Երևանի ավագանու` նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել «Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ անվանափոխելու մասին որոշման նախագիծը:
Ներկայացնելով որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնավորապես նշել է, որ «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամը, որը հանդիսանում է Ծովակալ Իսակովի պողոտայի 27/10 հասցեում կառուցված նոր մարզադպրոցի շինարարության պատվիրատուն, սույն խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետին՝ հատկանշելով, որ գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան իր անմիջական ակտիվ մասնակցությունն է ունեցել գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում:
Բացի այդ, որոշման նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել նաև այն հանգամանքը, որ Իրինա Ռոդնինան իր պատրաստակամությունն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո գործուն աջակցություն ցուցաբերել հայկական գեղասահքի զարգացման գործում:
Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ներկայացված որոշման նախագծին: