ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍԱՀՄԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շատ են ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներին առնչվող քրեական գործերը: Դրանք վերաբերում են զինվորական ծառայության կանոնագրքի դրույթների խախտման արդյունքում առաջացած հետեւանքներին:
Ահավասիկ դրանցից մեկը: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Հովհաննես Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող, 2012թ. դեկտեմբերի 15-ից 24-ը ներառյալ գտնվելով արձակուրդի մեջ եւ պարտավոր լինելով 2012թ. դեկտեմբերի 25-ին ներկայանալ զորամաս, առանց հարգելի պատճառների չի ներկայացել եւ միայն 19 օր անց ինքնակամ եկել է զորամաս: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հ. Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): Սույն հոդվածը նախատեսում է կալանք` առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելը` առավելագույնը 2 տարի ժամկետով: Այս գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում կայացավ ապրիլի 11-ին:
Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի պայմաններում զբաղվածության այլընտրանքային միջոց է պայմանագրային զինծառայությունը: Սակայն պայմանագրային զինծառայողներն իրենց վտանգավոր գործի, հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ սահման պահելու համար ցածր աշխատավարձ են ստանում` ամսական միջինը 130 հազար դրամ: Վերջին շրջանում պայմանագրային շատ զինծառայողներ խզում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած պայմանագրերը: Հիմնական պատճառն այն է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախկինում ամսվա կեսը` 15 օր, հսկում էին Ադրբեջանի հետ սահմանը, մնացած 15 օրը զբաղվում իրենց ընտանիքների տնտեսական հոգսերով, գյուղատնտեսական աշխատանքներով: Այժմ նրանք պարտավոր են սահմանը հսկելուց ազատ ժամանակ եւս ներկայանալ զորամաս: Դրա համար սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ թողնում են պայմանագրային զինվորական ծառայությունը: Նրանց փոխարեն պայմանագրային զինվորական ծառայության են անցնում Հայաստանի ոչ սահմանամերձ մարզերի բնակիչները, որոնց համար զինվորական ծառայությունը շատ դեպքերում ֆինանսական դժվարին վիճակից, հայաստանյան բանկերին ունեցած վարկային պարտավորություններից դուրս գալու թերեւս միակ միջոցն է: Արդյունքում՝ պայմանագրային զինծառայության են անցնում սահմանամերձ տեղանքին ոչ ծանոթ, հաճախ կյանքում անհաջողությունների, պարտքերի մեջ հայտնված, ընտանեկան կյանքի տարաբնույթ խնդիրներ ունեցող անձինք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս