Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դռանն էլ վերջին շրջանում հաճախ է «չոքում անհանգստության ուղտը»: Հանրապետական գեներալ-մայորը մինչեւ 2 տարի առաջ աշխատում էր հանգիստ ու անվրդով, սակայն այն բանից հետո, երբ գեներալ Մանվելի հարաբերությունները վերստին ջերմացան իշխանությունների հետ, եւ նա կրկին դարձավ Սերժ Սարգսյանի շրջապատի ընդունելի մարդկանցից մեկը, մարզպետի գլխին դամոկլյան սրի նման կախվեց պաշտոնանկության տագնապը:
Բանն այն է, որ գեներալն Մանվելն ամեն կերպ կամենում է մարզն առնել իր տիրապետության տակ: Որոշ ժամանակ առաջ անգամ որոշված էր Ղահրամանյանի պաշտոնանկության օրը, կառավարությունում պատրաստել էին համապատասխան որոշումը, բայց հետո ՀՀԿ նախագահն այցելեց մարզ, ու նորից Ղահրամանյանը վերադարձավ իր հանգիստ ընթացքին:
Աշոտ Ղահրամանյանը մարզպետական աթոռին փոխարինեց Ալբերտ Հերոյանին, որի հիմնական գործունեությունը մարզի գյուղատնտեսական հողերն իր ու ազդեցիկ շրջանակների միջեւ բաժանելն էր: Շատերն էին ծիծաղում ու փռթկացնում` լսելով Հերոյանի ելույթները, ուստի նրա ֆոնին առանձնացավ Ղահրամանյանը. առավել կիրթ ու գրագետ եւ չնայած ոստիկան լինելուն` մոտ արվեստին ու գրականությանը:
Իր մարզպետական գործունեության ընթացքում Ղահրամանյանը պաշտոնապես 2010-ին ունեցել է ընդամենը 3 մլն 966 հազար դրամի եկամուտ: Իսկ 2011-ին նրա եկամուտը մի փոքր ավելացել է՝ դառնալով 4 մլն 440 հազար դրամ, որից 2 մլն 760 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 մլն 680 հազարը՝ կենսաթոշակը: Իսկ ահա անձնական հաշվեհամարին ունեցել է 12 մլն 700 հազար դրամ, որը տարեվերջին ավելացրել է՝ հասցնելով 15 մլն 628 հազար դրամի: Մարզպետի կինը՝ Արփիկ Ղահրամանյանը, եւս ունեւոր է: Թեեւ նրա միակ եկամուտը 2011-ին 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձն է, սակայն տարվա սկզբին արդեն ուներ 17 մլն 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 18 մլն 700 հազար:
ՀՀԿ-ի կրծքանշանը «սխալ»՝ աջ հատվածում փակցնող Ղահրամանյանի մասին դեռեւս անցած տարի թերթերը գրեցին, որ հոկտեմբերի 1-ին մարզպետը, հաշվի չառնելով, որ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում դեռ քննվում է 26.09.2012թ. Արմավիրի «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրում ծեծկռտուքի գործը, որին անմիջական մասնակցություն էր ունեցել ռեստորանային համալիրի սեփականատեր Միսակ Տեր-Պողոսյանը, նրան դարձրեց ՀՀԿ անդամ եւ նշանակեց Արմավիր քաղաքի կուսակցական գծով պատասխանատուի տեղակալ՝ այդպիսով ապահովագրելով նրան: Հիշեցնենք, որ նշված ծեծկռտուքը եղել էր «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի սեփականատեր Միսակ Տեր-Պողոսյանի եւ 2011թ. մարտի 20-ին Արմավիրի քաղաքապետի թեկնածուի` 6250 քվեի արժանացած Սեւակ Մինասյանի միջեւ:
Մեր լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ Միսակ Տեր-Պողոսյանին պատկանող «Միլաքս գրուպ» ՍՊԸ-ին են պատկանում Արմավիրի մարզի բոլոր «մրցութային» մենաշնորհները: Հիշեցնենք, որ կառավարությունում ՀՀ նախագահի հրավիրած նիստի ժամանակ շատ խիստ զգուշացվեցին այն կառույցների ղեկավարները, որոնք մրցույթը վերածել էին ընկեր-բարեկամ մենաշնորհային նվիրատվությունների: Փաստորեն, դա Արմավիրի մարզպետին չէր վերաբերվում:
Չնայած մարզպետի ոստիկանական անցյալին՝ նրան մշտապես հետապնդում են քրեական պատմությունները: Մասնավորապես այս տարվա փետրվարի 27-ին վիճաբանություն տեղի ունեցավ Աշոտ Ղահրամանյանի օգնական Նվեր Պետրոսյանի եւ Արմավիրի քաղաքապետ Շախտի Ռուբո մականվամբ Ռուբեն Խլղաթյանի եղբոր որդիների միջեւ: ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանի հանձնարարությամբ` ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստված նյութերը առանձնապես լուրջ հետեւանքներ չունեցան, քանի որ երկու կողմերն էլ իշխանության կամակատարների հովանավորության տակ էին:
Արմավիրի մարզպետի կյանքի ամենատարբեր դրվագների մասին «Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է: Առայժմ բավարարվենք այսքանով:
Հ.Գ. Տարիներ առաջ, երբ ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտեց, թե քանի միլիոն դրամի չարաշահումներ ու յուրացումներ է արել Արմավիրի մարզպետը, անմիջապես դրվեց նրա հրաժարականի հարցը: Այդ օրերին նրան «փրկեց» ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Իսկ այսօր նա այլ տանիք ունի նույն նախագահականում, քանի որ Կարապետյանը հրաժարվեց պաշտոնից եւ հաճախ Հայաստանում չի լինում:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ «ԿՈՐԱԳԾԵՐԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ