը հանել: Երևի թե ճիշտ կլիներ, եթե ուժային կառույցները գոնե լրատվամիջոցների օգնությամբ իրավիճակը վերահսկելու համար ինչ-ինչ ինֆորմացիաներ հրապարակեին:

Հավելենք նաև, որ Նորք-Մարաշի հիվանդանոց տանող ճանապարհը ևս փակ է, և այնտեղ մեկնողները պետք է ավելի երկար ճանապարհ անցնեն: Նշենք նաև, որ Մարաշում այսպիսի իրավիճակ է տիրում առավոտյան ժամը 5-ից. հենց այդ ժամին է տեղի ունեցել վնասազերծումը:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս