Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը, հայտարարել է, որ ինքնաթիռի խոցման ժամանակ թուրք զինծառայողները չեն իմացել, որ այն ռուսական է. փոխանցում է РИА Новости-ն:
Թուրքական իշխանությունները տեղեկացել են, որ այն պատկանում է ռուսական ավիախմբին միայն ՌԴ ՊՆ կողմից հաստատումից հետո: Այս մասին Էրդողանը հայտարարել է Ստամբուլում իսլամական միջազգային տնտեսական կոնգրեսի շրջանակներում:
«Այն, որ ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանին, հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ այդ մասին հայտարարել են ռուսական իշխանությունները»,-ասել է Էրդողանը:
«Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության, երկխոսության, դիվանագիտական կարգավորման համար: Սակայն թող ոչ ոք չակնկալի, որ մենք խուլ և համր կմնանք մեր օդային տարածքը, մեր սահմանները և մեր սուվերենությունը խախտելու հանդեպ: Մենք մտադիր չենք սրել իրավիճակը, մենք միայն պաշտպանում ենք մեր անվտանգությունն ու մեր թուրքմեն եղբայրների իրավունքները»,-հավելել է Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան համարում է, որ ռուսական Սու-24-ը խոցվել է թուրքական օդային տարածքում և կործանվել սիրիական տարածքում:
Նախօրեին Թուրքիայի նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, հաստատել էր, որ թուրք զինծառայողներն են կործանել ռուսական Սու-24 ինքնաթիռը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան