Որքան էլ զարմանալի է, «Մոսկվա» կինոթատրոնի՝ մեծ աղմուկի պատճառով չքանդված ամառային կինոդահլիճն այսօր չի ծառայում նպատակին:
Երեւի արվեստի, հատկապես կինոյի սիրահարները լավ կհիշեն, որ երեք տարի առաջ ցանկանում էին քանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը եւ դրա տեղում քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցել: Այդ նախաձեռնությանը դեմ էին երիտասարդական կազմակերպություններ, անհատներ, իսկ վաթսունից ավելի մտավորականներ նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Գարեգին Բ կաթողիկոսին՝ հույս հայտնելով, որ Մայր Աթոռը եւ կառավարությունը կհրաժարվեն այդ նախաձեռնությունից` «ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի»: Ըստ նրանց՝ ճարտարապետներ Սպարտակ Կնդեղցյանի եւ Թելման Գեւորգյանի հեղինակած շինությունը Երեւանի «սակավաթիվ կառույցներից է, որն ունի բարձրարժեք ճարտարապետական լուծումներ ու լավագույնս ներգծված է մեր քաղաքին»: Վարչապետին նամակով դիմել էր նաեւ Հայաստանի ճարտարապետների միությունը, որի նախագահ Մկրտիչ Մինասյանը տարակուսանք էր հայտնել, թե ինչպես կարող էր կառավարությունը նման որոշում ընդունել՝ առանց հասարակական քննարկումների ու մասնագետների հետ խորհրդակցելու: Իսկ ճարտարապետ Լեւոն Վարդանյանի համոզմամբ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը «հետթամանյանական շրջանում ժամանակակից ճարտարապետության ասպարեզում ամենափայլուն օրինակն է»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2010թ. փետրվարի 25-ին որոշում էր ընդունել Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար։
Ի վերջո, ամառային դահլիճի տեղում այլ շինություն չկառուցվեց, սակայն այն հիմա էլ իր նպատակին չի ծառայում: «Ժողովուրդ»-ը պարզաբանման համար դիմեց «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանին: Վերջինս հավաստեց, որ ամառային կինոդահլիճում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի որոշ կինոնկարներ արդեն կցուցադրվեն այդ դահլիճում: Իսկ մեր այն հարցին, թե ամառային կինոդահլիճն ընդգրկված է պահպանության ենթակա հուշարձանների ցանկում, տնօրենը պատասխանեց, որ «Մոսկվա» կինոթատրոնը, այդ թվում` կինոդահլիճը, այդ ցուցակում է:
ՍՊԱՍԵՆՔ ՄԻՆՉԵՎ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ