«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ նկարահանած «Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմը մեծ արձագանք գտավ դիտողների շրջանում, այն հետաքրքրեց նաեւ մեզ: Իսկ թե ինչպես նկարահանվեց վավերագրական այս ֆիլմը, ու ինչպիսին է սիրիահայերի վիճակը,  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց ֆիլմի հեղինակը:
Հիշեցնենք, որ Արմանն Արցախյան ազատամարտին նվիրված «Կյանքի նյարդը» գրքի հեղինակն է, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերի, ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա է: Պարգեւատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով, անձնական զենքով:
-Ֆիլմը ստեղծելու գաղափարն առաջացավ այն բանից հետո, երբ մեր ռուսաստանյան գործընկերները, քննարկելով պատերազմական թեման, ռեպորտաժ էին պատրաստել Հալեպից, սակայն այնտեղ ապրող հայերի ու եկեղեցիների մասին ոչ մի խոսք չկար: Երբ հարց տվեցի նրանց, թե ողջամիտ չէ արդյոք հիշատակել նաեւ այնտեղ ապրող հայերի, եկեղեցիների վիճակի մասին, ասացին, որ իրենք պատրաստ են, եթե մենք տրամադրենք մեր սեփական նյութերը: Ես զանգեցի հեռուստաընկերություններ, ու պարզվեց, որ մեր հեռուստաընկերությունները մարտական ակտիվ գործողություններից ի վեր, այսինքն՝ հոկտեմբերից, այնտեղ չեն եղել:
Հասկացանք, որ պետք է մենք իրագործենք այդ ամենը: Դիմեցինք ՀՀ արտաքին գործերի նախարարություն, մեզ տեղեկացրին, որ նման նախագծեր եղել են որոշ հեռուստաընկերությունների մոտ, բայց մարտական գործողությունները սկսելուց հետո ամեն ինչ սառեցվել է: Մեզ էլ ասացին, որ անվտանգության երաշխիքներ տալ չեն կարող, այնտեղ հասնելու խնդիր կար ու էլի շատ այլ հարցեր: Որոշեցինք, որ ես միայնակ կգնամ: Հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբայրը-Ե.Ռ.)  աջակցությամբ ես հայտնվեցի այն ինքնաթիռում, որն օգնություն էր տանում Սիրիա «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության հանգանակությամբ: Իսկ տեղում ինձ մեծ օգնություն ցուցաբերեցին Սիրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, Հալեպում ՀՀ հյուպատոսարանի աշխատակիցները, ինչպես նաեւ սիրիահայության շտապօգնության մարմնի ղեկավարությունը:
-Մեկնելիս սեփական անվտանգության մասին չէի՞ք անհանգստանում:
-Ինձ համար նորություն չէր մարտական գործողությունների իրավիճակում, շփման գծում հայտնվելը, ինչպես նաեւ նման իրավիճակներում նկարահանումներ ու տեղեկատվական աշխատանքներ կատարելը: Ես այս հարցում փորձ ունեմ, չնայած շատ անգամ փորձն էլ չի կարող քեզ փրկել: Դու երբեք չես կարող գուշակել, թե հրթիռը որտեղ կընկնի, երբ են սկսվում ու երբ ավարտվում մարտական գործողությունները:
-Փաստորեն, Դուք այնտեղ նաեւ որպես օպերատոր եք հանդես եկել:
-Փոքր տեսախցիկ էի վերցրել, որպեսզի հնարավորություն ունենայի առանց օպերատորի աշխատելու: Այնտեղ նաեւ Նոր գյուղի ակումբի տղաները, համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությամբ կարողացան կազմակերպել այդ բոլոր գործողությունները, հանդիպումները:
-Ի՞նչ խնդիրների առաջ կանգնեցիք:
-Սիրիայում, վիզայից բացի, առանձին թույլտվություն էր պետք նկարահանումներն իրականացնելու համար, իսկ որպեսզի դա ունենաս, պետք է կցված լինես որեւէ պաշտոնական կառույցի, օրինակ՝ բանակին, իրենց հետ շրջես ու նկարես: Մենք այնտեղ հանդիպում ունեցանք բարձրաստիճան մի զինվորականի հետ, բացատրեցի, որ խնդիր չունեմ կոնֆլիկտը լուսաբանելու, որովհետեւ ինձ քիչ է հետաքրքրում զինված ուժերի գործունեությունը: Ես ավելի շատ գնացել էի լուսաբանելու մեր հայկական թաղամասերին ու համայնքին վերաբերող հարցերը:
-Ֆիլմում երեւում է, որ հանդիպել եք սիրիահայերին, ինչպիսի՞ն էր նրանց վիճակն այդ պահին:  
-Դե պատկերացրե՛ք, երկար ժամանակ ապահով երկրում նորմալ սոցիալական կարգավիճակ ունենալուց հետո պատերազմ է սկսվում: Հասկանալի է, որ առաջանում են մի շարք հոգեբանական խնդիրներ` չհաշված ենթակառուցվածքային, սննդային, ջրային եւ այլն:
Ես զրույց ունեցա նաեւ դպրոցներից մեկի երեխաների հետ: Նոր գյուղում իրենք ունեցել են շատ մեծ բակով, խաղահրապարակով, մարզադահլիճներով դպրոց ու հանկարծ հայտնվել են մի փոքրիկ շենքում: Պարզ է, որ այն ամենից հետո, ինչ իրենք ունեցել են, սա իրենց համար սթրես է: Ես էլ նրանց պատմեցի, որ սա ամենավատ տարբերակը չէ, քանի որ իրենք ունեն հոսանք, օդափոխիչ, ուսուցիչ, իսկ իրենց հասակակիցները 1992-1993թթ. արցախյան ռմբակոծությունների ժամանակ իջնում էին դպրոցի նկուղ ու այնտեղ անտանելի պայմաններում դաս անում: Ես նրանց ասացի, որ իրենց հասակակիցների համեմատ ու այն ամենի, ինչ տեսել է Արցախը, իրենց պայմանները կարելի է ճոխություն համարել: Նրանք, բնականաբար, չգիտեին դրա  մասին:
-Ի՞նչ եղավ Ձեր վերադարձից հետո:
-Ես կապվեցի ռուսաստանյան իմ գործընկերների հետ, եւ իրենք ուղարկեցին նկարահանող խումբ: Մենք միասին գտանք այն մարդկանց, ում իրենք ուզում էին տեսնել՝ սիրիահայ ընտանիքներին, երեխաներին, ես տրամադրեցի նաեւ իմ ֆիլմի նյութերն ու համատեղ ուժերով բավական լավ ռեպորտաժ պատրաստվեց, որը եւ ցուցադրվեց «Вести недели»-ով:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս